settings icon
share icon
Հարց

Իրակա՞ն է արդյոք Աստված։ Ինչպե՞ս կարող եմ համոզվել Աստծո իրական լինելու հարցում:

Պատասխան


Մենք գիտենք, որ Աստված իրական է, քանի որ Նա Իրեն հայտնել է երեք կերպով՝ արարչագործության մեջ, Իր Խոսքի միջոցով և Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ։

Աստծո գոյության ամենապարզ ապացույցը Նրա կողմից արարված իրականությունն է։ «Աշխարհի ստեղծումից ի վեր Նրա աներևույթ առանձնահատկությունը, Նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. արդ նրանք որևէ արդարացում չունեն» (Հռոմեացիս 1․20)։ «Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է Նրա ձեռքի գործերը» (Սաղմոս 19․1)։

Եթե Դուք դաշտում ձեռքի ժամացույց գտնեք, անկասկած, չեք կարծի, թե այն պարզապես «հայտնվել» է այդտեղ ոչնչից կամ միշտ այդտեղ գոյություն է ունեցել։ Այլ ընդհակառակը, Դուք կմտածեք, որ ինչ-որ մեկը պատրաստել ու արտադրել է այդ ժամացույցը։ Սակայն մեզ շրջապատող աշխարհը շատ ավելի բարդ կառուցվածք և ճշգրիտ հաշվարկ է պարունակում։ Ժամանակի մեր հաշվարկը ոչ թե ժամացույցներն են իրականացնում, այլ Աստծո ձեռքի արարած մեխանիզմը՝ Երկրի կանոնավոր պտույտները (և ցեզիում-133 ատոմի ռադիոկտիվ հատկությունները)։ Տիեզերքը զարմանահրաշ կերպով է կազմված, ինչը խոսում է Մեծ Հեղինակի մասին։

Եթե Դուք մի կոդավորված ուղերձ հայտնաբերեք, ապա կփորձեք վերծանել այդ կոդը։ Դա անելուց հետո նաև կենթադրեք, որ այդ կոդավորված ուղերձը բանական մեկի կողմից է հեղինակվել։ Իսկ որքա՞ն բարդ է «ԴՆԹ» կոդը, որ մենք այն կրում ենք մեր մարմնի յուրաքանչյուր բջջի ներսում։ Արդյոք ԴՆԹ-ի բարդությունն ու նպատակը չե՞ն խոսում այդ կոդի Բանական Հեղինակի մասին։

Աստված ոչ միայն բարդ ու ճշգրիտ գործող ֆիզիկական աշխարհ է արարել, այլև յուրաքանչյուր մարդու սրտում հավիտենության գաղափարն է դրել (Ժողովող 3․11)։ Մարդկությունը ներքին մի ընկալում ունի, որ կյանքն ավելին է, քան տեսնում է մեր աչքը, և որ կա ավելին, քան մեր երկրային առօրեան։ Հավիտենության մեր զգացողությունը դրսևորվում է առնվազն երկու ճանապարհով՝ օրենքների կազմավորման և երկրպագության մեջ։

Յուրաքանչյուր քաղաքակրթություն պատմության ընթացքում արժևորել է որոշակի բարոյական օրենքեր, որոնք զարամանալիորեն նույնական են տարբեր մշակույթներում։ Օրինակ, սիրո գաղափարը համընդհանուր մեծարանքի է արժանանում, իսկ ստախոսությունը՝ համընդհանուր պարսավանքի։ Այս համընդհանուր բարոյականությունը՝ ճիշտ ու սխալի համաշխարհային ընկալումը, մեր հայացքն է ուղղում դեպի այն Գերագույն Բարոյական Անձը, Ով մարդկանց տվել է նման հասկացողություն։

Նույն կերպ, ողջ աշխարհով մեկ, տարբեր մշակույթներում տեսնում ենք երկրպագության առկայությունը։ Երկրպագության թիրախները կարող են տարբերվել, սակայն «վերին ուժի» գաղափարը մարդկային էության անհերքելի իրողությունն է։ Երկրպագության հանդեպ մեր հակվածությունը պայմանավորված է այն փաստով, որ Աստված ստեղծել է մեզ «Իր պատկերով ու նմանությամբ» (Ծննդոց 1․27)։

Աստված Իրեն հայտնել է մեզ նաև Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Աստվածաշնչի էջերում Աստծո գոյությունը ներկայացվում է որպես ինքն իր մասին վկայող փաստ (Ծննդոց 1․1, Ելից 3․14)։ Երբ մարդը ինքնակենսագրական է գրում, նա ժամանակ չի վատնում սեփական գոյությունն ապացուցելու փաստարկների վրա։ Նույն կերպ, Աստված շատ ժամանակ չի տրամադրում Իր գոյությունն Իր Գրքում ապացուցելու վրա։ Աստվածաշնչի կյանքեր փոխակերպելու ունակությունը, դրա ճշմարտացիությունը և գրվելու ժամանակ կատարված հրաշքները բավարար երաշխիք են դրա հեղինակության հարցում։

Աստծո կողմից Իրեն հայտնելու երրորդ կերպն Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով է (Հովհաննես 14․6-11)։ «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր։ …Եվ Խոսքը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք Նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Հովհաննես 1․1,14, տե՛ս նաև Կողոսացիս 2․9)։

Հիսուսի զարմանահրաշ կյանքի ընթացքում Նրա կատարելապես պահեց Հին Կտակարանի օրենքը և իրականացրեց Մեսիայի մասին մարգարեությունները (Մատթեոս 5․17)։ Նա կարեկցանքի գործերի ու բացահայտ հրաշքների բազմաթիվ գործողություններ իրագործեց, որոնք խոսում էին Նրա ուղերձի ճշմարիտ լինելու և Նրա Աստված լինելու մասին (Հովհաննես 21․24-25)։ Հետո Իր խաչելության երրորդ օրը մահացածների միջից հարություն առավ, ինչը փաստվել է հարյուրավոր ականատեսների կողմից (Ա Կորնթացիս 15․6)։ Պատմական վկայությունները լի են Հիսուսի ինքնության մասին տեղեկություններով։ Ինչպես Պողոս առաքյալն է ձևակերպել՝ այս ամենը «խուլ անկյունում չի եղել» (Գործք 26․26)։

Մենք գիտակցում ենք, որ միշտ էլ լինելու են թերահավատներ, ովքեր իրենց սեփական պատկերացումներն են ունենալու Աստծո մասին և իրենց հարմար կերպով են մեկնաբանելու այս ապացույցները։ Եվ լինելու են նաև մարդիկ, ում ոչ մի տեսակի ապացույց ունակ չի լինելու համոզել ճշմարտության մեջ (Սաղմոս 141)։ Այսպիսով, ամեն բան հանգում է հավատի առկայությանը (Եբրայեցիս 11․6)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Իրակա՞ն է արդյոք Աստված։ Ինչպե՞ս կարող եմ համոզվել Աստծո իրական լինելու հարցում:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries