Հարց
Ի՞նչ է քրիստոնեությունը և ինչին են հավատում քրիստոնյաները:
Պատասխան
Քրիստոնեության հիմնական հավատալիքները ամփոփ ներկայացված են Ա Կորնթացիս 15․1-4 հատվածում՝ Հիսուս մահացավ մեր մեղքերի համար, թաղվեց, հարություն առավ և դրանով փրկություն է առաջարկում յուրաքանչյուրին, ով հավատով կընդունի Իրեն։ Ի տարբերություն մյուս բոլոր կրոնների, քրիստոնեությունն ավելի շատ հարաբերության մասին է, քան կրոնական գործունեության։ «Սա կարելի է, իսկ դա չի կարելի» տեսակի թվարկումների ցուցակին հետևելու փոխարեն քրիստոնեությունը մարդու մեջ զարգացնում է Աստծո հետ մտերիմ ընթացքի հարաբերությունը։ Նման հարաբերությունը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի կատարած գործի և Սուրբ Հոգու ծառայության շնորհիվ։
Այս երեք հիմնական դրույթների հանդեպ հավատից բացի, կան նաև շատ այլ պնդումներ, որոնց հանդեպ հավատը բնութագրում է քրիստոնեությունը և դրա հավատալիքները։ Քրիստոնյաները հավատում են, որ Աստվածաշունչը ներշնչված գիրք է՝ «Աստծո շնչով գրված» Աստծո Խոսք, և որ դրանում տեղ գտած ուսուցումները բացարձակ հեղինակություն են հավատի և ապրելակերպի բոլոր տեսակի դրսևորումների առումով (Բ Տիմոթեոս 3․16, Բ Պետրոս 1․20-21)։ Քրիստոնյաները հավատում են մեկ Աստծո, Ով գոյություն ունի երեք անձերի մեջ՝ Հայրը, Որդին (Հիսուս Քրիստոս) և Սուրբ Հոգին։
Քրիստոնյաները հավատում են, որ մարդկությունն արարվել է Աստծո հետ հարաբերություն ունենալւ հատուկ նպատակով, սակայն մեղքը մարդուն բաժանել է Աստծուց (Հռոմեացիս 3․23, 5․12)։ Քրիստոնեությունը սովորեցնում է, որ Հիսուս Քրիստոս ապրել է այս երկրի վրա և եղել ամբողջական Աստված ու ամբողջական մարդ (Փիլիպպեցիս 2․6-11) և մահացել է խաչի վրա։ Քրիստոնյաները հավատում են, որ մահանալուց հետո Նա թաղվեց, հարություն առավ և այժմ ապրում է՝ նստած լինելով Հոր աջ կողմում և բարեխոսելով բոլոր հավատացյալների համար (Եբրայեցիս 7․25)։ Քրիստոնեությունը հայտարարում է, որ Հիսուս Քրիստոսի մահը խաչի վրա բավարար գին էր բոլոր մարդկանց մեղքի պարտքը վճարելու համար և որ հենց դրա շնորհիվ է վերականգնվում Աստծո և մարդու միջև խաթարված հարաբերությունը (Եբրայեցիս 9․11-14, 10․10, Հռոմեացիս 5․8, 6․23)։
Քրիստոնեությունը սովորեցնում է, որ փրկվելու և մահվանից հետո Երկինք գնալու հնարավորությունը ստանալու համար մարդը պետք է ամբողջական հավատ ունենա խաչի վրա Քրիստոսի կատարած գործի հանդեպ։ Եթե մենք հավատանք, որ Քրիստոս մահացավ մեր փոխարեն, վճարեց մեր մեղքերի գինը և մահանալուց հետո հարություն առավ, ապա կփրկվենք։ Չկա մի որևէ բան, որն անելով մենք կարող ենք վաստակել փրկությունը։ Մենք անկարող ենք «բավարար չափով լավը լինել», որպեսզի մեր սեփական ջանքերի գնով հաճեցնենք Աստծուն, քանի որ բոլորս էլ մեղավորներ ենք (Եսայիա 53․6, 64․6-7)։ Չկա որևէ բան, որը պակաս է մնացել, քանի որ Քրիստոս ամբողջական կերպով է արել ամեն բան։ Երբ Հիսուս խաչի վրա էր, Նա ասաց․ «Կատարվե՛ց» (Հովհաննես 19․30), ինչը նշանակում էր, որ փրկագնման գործը դարձավ ավարտուն և ամբողջական։
Ըստ քրիստոնեության, փրկությունը ազատագրումն է հին ու մեղավոր բնույթից և Աստծո հետ նոր հարաբերության մեջ մտնելու ազատությունը։ Եթե մի ժամանակ մենք մեղքի ծառաներ էինք, ապա այժմ Քրիստոսի ծառաներն ենք (Հռոմեացիս 6․15-22)։ Որքան ժամանակ որ հավատացյալներն ապրում են այս երկրի վրա իրենց մեղքի բնույթ ունեցող մարմինների մեջ, նրանք մեղքի դեմ մշտական պայքարի մեջ են լինելու։ Սակայն մեղքի դեմ այդ պայքարի մեջ քրիստոնյաները հաղթական ընթացք են ունենում Աստծո Խոսքի ուսումնասիրության և այն իրենց կյանքում կիրառելու շնորհիվ։ Եվ այդ հաղթական ընթացքը տեղի է ունենում Սուրբ Հոգու առաջնորդության ներքո, ինչը ենթադրում է, որ հավատացյալն իր ամենօրյա իրավիճակների մեջ հանձնվում է Սուրբ Հոգու առաջնորդությանը։
Այսպիսով, մինչ շատ կրոնական համակարգեր անհատից պահանջում են անել այս կամ այն բաները և չանել մյուսները, քրիստոնեությունը կենտրոնանում է որպես մեր մեղքերի վճար Քրիստոսի խաչի վրա մահանալու և մահացածների միջից հարություն առնելու փաստի հանդեպ հավատի վրա։ Մեր մեղքերի պարտքը վճարված է, և մենք կարող ենք վերականգնել մեր հաղորդակցությունն Աստծո հետ։ Մենք կարող ենք մեղքի բնույթի հանդեպ հաղթանակ ունենալ և քայլել Աստծո հանդեպ հնազանդության և Նրա հետ հաղորդակցության ընթացքով։ Սա է աստվածաշնչյան ճշմարիտ քրիստոնեությունը։
English
Ի՞նչ է քրիստոնեությունը և ինչին են հավատում քրիստոնյաները: