Հարց
Ի՞նչ է «աւագ շաբաթը»:
Պատասխան
«Աւագ» կամ «սուրբ» շաբաթ է կոչւում աւագ ուրբաթի եւ Զատկի կիրակիի միջեւ շաբաթ օրը: Որոշ քրիստոնեաներ «սուրբ շաբաթը»՝ «սուրբ եօթնօրեայի» վերջին օրը, համարում են հանգստի օրը, երբ Յիսուս «հանգստացաւ» Իր փրկագործութիւնից: Ինչպէս Ինքն ասաց՝ «Կատարուած է». այսինքն՝ մեղքի քաւութիւնն արուած էր, եւ այլեւս յաւելեալ գին չկար վճարելիք:
Խաչուելուց յետոյ Յիսուսի մարմինը դրեցին մօտակայ մի գերեզմանում, որտեղ մնաց ամբողջ շաբաթ օրը (Մատթէոս 27.59-60, Մարկոս 15.46, Ղուկաս 23.53-54, Յովհաննէս 19.39-42): Աւագ շաբաթը նշող եկեղեցիները աւանդաբար այդ օրն անցնում են տրտում յիշատակութեամբ՝ խորհրդածելով, թէ ինչպիսի խաւար աշխարհ պիտի լինէր այսօր առանց Քրիստոսի յարութեան յոյսի:
Յիրաւի առանց Քրիստոսի յարութեան օրհասական վիճակում պիտի լինէինք: Եթէ Քրիստոս յարութիւն չառնէր, ապա «ձեր հաւատն ունայն է, եւ դեռ ձեր մեղքերի մէջ էք» (Ա Կորնթ. 15.17): Աշակերտները ցիրուցան էին եղել Յիսուսի ձերբակալութեան ժամանակ (Մարկոս 14.50) եւ առաջիկայ շաբաթ օրը վախից թաքնուել էին, որ իրենց էլ չկալանէին (Յովհաննէս. 20.19): Քրիստոսի խաչելութեան եւ յարութեան միջեւ օրը թերեւս ցնցման ու վշտի ժամանակ էր, երբ ապշահար աշակերտները փորձում էին հասկանալ Յիսուսի սպանութիւնը, Յուդայի մատնութիւնը եւ իրենց յոյսերի ու երազների կործանումը:
Այս շաբաթ օրուայ դէպքերի աստուածաշնչեան միակ յղումը գտնում ենք Մատթէոս 27.62-66 հատուածում: Ուրբաթից յետոյ քահանայապետներն ու փարիսեցիները հաւաքուել էին Պիղատոսի մօտ: Սա շաբաթ օրն էր, որովհետեւ հրեաները օրը հաշւում էին մայրամուտից: Պիղատոսից խնդրում էին պահակախումբ տալ Յիսուսի գերեզմանը հսկելու: Յիշեցին, որ Յիսուս ասել էր, որ յարութիւն էր առնելու երրորդ օրը (Յովհաննէս 2.19-21), եւ ուզում էին ամէն բան անել, որպէսզի կանխէին դա: Ինչպէս գիտենք, հռոմէացի պահապան զինուորները ի զօրու չէին յարութիւնը կանխելու, եւ կիրակի առաւօտեան գերեզման այցելած կանայք դատարկ գտան այն: Տէրը յարութիւն էր առել:
Աւագ շաբաթի օրացոյց
2014 – ապրիլ 19
2015 – ապրիլ 4
2016 – մարտ 26
2017 – ապրիլ 15
2018 – մարտ 31
2019 – ապրիլ 20
2020 – ապրիլ 11
English
Ի՞նչ է «աւագ շաբաթը»: