settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում հավատացյալ մոր մասին։

Պատասխան


Մայր լինելը շատ կարևոր առաքելություն է, որը Տերը որոշում է տալ բազմաթիվ կանանց։ Հավատացյալ մորը պատվիրված է սիրել իր զավակներին (Տիտոս 2:4-5), մասամբ նաև այն բանի համար, որպեսզի բարձր պահի իր Տիրոջ ու Փրկչի անունը, որ կանչված է իր վրա։

Երեխաները պարգև են Աստծուց (Սաղմոս 127․3-5)։ Տիտոս 2․4 խոսքում հունարեն ֆիլոտեկնոս բառն օգտագործվում է իրենց երեխաներին սիրող մայրերին բնութագրելու համար։ Այս բառը «մայրական սիրո» մի հատուկ տեսակ է ներկայացնում։ Այն կրում է երեխաների հանդեպ հոգատարության, նրանց խնամելու, խիստ կապվածության, նրանց կարիքները հոգալու և յուրաքանչյուրի հետ այնպիսի ընկերական կապի հաստատման գաղափարները, ասես նրանք Աստծո ձեռքով փոխանցված պարգևներ լինեն։

Աստծո Խոսքի մեջ մի քանի պատվերներ կան ուղղված հավատացյալ մայրերին՝

Հասանելիություն՝ առավոտյան, ցերեկը, գիշերը (Բ Օրինաց 6․6-7)։

Ներգրավվածություն՝ շփվել, քննարկել, խորհել և միասին ապրել կյանքը (Եփեսացիս 6․4)։

Ուսուցանել՝ Աստվածաշունչն ու աստվածաշնչյան աշխարհայացքը (Սաղմոս 78․5-6, Բ Օրինաց 4․10, Եփեսացիս 6․4)։

Մարզել՝ օգնել երեխային զարգացնելու որոշակի հմտություններ և բացահայտելու իր ուժեղ կողմերն (Առակաց 22․6) ու հոգևոր պարգևները (Հռոմեացիս 12․3-8 և Ա Կորնթացիս 12)։

Դաստիարակել՝ սովորեցնել Աստծո երկյուղը և մշտապես, սիրով ու հաստատակամորեն ցույց տալ արարքների ճիշտ և սխալ լինելը (Եփեսացիս 6․4, Եբրայեցիս 12․5-11, Առակաց 13․24, 19․18, 22․15, 23․13-14, 29․15-17)։

Աճեցնել՝ մշտական բանավոր աջակցության միջավայրի ապահովում, սխալվելու ազատություն, ընդունված լինել, կապվածություն, անպայմանական սեր (Տիտոս 2․4, Բ Տիմոթեոս 1․7, Եփեսացիս 4․29-32, 5․1-2, Գաղատացիս 5․22, Ա Պետրոս 3․8-9)։

Անկեղծության օրինակ լինել՝ ապրել այն, ինչ ասում եք, լինել օրինակ, որից երեխան կսովորի աստվածապաշտ կյանքի էությունը (Բ Օրինաց 4․9,15,23, Առակաց 10․9, 11․3, Սաղմոս 37․18,37)։

Աստվածաշունչը երբեք չի պնդում, թե յուրաքանչյուր կին պետք է մայրանա։ Սակայն ասում է, որ այն կանայք, որոնց Աստված օրհնում է՝ նրանց երեխաներ պարգևելով, պետք է իրենց պարտականություններին լրջորեն վերաբերվեն։ Մայրերը առանձնահատուկ և կարևոր դեր ունեն իրենց երեխաների կյանքում։ Մայրությունը հոգս կամ տհաճ պարտականություն չէ։ Ճիշտ ինչպես մայրը կրում է երեխային հղիության ժամանակ և ինչպես կերակրում ու խնամում է նորածնին, այնպես էլ մայրերը կարևոր դերակատարում ունեն իրենց երեխաների կյանքում՝ լինեն նրանք մանկահասակ, պատանի, երիտասարդ կամ անգամ մեծ տարիքում, երբ արդեն սեփական երեխաներն ունեն։ Թեև մայրության դերը պետք է երեխաների մեծանալուն զուգահեռ փոխվի ու զարգանա, սակայն մոր տված սերը, հոգատարությունը, խնամքն ու քաջալերանքը երբեք չպետք է դադարեն։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում հավատացյալ մոր մասին։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries