settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը ալկոհոլային խմիչքներ / գինի օգտագործելու մասին։ Արդյոք քրիստոնյայի համար մե՞ղք է ալկոհոլ / գինի օգտագործելը:

Պատասխան


Աստվածաշնչի բազմաթիվ հատվածներում անդրադարձ կա ալկոհոլային խմիչքներ օգտագործելուն (Ղևտացիս 10․9, Թվոց 6․3, Բ Օրինաց 29․6, Դատավորաց 13․4,7,14, Առակաց 20․1, 31․4, Եսայիա 5․11,22, 24,9, 28․7, 29․9, 56․12)։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը հատուկ կերպով չի արգելում քրիստոնյաներին ալկոհոլային խմիչներ օգտագործելը։ Իրականում, աստվածաշնչյան որոշ հատվածներ անգամ դրական կողմից են լուսաբանում դրանց օգտագործումը։ Ժողովող 9․7 խոսքում կարդում ենք․ «Գնա՛, ուրախությամբ կե՛ր հացդ և զվարթ սրտով խմի՛ր գինիդ, որովհետև Աստված արդեն հավանել է քո գործերը»: Սաղմոս 104․14-15 հատվածում կարդում ենք, որ Աստված տալիս է «գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը․․․»։ Ամովս 9․14 խոսքը սեփական այգու գինին խմելը ներկայացնում է, որպես Աստծուց տրված օրհնություն։ Եսայիա 55․1 խոսքում կարդում ենք․ «․․․գնե՛ք գինի և կաթ առանց փողի․․․»։

Սակայն Աստված հստակ արգելում է քրիստոնյաներին արբենալմալկոհոլային խմիչքների ազդեցությունից (Եփեսացիս 5․18)։ Աստվածաշունչը դատապարտում է հարբելն ու դրա հետևանքները (Առակաց 23․29-35)։ Քրիստոնյաները պետք է նաև ուշադիր լինեն, որպեսզի թույլ չտան, որ որևէ բան «իշխի» իրենց մարմիններին (Ա Կորնթացիս 6․12, Բ Պետրոս 2․19)։ Անհերքելի փաստ է, որ ալկոհոլի պարբերաբար օգտագործումը դրանից կախվածություն է առաջ բերում մարդու մոտ։ Աստվածաշունչը նաև արգելում է անել ցանկացած բան, ինչը մյուս քրիստոնյաների համար կարող է գայթակղություն կամ վիրավորական լինել, ինչպես նաև մղել նրանց հակառակ իրենց խղճին մեղք գործելուն (Ա Կորնթացիս 8․9-13)։ Հաշվի առնելով այս սկզբունքների առկայությունը՝ ծայրահեղ դժվար է լինելու որևէ քրիստոնյայի համար պնդել, թե ալկոհոլի պարբերաբար և մեծ քանակներով օգտագործումը որևէ կերպ կարող է Աստծուն փառավորել (Ա Կորնթացիս 10․31)։

Տեր Հիսուս ջուրը գինի դարձրեց։ Կարող ենք եզրակացնել, որ Նա երբեմն նաև Ինքն էր գինի խմում (Հովհաննես 2․1-11, Մատթեոս 26․29)։ Նորկտակարանյան ժամանակներում ջուրն այնքան էլ մաքուր չէր։ Առանց ախտահանող միջոցների այն հաճախ լի էր բակտերիաներով, վիրուսներով և տարբեր տեսակի աղտոտ նյութերով։ Սա այսօր ճշմարիտ է Երրորդ աշխարհի շատ երկրներում։ Այդ պատճառով մարդիկ հաճախ գինի էին խմում (կամ խաղողի հյութ), քանի որ ավելի քիչ հավանական էր դրա աղտոտվածությունը։ Ա Տիմոթեոս 5․23 խոսքում Պողոս առաքյալը Տիմոթեոսին խորհուրդ է տալիս դադարեցնել մեծ քանակությամբ ջրի օգտագործումը (ինչն, ամենայն հավանականությամբ, ստամոքսի խնդիրների պատճառ էր դարձել) և փոխարենը գինի օգտագործել։ Այն ժամանակներում գինին ֆերմենտացվում էր (պարունակում էր ալկոհոլ), սակայն ոչ անհրաժեշտաբար այն աստիճանի թնդության, ինչպիսին մեր օրերում է։ Սխալ կլինի ասել, թե այն ժամանակների գինին խաղողի հյութ էր, սակայն նույնքան սխալ է պնդելը, թե նույն գինին է, ինչը մենք ունենք այսօր։ Կրկին, Աստվածաշունչը հատուկ կերպով չի արգելում քրիստոնյաներին ալկոհոլ պարունակող խմիչքների գործածումը։ Չի կարելի է ասել, թե ալկոհոլն, ինքնին, մեղք է։ Արբենալն ու ալկոհոլից կախվածության մեջ ընկնելն է, որ հստակ արգելված է քրիստոնյաների համար (Եփեսացիս 5․18, Ա Կորնթացիս 6․12)։

Փոքր քանակությամբ օգտագործված ալկոհոլը ո՛չ վնասակար է և ո՛չ էլ կախվածություն է առաջացնում։ Իրականում, որոշ բժիշկներ անգամ խորհուրդ են տալիս որոշակի խնդիրների ժամանակ փոքր քանակի կարմիր գինի օգտագործել։ Փոքր քանակությամբ ալկոհոլի օգտագործումը քրիստոնեական ազատության խնդիր է։ Իսկ հարբելն ու կախվածության մեջ ընկնելը մեղք է։ Սակայն կարևոր է նշել, որ ալկոհոլի և դրա հետևանքների հանդեպ Աստվածաշնչի զգուշացումների պատճառով՝ հաշվի առնելով ալկոհոլի կախվածություն առաջացնելու գայթակղությունը և ալկոհոլ օգտագործող քրիստոնյաների կողմից մյուսների համար գայթակղություն լինելու կամ վիրավորական վերաբերմունք ցուցաբերելու փաստը, հաճախ քրիստոնյաների համար լավագույն տարբերակը ալկոհոլային խմիչների օգտագործման ի սպառ բացառումն է և դրանցից հրաժարվելը։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը ալկոհոլային խմիչքներ / գինի օգտագործելու մասին։ Արդյոք քրիստոնյայի համար մե՞ղք է ալկոհոլ / գինի օգտագործելը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries