settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը Երրորդության վերաբերյալ:

Պատասխան


Երրորդության քրիստոնեական հասկացության ամենաբարդ կողմն այն է, որ գոյություն չունի Երրորդությունը մարդուն ընկալելի կերպով բացատրելու ուղի։ Երրորդությունը մի այնպիսի հասկացություն է, որը հասու չէ մարդկային ընկալմաննը և, հետևաբար, նաև հնարավոր չէ ամբողջովին բացատրել։ Աստված անսահաման մեծ է մեզնից, և մենք չենք կարող ակնկալել, որ Նրան ամբողջովին կարող ենք հասկանալ մեր սահմանափակ ընկալմամբ։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Հայրն Աստված է, Որդին Աստված է և Սուրբ Հոգին է Աստված։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է նաև, որ կա միայն մեկ Աստված։ Թեև մենք կարող ենք ըմբռնել Երրորդության Անձերի միմյանց միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների մասին որոշ փաստեր, սակայն, վերջին հաշվով, այդ հարաբերություններն անհասանելի են մարդկային մտքի համար։ Այնուամենայնիվ, այս ամենը չի նշանակում, թե Երրորդությունը սխալ գաղափար է կամ այն աստվածաշնչյան ճշմարտության վրա հիմնված վարդապետություն չէ։

Երրորդությունը մեկ Աստծո գոյությունն է երեք Անձերի մեջ։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ այս գաղափարը ոչ մի կերպ չի խոսում երեք Աստվածների մասին։ Այս հասկացության ուսումնասիրության ընթացքում պետք է հիշենք, որ «Երրորդություն» բառը գրված չէ Աստվածաշնչում։ Այս տերմինը կիրառվել է, երբ փորձ է կատարվել բացատրելու եռամեկ Աստծո գաղափարը՝ երեք համագո, համահավիտենական Անձեր, ովքեր միասին մեկ Աստված են։ Կարևորն այն է, որ այն հասկացությունը, որը նկարագրվում է «Երրորդություն» բառով, հստակ ներկայացված է Աստվածաշնչում։ Ստորև ներկայացնում ենք Աստվածաշնչում տեղ գտած հատվածներ, որոնք խոսում են Երրորդության մասին՝

1) Միայն մեկ Աստված գոյություն ունի (Բ Օրինաց 6․4, Ա Կորնթացիս 8․4, Գաղատացիս 3․20, Ա Տիմոթեոս 2․5)։

2) Երրորդությունը կազմված է երեք անձերից (Ծննդոց 1․1,26, 3․22, 11․7, Եսայիա 6․8, 48․16, 61․1, Մատթեոս 3․16-17, 28․19, Բ Կորնթացիս 13․14)։ Ծննդոց 1․1 խոսքում կիրառված է եբրայերեն հոգնակի թվով Էլոհիմ բառը։ Ծննդոց 1․26, 3․22, 11․7 և Եսայիա 6․8 հատվածներում օգտագործված է հոգնակի թվով ներկայացված «մենք» դերանունը, ինչը եբրայերենում հստակ կերպով կրում է մեկից ավելի անձերի մասին խոսելու նշանակությունը։ Թեև այս ամենը Երրորդության մասին բերված հստակ ապացույցներ չեն, սակայն բերված հիմնավորումները խոսում են Աստծո մեջ հոգնակի թվով Անձանց մասին։ Աստված բառի եբրայերեն Էլոհիմ համարժեքը, միանշանակ, հիմք է դնում Երրորդության գաղափարին։

Եսայիա 48․16 և 61․1 խոսքերում Որդին խոսում է Հոր և Սուրբ Հոգու մասին։ Համեմատեք Եսայիա 61․1 և Ղուկաս 4․14-19 հատվածները, որպեսզի համոզվեք, որ դա Որդին է խոսում։ Մատթեոս 3․16-17 հատվածը նկարագրում է Տեր Հիսուսի մկրտությունը։ Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է Սուրբ Հոգի Աստված իջնում Որդի Աստծո վրա, մինչ Հայր Աստված խոսում է Որդու հանդեպ ունեցած բարեհաճության մասին։ Մատթեոս 28․19 և Բ Կորնթացիս 13․14 հատվածները Երրորդության երեք տարբեր անձերի մասին խոսող օրինակներ են։

3) Տարբեր հատվածներ կան, որտեղ Երրորդության Անձերն առանձնացվում են մեկը մյուսից։ Հին Կտակարանում «Տեր» բառը տարբերակվում է «Տիրոջից» բառից (Ծննդոց 19․24, Ովսե 1․3,4)։ Տերն ունի Որդի (Սաղմոս 2․7,12, Առակաց 30․2-4)։ Հոգին տարբերակված է «Տիրոջից» (Թվոց 27․18) և Աստծուց (Սաղմոս 51․10-12)։ Որդի Աստված տարբերակված է Հայր Աստծուց (Սաղմոս 45․6-7, Եբրայեցիս 1․8-9)։ Նոր Կտակարանում Տեր Հիսուս խոսում է Սուրբ Հոգու մասին՝ ասելով, որ Հայրը մեկ ուրիշ Մխիթարիչ կուղարկի (Հովհաննես 14․16-17)։ Սա խոսում է այն մասին, որ Հիսուս Ինքն Իրեն չէր համարում Հայրը կամ Սուրբ Հոգին։ Հիշենք նաև այն բոլոր հատվածները, երբ Տեր Հիսուս խոսում էր Հոր հետ։ Արդյոք Նա Ինքն Իր հե՞տ էր խոսում։ Ո՛չ։ Նա խոսում էր Երրորդության մեկ այլ Անձի՝ Հոր հետ։

4) Երրորդության յուրաքանչյուր Անձ Աստված է։ Հայրն Աստված է (Հովհաննես 6․27, Հռոմեացիս 1․7, Ա Պետրոս 1․2)։ Որդին Աստված է (Հովհաննես 1․1,14, Հռոմեացիս 9․5, Կողոսացիս 2․9, Եբրայեցիս 1․8, Ա Հովհաննես 5․20)։ Սուրբ Հոգին Աստված է (Գործք 5․3-4, Ա Կորնթացիս 3․16)։

5) Երրորդության մեջ ենթակայություն ենք նկատում։ Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ Սուրբ Հոգին ենթակա է Հորը և Որդուն, իսկ Որդին ենթակա է Հորը։ Սա ներքին հարաբերություն է և չի մերժում Երրորդության որևէ Անձի Աստված լինելը։ Այս ոլորտը, պարզապես, մի թեմա է առաջ բերում, որի շրջանակներում մենք մեր սահմանափակ մտքով անկարող ենք ընկալելու անսահման Աստծուն վերաբերող ճշմարտությունները։ Որդու մասին՝ տե՛ս Ղուկաս 22․42, Հովհաննես 5․36, Հովհաննես 20․21 և Ա Հովհաննես 4․14 հատվածները։ Սուրբ Հոգու վերաբերյալ՝ տե՛ս Հովհաննես 14․16, 14․26, 15․26, 16․7 և, հատկապես, Հովհաննես 16․13-14 հատվածները։

6) Երրորդության տարբեր Անձերը տարբեր գործառույթներ են իրականացնում։ Հայրը տիեզերքի արարման պատճառն է (Ա Կորնթացիս 8․6, Հայտնություն 4․11), աստվածային հայտնության (Հայտնություն 1․1), փրկության (Հովհաննես 3․16-17) և Տեր Հիսուսի երկրային գործերի աղբյուրը։ Հայրն է բոլոր այս նշվածները նախաձեռնողը։

Որդին այն միջնորդն է, Ում միջոցով Հայրը հետևյալ գործերն է իրագործում՝ տիեզերքի արարումն ու պահպանությունը (Ա Կորնթացիս 8․6, Հովհաննես 1․3, Կողոսացիս 1․16-17), աստվածային հայտնությունը (Հովհաննես 1․1, 16․12-15, Մատթեոս 11․27, Հայտնություն 1․1) և փրկությունը (Բ Կորնթացիս 5․19, Մատթեոս 1․21, Հովհաննես 4․42)։ Հայրը ամեն բան Որդի միջոցով է անում, Ով գործում է որպես Իր միջնորդը։

Սուրբ Հոգին այն միջոցն է, Ում միջոցով Հայրը հետևյալ գործերն է իրագործում՝ տիեզերքի արարումն ու պահպանությունը (Ծննդոց 1․2, Հոբ 26․13, Սաղմոս 104․30), աստվածային հայտնությունը (Հովհաննես 16․12-15, Եփեսացիս 3․5, Բ Պետրոս 1․21), փրկությունը (Հովհաննես 3․6, Տիտոս 3․5, Ա Պետրոս 1․2) և Տեր Հիսուսի գործերը (Եսայիա 61․1, Գործք 10․38)։ Այսպիսով, Հայրն այս բոլորը Սուրբ Հոգու զորությամբ է անում։

Բազմաթիվ փորձեր են արվել Երրոդությունը բացատրելու նպատակով հարմար օրինակներ գտնելու հարցում։ Սակայն հայտնի համեմատություններից ոչ մեկը ամբողջովին ճշգրիտ չէ։ Ձուն ընկնում է գետնին ու կոտրվում․ սպիտակուցը, դեղնուցը և կեղևը միասին այդ նույն ձուն են։ Նմանատիպ համեմատություն է ներկայացվում նաև խնձորի միջոցով․ խնձորի կորիզները խնձորի մի մասն են կազմում և ոչ թե հենց խնձորն են։ Սակայն Հայրը, Որդին և Սուրբ Հոգին Աստծո մի մասը չեն, այլ Նրանցից յուրաքանչյուրը հենց Աստված է։ Ջրի հետ համեմատությունը մի փոքր ավելի տեղին է, սակայն նույնպես ձախողվում է Երրորդությունը ճշգրիտ նկարագրելու հարցում։ Հեղուկ, գոլորշի և սառույցի վիճակները նույն ջրի տարբեր վիճակներն են։ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին Աստծո տարբեր վիճակները չեն։ Նրանցից յուրաքանչյուրն հենց Աստված է։ Այսպիսով, թեև նման օրինակները կարող են մեզ որոշակի պատկերացում փոխանցել Երրորդության մասին, սակայն նկարագրությունը երբեք ամբողջական կերպով չի փոխանցում իրականությունը։ Անսահման Աստված չի կարող նկարագրվել սահմանափակ օրինակներով։

Երրորդության վարդապետությունը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է տվել քրիստոնեական եկեղեցու պատմության ողջ ընթացքում։ Թեև Երրորդության հիմնադրույթները հստակ բերված են Աստվածաշնչում, սակայն դրանց որոշ մանրամասներ այնքան էլ հստակ չեն բացատրվում։ Հայրն Աստված է, Որդին Աստված է, Սուրբ Հոգին Աստված է, սակայն կա միայն մեկ Աստված։ Սա է Երրորդության աստվածաշնչյան վարդապետությունը։ Սրանից այն կողմ կան հարցեր, որոնք որոշակիորեն քննարկումներ կարող են առաջ բերել, սակայն էական կարևորություն չեն կրում իրենց մեջ։ Մեր մարդկային մտքով Երրորդությունն ամբողջովին սահմանելու փորձերի փոխարեն, ավելի լավ կլիներ կենտրոնանայինք Աստծո մեծության և Նրա անսահման մեծ էության փաստի վրա և նվիրվեինք Նրան ծառայելուն։ «Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։ Ո՞վ Տիրոջ միտքն իմացավ, կամ ո՞վ Նրան խորհրդատու եղավ» (Հռոմեացիս 11․33-34)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը Երրորդության վերաբերյալ:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries