settings icon
share icon
Հարց

Յիսուս խաչուել է ուրբա՞թ:

Պատասխան


Աստվածաշունչը հստակ չի նշում, թե շաբաթվա ո՛ր օրն է Հիսուս խաչվել։ Երկու ամենատարածված վարկածներն են ուրբաթը և չորեքշաբթին։ Գոյություն ունի նաև հինգշաբթի օրվա վարկածը, որը հիմնվում է ուրբաթ և չորեքշաբթի օրերի վարկածների փաստարկների համատեղման վրա։

Մատթեոս 12․40 խոսքում Հիսուս ասում է, «Որովհետև ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց ձկան փորում, այնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի սրտում»։ Ուրբաթ օրվա խաչելության կողմնակիցներն ասում են, որ կա խելամիտ բացատրություն այն փաստին, որ Հիսուս երեք օր է մնացել գերեզմանում։ Առաջին դարի հրեական մտքի համար օրվա մի մասը հաշվվում էր որպես ամբողջական օր։ Քանի որ Հիսուս գերեզմանում էր մնացել ուրբաթ օրվա մի մասը, ամբողջ շաբաթ օրը և կիրակի օրվա մի մասը, ապա կարելի է ասել, որ Նա երեք օր էր մնացել գերեզմանում։ Ուրբաթ օրվա տեսության սկզբունքային փաստարկներից մեկին հանդիպում ենք Մարկոս 15․42 խոսքում, որը նշում է, որ Հիսուս խաչվեց «շաբաթ օրվա նախօրեին»։ Եթե սա շաբաթվա օր շաբաթն էր, ապա այս փաստը մեզ մղում է ուրբաթ օրվա եզրահանգմանը։ Ուրբաթ օրվա տեսության մյուս փաստարկն ասում է, որ այնպիսի հատվածներ, ինչպիսիք են Հիսուսի երրորդ օրը հարություն առնելու մասին Մատթեոս 16․21 և Ղուկաս 9․22 խոսքերը նշանակում են, որ պարտադիր չէ այդ երեք օրը հասկանալ ամբողջական օրեր։ Թեև ոմանք այս հատվածները թարգմանում են «երրորդ օրը», դա բոլոր թարգմանություններում նույնը չէ, և ոմանք համաձայն չեն նման ձևակերպման հետ։ Ավելին, Մարկոս 8․31 խոսքում գրված է «երեք օրից հետո»։

Հինգշաբթի օրվա տեսության կողմնակիցները իրենց փաստարկները կառուցում են ուրբաթ օրվա կողմնակիցների փաստարկների վրա և հավելում, որ չափազանց մեծ թվով իրադարձություններ են տեղի ունեցել (ոմանք ասում են տասներկու իրադարձություն) Քրիստոսի թաղման և կիրակի օրվա առավոտյան հարություն առնելու իրադարձությունների միջև։ Հինգշաբթի օրվա կողմնակիցների համար սա խնդիր է թվում, քանի որ ուրբաթի և կիրակիի միջև միայն մեկ ամբողջական օր կար՝ հրեական շաբաթը։ Եվս մեկ կամ երկու օրը լուծում է այս խնդիրը։ Հինգշաբթի օրվա տեսությանը հարողները հետևյալ տրամաբանությունն են առաջարկում։ Ենթադրենք Դուք Ձեր ընկերոջը չեք տեսել երկուշաբթի երեկոյից։ Հաջորդ անգամ նրան տեսնում եք հինգշաբթի առավոտյան և ասում․ «Երեք օր է չենք տեսնվել», թեև իրականում նրան չեք տեսել միայն 60 ժամ (2,5 օր)։ Եթե Հիսուս հինգշաբթի օրն է խաչվել, ապա այս օրինակը ճիշտ համապատասխանում է երրորդ օրը հարություն առնելու փաստին։

Չորեքշաբթի օրվա տեսությունը պնդում է, որ այդ շաբաթվա մեջ երկու շաբաթ օր է եղել։ Առաջինը խաչելության օրն էր (Մարկոս 15․42, Ղուկաս 23․52-54) և երկրորդը այն օրը, երբ կանայք խունկ պատրաստեցին, ինչը տեղի ունեցավ առաջին շաբաթից հետո (Մարկոս 16․1)։ Այս մոտեցման էությունը նրանում է, որ առաջին «շաբաթը» Պասեքի տոնն էր (տե՛ս Ղևտացիս 16․29-31, 23․24-32, 39, որտեղ կարևոր տոները, որոնք պարտադիր չէր, որ լինեին շաբաթվա շաբաթ օրը, նույնպես կոչվում էին «շաբաթ»)։ Երկրորդ շաբաթը այդ շաբաթվա շաբաթ օրն էր։ Ուշադրություն դարձրեք, որ Ղուկաս 23․56 խոսքում կանայք խունկ գնեցին առաջին շաբաթից հետո և պատրաստեցին այն, իսկ հետո «պատվիրանի համեմատ հանգստացան»։ Այս փաստարկի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ հնարավոր չէր շաբաթից հետո գնել խունկը և պատրաստել այն նախքան շաբաթը, եթե այդ շաբաթվա մեջ չլիներ երկու շաբաթ օր։ Երկու շաբաթի նման մոտեցմամբ, եթե Քրիստոս խաչվել է հինգշաբթի օրը, ապա սուրբ շաբաթը (Պասեքը) պետք է սկսած լիներ հինգշաբթի մայրամուտին և ավարտվեր ուրբաթ մայրամուտին, երբ սկսվում էր շաբաթվա սովորական շաբաթ օրը։ Խունկը առաջին շաբաթից հետո (Պասեքի) գնելը նշանակելու էր, որ նրանք սովորական շաբաթ օրն էին դա գնել, ինչը օրենքի խախտում կլիներ։

Հետևաբար, ըստ չորեքշաբթի օրվա տեսակետի, միակ բացատրությունը, որի շրջանակներում այդ կանայք խունկ գնելով խախտած չէին լինի շաբաթը և կպահպանվեր Մատթեոս 12․40 խոսքի բառացի կատարումը, այն տեսակետն է, որ Քրիստոս խաչվել է չորեքշաբթի օրը։ Սուրբ օր շաբաթը (Պասեքը) տեղի ունեցավ հինգշաբթի օրը, կանայք խունկը գնեցին (դրանից հետո) ուրբաթ օրը և վերադարձան ու պատրաստեցին դրանք նույն օրը, հանգստացան շաբաթ օրը, որը շաբաթվա սովորական շաբաթ օրն էր, և կիրակի վաղ առավոտյան եկան գերեզման։ Հիսուսին թաղեցին չորեքշաբթի մայրամուտին, որն ըստ հրեական օրացույցի, արդեն հինգշաբթի էր կոչվում։ Հրեական օրացույցով մենք ունենում ենք հինշաբթին (առաջին օր), ուրբաթը (երկրորդ օր), շաբաթը (երրորդ օր)։ Մենք չգիտենք Հիսուսի հարության հստակ ժամը, սակայն գիտենք, որ դա տեղի ունեցավ նախքան կիրակի օրվա լուսաբացը։ Նա կարող է հարություն առած լինել շաբաթ օրվա մայրամուտից անմիջապես հետո, ինչը հրեական շաբաթի առաջին օրն էր։ Սակայն դատարկ գերեզմանը հայտնաբերելը տեղի է ունեցել արևածագից անմիջապես հետո (Մարկոս 16․2), դեռ լույսը չբացված (Հովհաննես 20․1)։

Այս տեսության հնարավոր խնդիրը նրանում է, որ Հիսուսի հանդիպումը Էմմավուսի ճանապարհով քայլող աշակերտներին եղել էր «այդ նույն օրը», որի ընթացքում տեղի էր ունեցել հարությունը (Ղուկաս 24․13)։ Աշակերտները, որոնք չճանաչեցին Նրան, ասում են, որ Հիսուսի խաչելությունը (24․20) և ասում են․ «այս երրորդ օրն է, ինչ այս բաները եղան» (24․21)։ Չորեքշաբթի օրվանից մինչև կիրակի չորս օր է։ Հնարավոր բացատրությունն այն է, որ նրանք կարող էին Քրիստոսի թաղման չորեքշաբթի օրվա երեկոն հաշվել որպես հինգշաբթի, ինչպես ընդունված էր հրեական օրացույցում, իսկ հինգաբթիից մինչև կիրակի երեք օր է կազմում։

Եթե ավելի ընդհանրական նայենք այս ամենին, ապա բացարձակապես կարևոր չէ, թե շաբաթվա ո՞ր օրում է խաչվել Քրիստոս։ Եթե դա կարևոր փաստ լիներ, ապա Աստծո Խոսքը հստակ կնշեր օրն ու ժամանակը։ Կարևորն այն է, որ Նա մահացավ և մարմնով հարություն առավ մահացածների միջից։ Հավասարազոր կարևորություն է ներկայացնում այն, որ Նա մահացավ՝ Իր վրա վերցնելով այն պատիժը, որին արժանի էին մեղավորները։ Հովհաննես 3․16 և 3․36 խոսքերից յուրաքանչյուրում հանդիպում ենք այն ճշմարտությանը, որ Հիսուսին հավատալն ու Նրան վստահելը մարդուն հավիտենական կյանք է պարգևում։ Սա հավասարապես ճշմարիտ է անկախ այն փաստից, թե Հիսուս խաչվել է չորեքշաբթի, հինգշաբթի կամ ուրբաթ օրը։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք Հիսուս ուրբա՞թ օրն է խաչվել։ Եթե այո, ապա ինչպե՞ս է Նա երեք օր մնացել գերեզմանում, երբ նշվում է, որ կիրակի օրն է հարություն առել:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries