settings icon
share icon
Հարց

Որքա՞ն է Երկրի տարիքը։ Քանի՞ տարեկան է Երկիր մոլորակը:

Պատասխան


Որոշ հարցերի առումով Աստվածաշունչը չափազանց հստակ է։ Օրինակ, մեր բարոյական պարտավորություններն Աստծո հանդեպ և մեր փրկության պայմանները ներկայացվում են ամենայն մանրամասնությամբ։ Սակայն կան նաև թեմաներ, որոնց պարագայում Աստվածաշունչը բավականին սակավ տեղեկատվություն է փոխանցում։ Աստծո Խոսքի մանրամասն ուսումնասիրությունը բացահայտում է, որ որքան կարևոր է թեման, այնքան հստակ ու պարզ է այն ներկայացվում Աստվածաշնչում։ Այլ կերպ ասած, «հիմնական թեմաները հստակ թեմաներն են»։ Աստվածաշնչում ոչ այնքան հստակ ներկայացվող թեմաներից մեկը Երկրի տարիքի մասին հարցն է։

Երկիր մոլորակի տարիքը ճշտելու մի քանի մեթոդ գոյություն ունի։ Դրանցից յուրաքանչյուրը հիմնվում է որոշակի ենթադրությունների վրա, որոնք կարող են լինել կամ չլինել ճշգրիտ։ Դրանք բոլորն էլ աստվածաշնչյան բառացիությունից մինչև գիտական բառացիություն ընկած միջակայքում են։

Երկրի տարիքը հաշվելու մոտեցումներից մեկը ենթադրում է, որ Ծննդոց 1-ին գլխում ներկայացված արարչագործության վեց օրերը բառացիորեն 24-ժամյա ժամակահատվածներ են և որ Ծննդոց գրքում տրված ժամանակագրությունը կամ սերնդաբանությունը առանց որևէ դադարների է ներկայացված։ Ծննդոց գրքի սերնդաբանության մեջ թվարկված տարիները գումարվում են իրար և ստանում ենք այն ժամանակահատվածը, որն ընկած է արարչագործության և Հին Կտակարանի որոշակի հայտնի իրադարձությունների միջև։ Այս մոտեցման պարագայում մենք գալիս ենք այն եզրահանգման, որ Երկրի մոլորակը մոտ 6000 տարեկան է։ Կարևոր է հիշել, որ Աստվածաշունչը հատուկ անդրադարձ չունի Երկրի տարիքի վերաբերյալ հարցին և նշված տարիքը վերը բերված մոտեցման արդյունքում հաշվարկված թիվ է։

Երկրի տարիքը հաշվարկելու ևս մեկ մոտեցում է այնպիսի մեթոդների կիրառությունը, ինչպիսիք են ռադիոմետրիկական (ածխածնային) չափումները, երկրաբանական ժամանակաշրջանները և այլն։ Տարբեր մեթոդների համադրության և նրանց համապատասխանության ստուգման արդյունքում գիտնականները փորձում են հաշվարկել մեր մոլորակի տարիքը։ Այս մեթոդի կիրառության արդյունքում Երկրի տարիքը հաշվարկվում է 4-ից 5 միլիարդ տարի։ Կարևոր է հիշել, որ Երկրի տարիքն ուղղակիորեն չափելու միջոց գոյություն չունի։ Այս թվերը տարբեր հաշվարկների արդյունք են։

Այս երկու մոտեցումներից յուրաքանչյուրն էլ որոշակի թերություններ ունի Երկրի ճշգրիտ տարիքը հաշվարկելու առումով։ Աստվածաբանների մի մասը չի հավատում, որ արարչագործության օրերը բառացիորեն 24-ժամյա ժամանակահատված են եղել։ Նաև հիմքեր կան ենթադրելու, որ Ծննդոց գրքում նշված սերնդաբանություններում չարձանագրված միջակայքեր կարող են լինել։ Երկրի տարիքը հաշվարկելու գիտական մեթոդները մեզ մղում են այն փաստի ընդունմանը, որ մեր մոլորակը չի կարող լինել այդքան երիտասարդ՝ 6000 տարեկան։ Նման փաստարկները հերքելը միայն մեկ հնարավոր տարբերակ է թողնում՝ Աստված տիեզերքը արարել է այնպես, որպեսզի ինչ-որ պատճառով այն ավելի հին երևա։ Չնայած հակառակ պնդումներին, բազմաթիվ քրիստոնյաներ, ովքեր հարում են Երկրի ավելի հին տարիքի տեսակետին, շարունակում են հավատալ Աստվածաշնչի անսխալականությանն ու ներշնչվածությանը, սակայն այլ կերպ են մեկնաբանում որոշ աստվածաշնչյան հատվածներ։

Մյուս կողմից ռադիոմետրիկական հաշվարկները օգտակար կամ ճշգրիտ են միայն մինչև որոշակի ժամանակաշրջանը, որը շատ ավելի քիչ է, քան Երկրի տարիքը որոշելու համար անհրաժեշտ սանդղակը։ Երկրաբանական ժամանակաշրջանների մոտեցումը, բրածո արձանագրությունները և այլ մեթոդներ մեծապես կախված են որոշակի ենթադրություններից և հակված են մոդելավորման սխալների։ Նույնը ճշմարիտ է տիեզերքի ուսումնասիրության առումով։ Մենք գոյություն ունեցող իրականության մի չնչին մասնիկն ենք միայն տեսնում, և մեր գիտելիքի մեծ մասը միայն տեսական է։ Կարճ ասած, հիմնավոր պատճառներ կան ենթադրելու համար, որ Երկրի տարիքի աշխարհիկ մոտեցումները նույնպես վստահելի չեն։ Գիտական հարցին պատասխանելու համար գիտության վրա հիմնվելը ճիշտ մոտեցում է, սակայն մենք չպետք է գիտությանը օժտենք անսխալականության որակով։

Ի վերջո, պետք է ընդունենք, որ Երկրի ժամանակագրական տարիքն անհնարին է հստակ որոշել։ Ցավոք սրտի, թե՛ աստվածաբանական և թե՛ գիտական ճամբարներում տեսակետներ կան, որոնք պնդում են իրենց բացարձակ ճշմարիտ լինելը։ Իրականում, ոչ մի անլուծելի հակասություն չկա քրիստոնեության և Երկրի ավելի հին տարիքի տեսակետների միջև։ Ո՛չ էլ իրական գիտական հակասություն գոյություն ունի գիտության և Երկրի ավելի վաղ տարիքի տեսակետների միջև։ Նման պնդումներ անողները փորձում են տարաձայնություններ առաջացնել այնտեղ, որտեղ դրանց կարիքը չկա։ Որ տեսակետին էլ հարի մարդը, կարևորն այն է, թե նա վստահո՞ւմ է արդյոք Աստծո Խոսքի ճշմարիտ լինելուն և հեղինակությանը։

Մեր ծառայությունը հակված է Երկրի ավելի վաղ տարիքի տեսակետին։ Մենք հավատում ենք Ծննդոց 1-2 գլուխների բառացի մեկնաբանությանը, և երիտարասրդ Երկրի վերաբերյալ կրեացիոնիստական տեսակետներին։ Միևնույն ժամանակ, մենք չենք կարծում, թե Երկրի հին տարիքի մասին տեսակետը շեղում է Աստվածաշնչից։ Մենք հարցականի տակ չենք դնում Քրիստոսով մեր այն եղբայրների ու քույրերի հավատը, որոնք չեն համաձայնվում մեր տեսակետին։ Մենք հավատում ենք, որ մարդը կարող է հավատալ Երկրի հին տարիքին և հետևել քրիստոնեական հավատի հիմնական վարդապետություններին։

Երկրի տարիքի նմանությամբ թեմաների պատճառով էր, որ Պողոս առաքյալը հավատացյալներին կոչ էր անում չվիճաբանել այն թեմաների շուրջ, որոնց մասին Աստվածաշունչը չի ներկայացնում հստակ մանրամասներ (Հռոմեացիս 14․1-10, Տիտոս 3․9)։ Երկրի տարիքը հստակ չի ներկայացվում Աստվածաշնչում, և այն «կարևոր» վարդապետություն չէ, որի հիման վրա կառուցվում են անհատի պատկերացումները մեղքի, փրկության, բարոյականության, դրախտի կամ դժոխքի վերաբերյալ։ Մենք կարող ենք իմանալ, թե Ով է արարել տիեզերքը և թե ինչպիսի վերաբերմունք պետք է ունենանք Արարչի հանդեպ, սակայն Աստվածաշունչը լռում է այն հարցի վերաբերյալ, թե Աստված երբ է արարել Երկիրը։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Որքա՞ն է Երկրի տարիքը։ Քանի՞ տարեկան է Երկիր մոլորակը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries