settings icon
share icon
Հարց

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը:

Պատասխան


Ի տարբերություն «Արդյոք Աստված գոյություն ունի՞» հարցի, քչերն են թերահավատ Հիսուսի Քրիստոսի պատմական անձ լինելու հարցում։ Համընդհանուր ընդունված իրողություն է, որ Հիսուս անունով մարդ է ապրել Իսրայելում 2000 տարի առաջ։ Բանավեճն առաջ է գալիս, երբ սկսվում է Հիսուսի ամբողջական ինքնության մասին քննարկումը։ Գրեթե բոլոր հիմնական կրոնները սովորեցնում են, որ Հիսուսը մի մարգարե էր, լավ ուսուցիչ կամ մի աստվածապաշտ մարդ։ Խնդիրն այն, որ Աստվածաշունչը մեզ այլ բան է փոխանցում․ Հիսուսն ավելին է եղել, քան մի մարգարե, լավ ուսուցիչ կամ աստվածապաշտ մարդ։

Քլայվ Լյուիսն իր Պարզապես քրիստոնեություն գրքում գրում է հետևյալը․ «Այստեղ ես փորձում եմ կանխել մարդկանց կողմից Նրա [Հիսուս Քրիստոսի] վերաբերյալ հաճախ ասվող անմիտ խոսքերի կրկնությունը, երբ նրանք պնդում են, թե պատրաստ են ընդունել Հիսուսին որպես բարոյականության մեծագույն ուսուցիչ, սակայն պատրաստ չեն ընդունել Նրան որպես Աստված։ Հենց սա ասելուց է, որ մենք պետք է խուսափենք։ Եթե սովորական մարդ լինող մեկն ասեր այն ամենն, ինչ ասել է Հիսուսը, մարդիկ նրան չէին ընդունի որպես բարոյականության մեծ ուսուցիչ։ Նման մարդը կա՛մ կընկալվեր որպես խելագար՝ նման մեկին ով իրեն խաշած ձու է կարծում, կա՛մ այդ մարդը պետք է որ սատանայական մի խաբեբա եղած լիներ։ Դուք պետք է ընտրեք․ կա՛մ այս մարդը Աստծո Որդին էր և է, կա՛մ Նա ցնորված մեկն է եղել և կամ դրանից էլ վատ մեկը։ Դուք կարող եք փակել Նրա բերանը, ինչպես կանեիք ցնորված մեկի հետ, կարող եք թքել Նրա վրա և սպանել Նրան ինչպես մի դիվային արարածի, կամ կարող եք ընկնել Նրա ոտքերի առջև և Տեր ու Աստված անվանել Նրան։ Սակայն եկե՛ք չհորինենք ոչ մի հովանավորչական անհեթեթություն Հիսուսի միայն բարոյական մեծ ուսուցիչ լինելու մասին։ Նա նման ոչ մի հնարավորություն չի թողել մեզ։ Նա նման մտադրություն բնավ չի ունեցել»։

Այսպիսով, ի՞նչ էր ասում Հիսուսն Ինքն Իր մասին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը Նրա մասին։ Նախ, եկե՛ք հասկանանք Հիսուսի խոսքերը Հովհաննես 10․30 հատվածում․ «Ես և Հայրը մեկ ենք»։ Առաջին հայացքից, սա կարող է չընկալվել որպես Աստված լինելու պնդում։ Սակայն ուշադրություն դարձրեք այս պնդման հանդեպ հրեաների արձագանքին․ «Քեզ ոչ թե բարի գործի համար ենք քարկոծում, այլ հայհոյության, որ դու, մարդ լինելով, ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում» (Հովհաննես 10․33)։ Հրեաների համար Հիսուսի խոսքերը Աստված լինելու հայտարարություն էին։ Հաջորդող խոսքերում Հիսուսը չի ուղղում հրեաներին՝ ասելով, թե Ինքն Աստված չէ։ Սա խոսում է այն մասին, որ Նա, իրոք, պնդում էր Իր Աստված լինելը, երբ ասում էր «Ես և Հայրը մեկ ենք» խոսքերը։ Հովհաննես 8․58 խոսքը մեկ այլ օրինակ է․ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Ես եմ նախքան Աբրահամը»։ Եվ, կրկին, հրեաները քարեր են վերցնում և փորձում Հիսուսին քարկոծել (Հովհաննես 8․59)։ Հիսուսի կողմից Իր ինքնությունը «Ես եմ» ասելով ներկայացնելը ուղիղ հղում էր Աստծո հինկտակարանյան անվանը (Ելից 3․14)։ Ինչո՞ւ պետք է հրաները կրկին ուզենային քարկոծել Հիսուսին, եթե Նա մի բան ասած չլիներ, որն ըստ նրանց ընկալման հայհոյություն էր, մասնավորապես՝ Աստված լինելու պնդում։

Հովհաննես 1․1 խոսքն ասում է, «Խոսքն Աստված էր»։ Հովհաննես 1․14 խոսքն ասում է․ «Խոսքը մարմին դարձավ»։ Սա հստակ խոսում է այն մասին, որ Հիսուսը Աստված էր մարմնի մեջ։ Թովմաս առաքյալը Հիսուսին դիմեց որպես «Տեր և Աստված» (Հովհաննես 20․28)։ Հիսուս չուղղեց նրան այդ խոսքերից հետո։ Պողոս առաքյալը Նրան բնութագրում է որպես «․․․մեծ Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոս» (Տիտոս 2․13)։ Պետրոս առաքյալն ասում է նույնը․ «․․․մեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոս» (Բ Պետրոս 1․1)։ Հայր Աստված վկայում է Հիսուսի ամբողջական ինքնությունը․ «Սակայն Որդուն ասում է. «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է. քո թագավորության գավազանն արդարության գավազան է» (Եբրայեցիս 1.8)։ Քրիստոսի մասին հինկտակարանյան մարգարեությունները խոսում են Նրա Աստված լինելու մասին․ «Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան» (Եսայիա 9․6)։

Այսպիսով, Քլայվ Լյուիսը պնդում էր, որ պետք է բացառել որպես միայն մեծ ուսուցչի Հիսուսին հավատալը։ Նա հստակ ու անհերքելի կերպով պնդում էր, որ Աստված է։ Եթե Նա Աստված չէ, ապա ստախոս է, և, հետևաբար, չի կարող լինել մարգարե, լավ ուսուցիչ կամ աստվածապաշտ մարդ։ Հիսուսի խոսքերին որևէ բացատրություն գտնելու որոնումներում ժամանակակից «հետազոտողները» ասում են, թե «իրական պատմական Հիսուսը» չի ասել շատ բաներ, որոնք Նրան է վերագրում Աստվածաշունչը։ Ովքե՞ր ենք մենք, որպեսզի բանավիճենք Աստծո Խոսքի հետ Հիսուսի ասած կամ չասած խոսքերի շուրջ։ Ինչպե՞ս կարող է որևէ «հետազոտող», ով Հիսուսից երկու հազար տարի անց է ապրում, ավելի լավ տեղյակ լինել Հիսուսի ասածներին, քան այն մարդիկ, ովքեր ապրել են ու ծառայել Նրա հետ, ինչպես նաև ուսուցանվել Նրա կողմից (Հովհաննես 14․26)։

Ինչո՞ւ է Հիսուսի իրական ինքնության հարցն այդքան մեծ կարևորություն ներկայացնում։ Ինչո՞ւ է կարևոր Հիսուսն Աստվա՞ծ է, թե՞ ոչ։ Նրա Աստված լինելու հարցի կարևորության պատճառն այն է, որ եթե Նա Աստված չէ, ապա Նրա մահը բավարար գին չէր կարող լինել մեր և ողջ աշխարհի մեղքերի համար (Ա Հովհաննես 2․2)։ Միայն Աստված կարող էր վճարել նման անսահման մեծ գինը (Հռոմեացիս 5․8, Բ Կորնթացիս 5․21)։ Հիսուս պետք է Աստված լիներ, որպեսզի կարողանար վճարել մեր պարտքը։ Նա նաև պետք է մարդ լիներ, որպեսզի կարողանար մահանալ։ Փրկությունը հասանելի է միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ։ Հիսուսի Աստված լինելն է բացատրում, թե ինչու է Նա փրկության միակ ուղին։ Հիսուսի Աստված լինելն էր պատճառը, որ Նա հայտարարեց․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ Իմ միջոցով» (Հովհաննես 14․6)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries