settings icon
share icon
Հարց

Պե՞տք է քրիստոնյա հավատացյալները բժշկի այցելեն։

Պատասխան


Որոշ հավատացյալ քրիստոնյաներ կարծում են, թե բժշկական օգնությանը դիմելը խոսում է Աստծո հանդեպ հավատի պակասի մասին։ «Հավատքի խոսք» շարժի մեջ բժշկի ծառայություններից օգտվելը հաճախ դիտվում է որպես հավատի պակաս, ինչը կարող է խոչընդոտ դառնալ Աստծուց բժշկություն ընդունելու ճանապարհին։ Այնպիսի խմբերում, ինչպիսին է Քրիստոնեական գիտությունը, բժիշկներին դիմելը դիտվում է որպես մեզ տրված Աստծո հոգևոր էներգիան օգտագործելու խոչընդոտ։ Նշված տեսակետների տրամաբանությունը խարխլված է։ Եթե Ձեր մեքենայի մեջ անսարքություն է հայտնաբերվում, Դուք սպասում Աստծո գերբնական հրաշքի՞ն, թե՞ տանում եք այն համապատասխան մասնագետի մոտ։ Եթե Ձեր տան սանհանգույցը վթարվում է, Դուք սպասում եք, թե ե՞րբ Աստված այն կվերանորոգի՞, թե՞ մասնագետ եք հրավիրում վթարը վերացնելու համար։ Աստված նույքան ունակ է հրաշքով Ձեր մեքենան վերականգնելու և սանհանգույցը նորոգելու, որքան ունակ է բժշկելու Ձեր մարմինները։ Այն փաստը, որ Աստված կարող է հրաշքներ գործել, չի նշանակում, որ մենք միշտ պետք է հրաշքի սպասենք և չդիմենք այն մարդկանց օգնությանը, ովքեր ունեն համապատասխան ունակություններ ու հմտություններ մեր խնդիրներին լուծում տալու համար։

Աստվածաշնչում շատ է խոսվում բժիշկների մասին։ Այդ բոլոր հատվածներից միայն մեկն է, որ եթե կտրենք համատեքստից, ապա կարելի է օգտագործել, որպես բժիշկների ծառայությունից չօգտվելու հիմնավորում։ Բ Մնացորդաց 16․12 խոսքում կարդում ենք․ «Ասան ոտքերից հիվանդացավ իր թագավորության երեսունիններորդ տարում, և նրա հիվանդությունը ծանրացավ։ Բայց իր հիվանդության ժամանակ չփնտրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց»։ Այստեղ խնդիրն այն չէ, որ Ասան բժիշկներին դիմեց, այլ որ «իր հիվանդության ժամանակ չփնտրեց Տիրոջը»։ Անգամ բժիշկների օգնությանը դիմելիս, մեր հավատը պետք է Աստծուն ուղղենք, այլ ոչ թե բժիշկներին։

Աստվածաշնչում բազմաթիվ հատվածներ կան, որոնք խոսում են բժշկական միջամտության մասին, ինչպես, օրինակ, վիրակապ դնելը (Եսայիա 1․6), յուղը (Հակոբոս 5․14), յուղն ու գինին (Ղուկաս 10․34), տերևները (Եզեկիել 47․12), գինին (Ա Տիմոթեոս 5․23), բալասանը, մասնավորապես՝ «Գաղաադի բալասանը» (Երեմիա 8․22)։ Նաև ավետարաններից մեկի և Գործք Առաքելոց գրքի հեղինակ Ղուկասը Պողոսի կողմից հիշվում է որպես «սիրելի բժիշկ» (Կողոսացիս 4․14)։

Մարկոս 5․25-30 հատվածը խոսում է մի կնոջ մասին, ով երկար տարիներ արյունահոսության խնդիր ուներ, որը բժիշկներն անկարող էին եղել լուծել, թեև այս կինը նրանցից շատերին էր դիմել և իր ողջ ունեցվածքն էր ծախսել այդ նպատակով։ Տեր Հիսուսին մոտենալիս, նա մտածում էր, որ եթե միայն դիպչի Նրա հանդերձի ծայրին, ապա կբժշկվի։ Այս պատմության մեջ կարդում ենք, որ հենց այդպես էլ եղավ։ Տեր Հիսուս, պատասխանելով փարիսեցիների հարցին, թե ինչու է Ինքը մեղավորների հետ ժամանակ անցկացնում, ասաց․ «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9․12)։ Վերը բերված աստվածաշնչյան խոսքերից կարելի է հետևյալ սկզբունքները դուրս բերել՝

1) Բժիշկներն Աստված չեն, և պետք չէ նման տեսանկյունից նրանց նայել։ Նրանք կարող են օգնել մեզ, բայց լինում են պահեր, որ ոչ մի օգուտ էլ չեն կարող մեզ տալ, այլ միայն մեր գումարներն ենք նրանց վրա վատնում։

2) Բժիշկների մոտ գնալն ու «երկրային» միջոցները բժշկական նպատակներով օգտագործելը չի ագելվում Աստվածաշնչում։ Իրականում, բժշկությունն Աստվածաշնչում ներկայացվում է դրական լույսի ներքո։

3) Մենք նախ պետք է խնդրենք Աստծո միջոմտությունը ցանկացած ֆիզիկական խնդրի պարագայում (Հակոբոս 4․2, 5․13)։ Աստված չի խոստացել, որ միշտ պատասխանելու է հենց այն կերպով, որով մենք ենք ակնկալում (Եսայիա 55․8-9), սակայն մենք վստահություն ունենք, որ այն ամենն, ինչ Նա անում է, անում է սիրով և, հետևաբար, մեր օգտի համար (Սաղմոս 145․8-9)։

Այսպիսով, պե՞տք է արդյոք քրիստոնյա հաավատացյալը օգտվի բժշկական ծառայություններից։ Աստված մեզ արարել է որպես բանական էակներ և մեզ տվել է իմաստություն դեղեր պատրաստելու և մեր մարմինները բժշկելու համար։ Ոչ մի սխալ բան չկա, երբ մենք կիրառում ենք այս գիտելիքն ու ունակությունները ֆիզիկական բժշկության համար։ Բժիշկները կարող են ընկալվել որպես մեզ տրված Աստծո պարգև՝ միջոց, որոնց շնորհիվ Աստված կարող է մեզ բժշկություն և վերականգնում պարգևել։ Միևնույն ժամանակ, մեր հավատն ու վստահությունը պետք է Աստծո վրա լինի, այլ ոչ թե բժիշկների ու դեղերի։ Ինչպես բոլոր դժվարին որոշումների դեպքում, մենք պետք է Աստծուն փնտրենք, Ով խոստացել է մեզ տալ իմաստություն, երբ խնդրում ենք Նրանից (Հակոբոս 1․5)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Պե՞տք է քրիստոնյա հավատացյալները բժշկի այցելեն։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries