Հարց
Արդյոք մորմոնականությունը հերձվածողությո՞ւն է։ Ինչի՞ն են հավատում մորմոնները։
Պատասխան
Մորմոնների կրոնը (մորմոնականությունը), որի հետևորդները հայտնի են մորմոններ և Վերջին օրերի սրբեր (ՎՕՍ) անուններով, հիմնադրվել է մոտ երկու հարյուր տարի առաջ Ջոզեֆ Սմիթ անունով մի մարդու կողմից։ Նա պնդում էր, թե անձամբ Հայր Աստված և Հիսուս Քրիստոսը այցելել են իրեն և հայտնել, թե բոլոր եկեղեցիներն ու նրանց ուսուցումները մոլորություններ են։ Ջոզեֆ Սմիթն, այսպիսով, մի նոր կրոնի սկիզբ է դնում, որն իրեն հայտարարում է որպես «աշխարհի միակ ճշմարիտ եկեղեցին»։ Մորմոնականության խնդիրն այն է, որ այս ուղղությունը հակասում է և փոփոխում աստվածաշնչյան ճշմարտությունները, ինչպես նաև ավելացումներ կատարում դրանց վրա։ Ոչ մի հիմք գոյություն չունի, որպեսզի հետևություն անենք, թե Աստվածաշունչը ճշմարտություն չէ կամ կորցրել է իր արդիականությունը։ Աստծուն իրապես հավատալն ու Նրան վստահելը նշանակում է վստահել Նրա Խոսքին և Աստվածաշնչի Աստծուց ներշնչված լինելուն, ինչը նշանակում է, որ այն Աստծուց է տրվել (Բ Տիմոթեոս 3․16)։
Մորմոնները հավատում են, թե աստվածային ներշնչվածության գրվածքների չորս աղբյուր գոյություն ունի, այլ ոչ թե միայն մեկը՝ 1) Աստվածաշունչը, «եթե այն ճիշտ է թարգմանված»։ Թե ո՞ր հատվածներն են սխալ թարգմանված, միշտ չէ որ հստակ է։ 2) Մորմոնի գիրքը, որը «թարգմանվել» է Սմիթի կողմից և հրատարակվել 1830 թվականին։ Սմիթի պնդմամբ այն աշխարհում գոյություն ունեցող «ամենաճշգրիտ գիրքն է», և մարդը դրա ցուցումների օգնությամբ կմոտենա Աստծուն ավելի արդյունավետ կերպով, «քան որևէ այլ գրքի օգնությամբ»։ 3) Վարդապետություն և ուխտեր գիրքը, որը ժամանակակից հայտնություններ են «Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման մասին։ 4) Թանկարժեք մարգարիտը, որը, ըստ մորմոնների ընկալման, «բացատրում» է այն վարդապետություններն ու ուսուցումները, որոնք կորսվել են Աստվածաշնչից և ավելացնում է որոշակի տեղեկատվություն Երկրի արարման վերաբերյալ։
Աստծո առումով մորմոնները հավատում են հետևյալին՝ Նա միշտ չէ, որ եղել է Տիեզերքի Գերագույն Անձը, այլ այդ կարգավիճակին է արժանացել արդար կյանքի և անկոտրում ջանասիրության արդյունքում։ Նրանք հավատում են, թե Հայր Աստված «մարմին ու ոսկորներ ունի, որոնք նույնքան շոշափելի են, որքան մարդունը»։ Թեև ժամանակակից մորմոն առաջնորները մերժել են այս տեսակետը, սակայն Բրիհեմ Յանգը ուսուցանում էր, որ հենց Ադամն է եղել Աստված և Հիսուս Քրիստոսի Հայրը։ Ի հակադրություն այս տեսակետի, քրիստոնյաները հետևյալ հավատքն ունեն առ Աստված՝ միայն մեկ Աստված գոյություն ունի (Բ Օրինաց 6․4, Եսայիա 43․10, 44․6-8), Նա միշտ գոյություն է ունեցել և միշտ էլ գոյություն է ունենալու (Բ Օրինաց 33․27, Սաղմոս 90․2, Ա Տիմոթեոս 1․17), և Նա չի արարվել, այլ Արարիչն է (Ծննդոց 1, Սաղմոս 24․1, Եսայիա 37․16)։ Նա կատարյալ է, և ոչ ոք չի կարող հավասար լինել Նրան (Սաղմոս 86․8, Եսայիա 40․25)։ Հայր Աստված մարդ չէ և ոչ էլ երբևէ եղել է (Թվոց 23․19, Ա Թագավորաց 15․29, Ովսեե 11․9)։ Նա Հոգի է (Հովհաննես 4․24), իսկ Հոգին չունի ոսկոր ու մարմին (Ղուկաս 24․39)։
Մորմոնները հավատում են, որ մահից հետո տարբեր թագավորություններ կամ մակարդակներ գոյություն ունեն՝ երկնային թագավորություն, երկրային թագավորություն, մարմնավոր թագավորություն և դրսի խավար։ Թե որտեղ կհայտնվի մարդը մահից հետո, կախված է այս կյանքում մարդու ունեցած հավատքից ու գործած գործերից։ Ի հակադրություն այս տեսակետի, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մահից հետո մենք կա՛մ Երկինք, կա՛մ դժոխք ենք գնալու՝ կախված այն փաստից, թե հավատացե՞լ ենք արդյոք Հիսուսի Քրիստոսին որպես մեր կյանքի Տեր և Փրկչի։ Այս մարմնից դուրս գալը հավատացյալների համար նշանակում է լինել մեր Տիրոջ հետ (Բ Կորնթացիս 5․6-8)։ Անհավատները դժոխք կամ հավիտենական մահվան վայր են ուղարկվելու (Ղուկաս 16․22-23)։ Երբ Տեր Հիսուս երկրորդ անգամ գա, մենք նոր մարմիններ ենք ստանալու (Ա Կորնթացիս 15․50-54)։ Հավատացյալների համար նոր Երկինք ու նոր երկիր է արարվելու (Հայտնություն 21․1), իսկ անհավատները գցվելու են հավիտենական կրակե լճի մեջ (Հայտնություն 20․11-15)։ Մահից հետո փրկագնման երկրորդ հնարավորություն չի լինելու (Եբրայեցիս 9․27)։
Մորմոնների առաջնորդները սովորեցնում են, թե Հիսուսի մարմնացումը Հայր Աստծո և Մարիամի ֆիզիկական մերձեցման արդյունք է եղել։ Մորմոնները հավատում են, որ Հիսուս աստված է, սակայն այնպիսի աստված, ինչպիսին կարող է դառնալ ցանկացած մարդ։ Մորմոնականությունը սովորեցնում է, թե փրկությունը կարելի է ձեռք բերել հավատքի և գործերի համադրմամբ։ Ի հակադրություն այս տեսակետի, քրիստոնեությունը հստակ սովորեցնում է, որ ոչ ոք երբևէ չի կարող Աստված դառնալ, միայն Նա է սուրբ (Ա Թագավորաց 2․2)։ Մենք Աստծո առջև կարող ենք սրբանալ միայն Նրա հանդեպ հավատքի շնորհիվ (Ա Կորնթացիս 1․2)։ Տեր Հիսուս Աստծո միածին Որդին է (Հովհաննես 3․16), և միակն է, Ով երբևէ ապրել է առանց մեղքի կատարյալ կյանքով, իսկ հիմա Երկնքում ամենաբարձր պատվի դիրքում է (Եբրայեցիս 7․26)։ Տեր Հիսուս և Աստված մեկ են իրենց էությամբ, Հիսուս գոյություն ուներ Իր ֆիզիկական ծնունդից առաջ (Հովհաննես 1․1-8, 8․56)։ Նա Իր կյանքը մեզ համար է զոհել, Աստված Նրան հարություն է տվել մահացածների միջից և մի օր բոլորն են Նրա առջև խոնարհվելու (Փիլիպպեցիս 2․6-11)։ Տեր Հիսուս մեզ սովորեցնում է, որ անհնարին է սեփական գործերի շնորհիվ Երկինք մտնելը և այնտեղ հասնելու միակ ճանապարհը Նրա հանդեպ հավատքի առկայությունն է (Մատթեոս 19․26)։ Մենք բոլորս մեր մեղքերի պատճառով արժանի ենք հավիտենական պատժի, սակայն Աստված Իր անսահման սիրո ու շնորհի արդյունքում մեզ համար փրկության ճանապարհ է հոգացել․ «Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիս 6․23)։
Հստակ է, որ փրկություն ընդունելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի, որը Աստծուն և Նրա Որդի Հիսուսի Քրիստոսին հավատալու միջոցով է (Հովհաննես 17․3)։ Փրկությունն անհնարին է ընդունել գործերի արդյունքում, այլ միայն հավատքի (Հռոմեացիս 1․17, 3․28)։ Մենք այս պարգևը կարող ենք ստանալ անկախ նրանից, թե ով ենք մենք կամ ինչ կյանքով ենք ապրել նախկինում (Հռոմեացիս 3․22)։ «Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել» (Գործք 4․12)։
Թեև մորմոնները սովորաբար ընկերական, սիրով լի և բարի մարդիկ են, սակայն նրանք դարձել են սուտ կրոնի խաբեության զոհ, որը աղավաղում է Աստծո բնույթը, Քրիստոսի Անձը և փրկության ուղին։
English
Արդյոք մորմոնականությունը հերձվածողությո՞ւն է։ Ինչի՞ն են հավատում մորմոնները։