settings icon
share icon
Հարց

Արդյոք Հիսուս դեպի Երկինք տանող միա՞կ ուղին է:

Պատասխան


Հիսուս դեպի Երկինք տանող միակ ուղին է։ Նման բացառիկ պնդումը կարող է շփոթեցնող, անակնկալի բերող և անգամ վիրավորական ազդեցություն ունենալ, սակայն, այնուամենայնիվ, դա է ճշմարտությունը: Աստվածաշունչը սովորեցնում է, որ բացի Տեր Հիսուս Քրիստոսից ոչ մի այլ փրկության ճանապարհ գոյություն չունի։ Հովհաննես 14․6 խոսքում Տեր Հիսուս Ինքն է ասում․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով»։ Նա շատ ճանապարհներից մեկը չէ, այլ միակ ճանապարհն է։ Ոչ ոք, անկախ իր ունեցած հեղինակությունից, նվաճումներից, հատուկ գիտելիքից կամ անձնական սրբությունից, չի կարող հասնել Հոր մոտ, եթե չընտրի Հիսուս ճանապարհը։

Հիսուս մի քանի պատճառով է Երկինք տանող միակ ճանապարհը։ Նա «Աստծո կողմից էր ընտրվել» որպես Փրկիչ (Ա Պետրոս 2․4)։ Հիսուս միակն էր, Ով Երկնքից իջավ և նաև վերադարձավ այնտեղ (Հովհաննես 3․13)։ Նա միակ անձնավորությունն է եղել, Ով ապրել է կատարյալ մարդկային կյանքով (Եբրայեցիս 4․15)։ Նա մարդկության մեղքի համար միակ զոհն է (Ա Հովհաննես 2․2, Եբրայեցիս 10․26)։ Միայն Նա է, որ իրականացրել է մարգարեություններն ու կատարել Օրենքը (Մատթեոս 5․17)։ Նա միակ մարդն է, ով հավիտենական հաղթանակ է տարել մահվան հանդեպ (Եբրայեցիս 2․14–15)։ Նա միակ միջնորդն է Աստծո և մարդու միջև (Ա Տիմոթեոս 2․5)։ Նա միակ մարդն է, ում անունն Աստված «բարձրացրեց․․․ բոլոր անուններից բարձր» (Փիլիպեցիս 2․9)։

Բացի Հովհաննես 14․6 խոսքից, Տեր Հիսուս այլ տեղերում նույնպես Իր մասին խոսում է որպես դեպի Երկինք տանող միակ ճանապարհի։ Մատթեոս 7․21–27 հատվածում Նա խոսում է Իրեն հավատալու մասին։ Նա ասում էր, որ Իր խոսքերը կյանք են (Հովհաննես 6․63)։ Խոստացել է, որ Իրեն հավատացող մարդիկ հավիտենական կյանք կունենան (Հովհաննես 3․14–15)։ Նա է ոչխարների դուռը (Հովհաննես 10․7), կյանքի հացը (Հովհաննես 6․35) և հարությունը (Հովհաննես 11․25)։ Ոչ մի այլ մարդ չի կարող ճշմարիտ կերպով հայտարարել վերը բերված պնդումները։

Առաքյալների քարոզությունը կենտրոնացած էր Տեր Հիսուսի կյանքի ու հարության վրա։ Պետրոս առաքյալը ատյանի առջև խոսելիս հստակ կերպով հայտարարեց, որ Տեր Հիսուս միակ ճանապարհն է, որ տանում է դեպի Երկինք․ «Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել» (Գործք 4․12)։ Պողոս առաքյալն Անտիոքի ժողովարանում խոսելիս շեշտադրեց Հիսուսի Փրկիչ լինելը․ «․․․թող ձեզ հայտնի լինի, որ Նրանով է ձեզ մեղքերի թողություն ավետարանվում, ․․․Նրանով ամեն հավատացող կարդարանա» (Գործք 13․38–39)։ Հովհաննես առաքյալը, իր խոսքն ուղղելով եկեղեցուն, որպես ներման հիմք նշում է Քրիստոսի անունը. «Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր, որովհետև ձեր մեղքերը ներված են Նրա անվան համար» (Ա Հովհաննես 2․12)։ Բացի Տեր Հիսուսից, ոչ ոք չի կարող մեղքեր ներել։

Երկնքում հավիտենական կյանքը հնարավոր է միայն Քրիստոսի շնորհիվ։ Տեր Հիսուս աղոթում էր․ «Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և Նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես 17․3)։ Աստծո փրկության պարգևն ընդունելու համար մենք պետք է Հիսուսին և միայն Հիսուսին նայենք։ Մենք պետք է վստահենք խաչի վրա Քրիստոսի մահվանը որպես մեր մեղքերի համար վճարված հատուցում և վստահենք նաև Նրա հարությանը․ «․․․Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա» (Հռոմեացիս 3․22)։

Տեր Հիսուսի ծառայության որոշակի մի պահի Նրա մոտ եկած մարդկանցից շատերը հեռացան Նրանից՝ հույս ունենալով հետագայում մեկ ուրիշ փրկիչ գտնել։ Նա հարցրեց տասներկու աշակերտներին․ «Գուցե դո՞ւք էլ եք ուզում գնալ» (Հովհաննես 6․67)։ Պետրոսի պատասխանն արտացոլում էր ճշմարտությունը․ «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք. Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Հովհաննես 6․68–69)։ Թող որ բոլորս կիսենք Պետրոս առաքյալի հավատքն առ այն, որ հավիտենական կյանքը միայն Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով է։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք Հիսուս դեպի Երկինք տանող միա՞կ ուղին է:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries