Հարց
Ինչպե՞ս կարող եմ լցվել Սուրբ Հոգով:
Պատասխան
Սուրբ Հոգու լեցունությունն ունենալու վերաբերյալ կարևոր աստվածաշնչյան հատված է Հովհաննես 14․16 խոսքը, որտեղ Տեր Հիսուս խոստանում է, որ Սուրբ Հոգին կբնակվի հավատացյալների մեջ և այդ ներբնակությունը կլինի հավիտյան։ Կարևոր է տարբերակել Սուրբ Հոգու այս ներբնակությունը Հոգու լեցունությունից։ Սուրբ Հոգու ներբնակությունը հավատացյալների ընտրյալ մի մասի համար չէ, այլ՝ բոլոր հավատացյալների։ Մի քանի աստվածաշնչյան հատվածներ կան, որոնք հաստատում են նման եզրահանգումը։ Նախ, Սուրբ Հոգին առանց բացառության Տեր Հիսուսին հավատացող բոլոր հավատացյալներին տրված պարգև է, և այդ պարգևն ընդունելու համար ոչ մի այլ պայման գոյություն չունի, բացի Տեր Հիսուսի հանդեպ հավատի առկայությունը (Հովհաննես 7․37-39)։ Երկրորդ, Սուրբ Հոգին տրվում է փրկության պահին (Եփեսացիս 1․13)։ Գաղատացիս 3․2 խոսքը հենց այս ճշմարտությունն է շեշտադրում՝ ասելով, որ Սուրբ Հոգու ներբնակությունն ու կնիքը Ձեր մեջ և Ձեր վրա տեղի է ունենում հենց հավատալու պահին։ Երրորդ, Սուրբ Հոգին բնակվում է հավատացյալի ներսում հավիտյան։ Սուրբ Հոգին տրվում է հավատացյալին որպես գրավ կամ գրավական այն գալիք փառքի, որը մենք ընդունելու ենք Հիսուս Քրիստոսի մեջ (Բ Կորնթացիս 1․22, Եփեսացիս 4․30)։
Սա նույնը չէ, ինչ Եփեսացիս 5․18 խոսքում նկարագրված Սուրբ Հոգու լեցունությունը։ Մենք պետք է այնքա՜ն ամբողջական կերպով հանձնվենք Սուրբ Հոգուն, որ Նա կարողանա լիովին Տիրել մեր կյանքին և, այդ իմաստով, լցնել մեզ Իրենով։ Հռոմեացիս 8․9 և Եփեսացիս 1․13-14 հատվածները խոսում են այն մասին, որ Նա բնակվում է յուրաքանչյուր հավատացյալի ներսում, սակայն հավատացյալները կարող են Նրան տրտմեցնել (Եփեսացիս 4․30) և Նրա գործունեությունը մեր ներսում կարելի է մարել (Ա Թեսաղոնիկեցիս 5․19)։ Երբ մենք թույլ ենք տալիս, որ դրանք տեղի ունենան, ապա չենք կարող վերապրել Հոգու գործերի լիությունը մեր մեջ և Նրա զորության առկայությունը մեր մեջ ու մեր միջոցով։ Լցվել Սուրբ Հոգով նշանակում է տալ Նրան ազատություն լցնելու մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտ, ազատություն՝ առաջնորդելու մեզ և վերահկսելու մեզ։ Այդ ժամանակ Նրա զորությունը կգործի մեր միջոցով այնպես, որ մեր գործերը Աստծո համար պտուղներ կբերեն։ Սուրբ Հոգու լեցունությունը չի վերաբերում միայն երևացող գործերին։ Այն վերաբերում է նաև մեր ներքին մտքերին և գործողությունների շարժառիթներին։ Սաղմոս 19․14 խոսքում կարդում ենք․ «Թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդները, ո՜վ Տեր, իմ Վե՛մ և իմ Փրկի՛չ»։
Մեղքը Սուրբ Հոգով լցվելու խոչընդոտն է, իսկ Աստծուն հնազանդվելը ճանապարհ է բացում Հոգու լեցունության համար։ Եփեսացիս 5․18 խոսքը պատվիրում է մեզ լցվել Սուրբ Հոգով։ Սակայն Հոգով լցվելու միջոցը դրա համար աղոթելը չէ։ Միայն Աստծո կամքին մեր հնազանդության ժամանակ է, որ Սուրբ Հոգին ազատություն է ստանում գործելու մեր մեջ։ Եվ քանի որ մենք դեռ վերջնականապես ազատված չենք մեղքի վարակից, ապա անհնարին է մշտապես լիովին լցված լինել Սուրբ Հոգով։ Երբ մենք մեղք ենք գործում, ապա պետք է անմիջապես խոստովանենք այն Աստծուն, ապաշխարենք այդ մեղքից և նորոգենք Հոգով լեցուն և Հոգով առաջնորդված հավատացյալ լինելու մեր նվիրումը։
English
Ինչպե՞ս կարող եմ լցվել Սուրբ Հոգով: