Հարց
Որտե՞ղ էր Հիսուսը Իր մահվան և հարության միջև ընկած երեք օրերի ընթացքում:
Պատասխան
Տեր Հիսուսի մահվան և հարության միջև ընկած երեք օրերի ընթացքում ատրեղ լինելու քննարկման հիմնական աստվածաշնչյան հատվածը Ա Պետրոս 3:18–19 խոսքերն են, որտեղ կարդում ենք․ «Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց, որով և գնաց բանտում եղող հոգիներին էլ քարոզեց․․․»։ Հոգին բառը վերաբերում է Քրիստոսի հոգուն։ Համեմատությունը Նրա հոգու և մարմնի մեջ է, այլ ոչ թե Քրիստոսի մարմնի և Սուրբ Հոգու։ Քրիստոսի մարմինը մահացավ, սակայն հոգին ողջ էր։ Նրա մարմինն, անշուշտ, գերեզմանում էր, սակայն հոգին, որ մահվան ժամանակ առանձնացել էր մարմնից (Մատթեոս 27․50), մի այլ վայրում էր։
Պետրոսը որոշակի մանրամասներ էր փոխանցում Տեր Հիսուսի մահվան ու հարության միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցածի վերաբերյալ։ Աստվածաշունչն ասում է, որ Նա «քարոզեց» բանտում եղած հոգիներին (Ա Պետրոս 3․19)։ Այստեղ օգտագործված հունարեն բառը կրում է ուղերձ փոծանցել իմաստը։ Որոշ թարգմանություններ այստեղ օգտագործում են «հռչակել» կամ «հայտարարել» բառերը։ Տեր Հիսուս չարչարվեց ու մահացավ խաչի վրա։ Մահացավ Նրա մարմինը, իսկ հոգին գնաց Հոր մոտ (Ղուկաս 23․46)։ Ըստ Պետրոս առաքյալի, Տեր Հիսուսի մահվան ու հարության միջև ընկած ժամանակահատվածի մի որոշակի պահի Նա հատուկ ուղերձ է փախանցել կամ հայտարարել բանտում եղած հոգիներին։
Որտե՞ղ էին գտնվում այս բանտարկված հոգիները, որոնց հայտնվեց Տեր Հիսուսը։ Աստվածաշունչը չի նշում, թե նրանք դժոխքում էին։ Տեր Հիսուսի դժոխք գնալու գաղափարը չարչարանքների շարունակության իմաստով աստվածաշնչյան չէ։ Նրա չարչարանքներն ավարտվեցին, երբ Նա խաչի վրա գոչեց՝ «կատարվե՛ց» (Հովհաննես 19․30)։ Որոշ թարգմանություններում կարդում ենք, որ Տեր Հիսուս գնաց «Հադես» (Գործք 2․31), սակայն Հադեսը դժոխքը չէ։ Այս բառը կրում է մահվան ավելի լայն իրողության նշանակությունը, որտեղ մահացածները սպասում են հարությանը։ Հայտնություն 20․11–15 հատվածում հատուկ տարանջատվում են Հադեսի և կրակե լճի իրողությունները։ Կրակե լիճը Աստծուն մերժողների վերջնական դատաստանի հավիտենական վայրն է։ Իսկ Հադեսը նկարագրվում է որպես կորսվածների և հինկտակարանյան արդարների գտնվելու ժամանակավոր վայր։
Մեր Տեր Հիսուսն Իր հոգին հանձնեց Հորը, ֆիզիկապես մահացավ և գնաց դրախտ, ինչպես որ խոստացավ խաչի վրայի ավազակին (Ղուկաս 23․43)։ Իր մահվան ու հարության միջև ընկած որոշակի ժամանակահատվածում Նա նաև ուղերձ փոխանցեց հոգևոր էակներ, որոնք, հավանաբար, ընկած հրեշտակները կարող էին լինել (տե՛ս Հուդա 1․6 խոսքը)։ Այս հոգիները, հավանաբար, բանտարկվել էին, քանի որ Նոյի ժամանակներում տեղի ունեցած ծանր մեղքերի պատճառ էին դարձել (Ա Պետրոս 3․20)։ Պետրոս առաքյալը մեզ չի ասում, թե ինչ ուղերձ է Տեր Հիսուս փոխանցել նրանց, սակայն դժվար թե դա փրկության ուղերձը լինել, քանի որ հրեշտակները չեն կարող փրկվել (Եբրայեցիս 2․16)։ Տեր Հիսուս, հավանաբար, սատանայի ու նրա զորքի հանդեպ Իր հաղթանակն էր հռչակել (Ա Պետրոս 3․22, Կողոսացիս 2․15)։
Եփեսացիս 4․8–10 հատվածը կարող է մեկ այլ տեսանկյունից լույս սփռել Քրիստոսի մահվան ու հարության միջև ընկած երեք օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Մեջբերելով Սաղմոս 68․18 խոսքը՝ Պողոս առաքյալն ասում է․ «Վեր ելավ բարձրը, գերի առավ գերությունը և մարդկանց պարգևներ տվեց» (Եփեսացիս 4․8)։ ։ Մեկ այլ թարգմանության մեջ գրված է «գերիներ տարավ»։ Սա կարող է վերաբերել այնպիսի մի իրադարձության, որն աստվածաշնչյան այլ հատվածներում չի նկարագրվում։ Սա կարող է նշանակել, որ Տեր Հիսուս իԻր հետ վերցրեց բոլոր փրկագնվածներին, որոնք ժամանակավոր մի վայրում էին և տարավ նրանց հավիտենական բնակության վայրը՝ Երկինք։ Այսինքն՝ ծաչի վրա նրանց փրկագնումն ապահովելուց հետո Տերն Աբրահամին, Դավթին, Հեսուին, Դանիելին, աղքատ Ղազարոսին, խաչի վրայի ավազակին և բոլոր նրանց, ովքեր մինչև այդ հավատքով արդարացել էին, վերցրեց Հադեսից ու իրենց նոր հոգևոր տուն տարավ։
Պետք է նշենք, որ Քրիստոսի մահվան ու հարության միջև ընկած երեք օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Աստվածաշունչը մեզ հստակ տեղեկություններ չի փոխանցում։ Սակայն երկու բան կարող ենք ասել․ Նա մխիթարեց մահացած արդարներին ու նրանց Երկինք տարավ և Իր հաղթանակը հռչակեց ընկած հրեշտակների հանդեպ, որոնք բանտում էին։ Սակայն կարող ենք հստակ ասել, որ Նա ոչ մեկին փրկվելու երկրորդ հնարավորություն չտվեց, քանի որ մարդուն մեկ անգամ է տրված ապրել ու դրանից հետո նա կանգնելու է դատաստանի առջև (Եբրայեցիս 9․27), այլ ոչ թե նրան տրվում է երկրորդ հնարավորություն։ Ինչպես նաև կարող ենք ասել, որ Տեր Հիսուս չի չարչարվել դժոխքում։ Փրկագնման Նրա գործն ավարտվել է խաչի վրա։
English
Որտե՞ղ էր Հիսուսը Իր մահվան և հարության միջև ընկած երեք օրերի ընթացքում: