settings icon
share icon
Հարց

Գոյություն ունե՞ն արդյոք այլմոլորակայիններ և ՉԹՕ-ներ:

Պատասխան


Նախ, եկե՛ք սահմանենք «այլմոլորակայիններին» որպես «էակներ, որոնք ունակ են բարոյական որոշումների, ունեն մտային կարողություն, զգացմունքներ և կամք»։ Ստորև ներկայացնում ենք մի քանի գիտական փաստեր՝

1. Մարդիկ տիեզերանավեր են ուղարկել արեգակնային համակարգի գրեթե բոլոր մոլորակներ։ Այդ մոլորակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրեթե բոլորը, բացի Մարսից և, հավանաբար, նաև Յուպիտերի լուսնից, անկարող են կյանքի գոյության միջավայրեր լինել։

2. 1976 թվականին ԱՄՆ-ը երկու տիեզերանավ ուղարկեց դեպի Մարս։ Դրանցից յուրաքանչյուրը զինված էր համապատասխան գործիքներով, որպեսզի փորեն Մարս մոլորակի մակերևույթի հողը և վերլուծեն այն կյանքի գոյության առումով։ Նրանք բացարձակապես ոչինչ չգտան։ Ի տարբերություն այս արդյունքի, եթե դուք վերլուծեք ամենաչոր անապատը կամ Անտարկտիդայի խորը սառած հողը, ապա կհայտնաբերեք, որ դրանք լի են միկրոօրգանիզմներով։ 1997 թվականին ԱՄՆ-ը Փաթֆայնդեր առաքելությունն ուղարկեց Մարսի մակերևույթն ուսումնասիրելու նպատակով։ Այս սարքը նախկիններից ավելի շատ նմուշառումներ կատարեց և փորձեր իրականացրեց։ Այս առաքելությունը նույնպես բացարձակապես կյանքի ոչ մի նշույլ չհայտնաբերեց։ Արդյունքները միշտ նույնն էին։

3. Աստղագետները մշտապես նորանոր մոլորակներ են հայտնաբերում հեռավոր արեգակնային համակարգերում։ Ոմանք ենթադրում են, որ այդքան շատ մոլորակների գոյությունը խոսում է այն մասին, որ տիեզերքի մեկ այլ վայրում էլ պետք է կյանք լինի։ Սակայն իրականությունը կայանում է նրանում, որ դեռևս ոչ մի մոլորակի պարագայում չի հաստատվել կյանքի գոյությունը։ Որոշ մոլորակների ահռելի հեռավորությունը Երկրից անհնարին է դարձնում որևէ եզրակացություն դրանց կյանքի ապահովման միջավայրի վերաբերյալ։ Համոզվելով, որ մեր արեգակնային համակարգում միայն Երկիր մոլորակն է ունակ կյանքի համար բարենպաստ միջավայր ապահովելու, էվոլյուցիոնիստները մեծ փափագ ունեն մեկ այլ արեգակնային համակարգում կյանքի ապացույցներ գտնելու, որպեսզի հաստատեն իրենց տեսակետն առ այն, թե կյանքը էվոլյուցիայի արդյունք է։ Անշուշտ, բազմաթիվ մոլորակներ գոյություն ունեն տիեզերքում, սակայն մենք չենք կարող այս առումով եզրահանգումներ անել դրանց վերաբերյալ, քանի որ բավականին քիչ տեղեկություների ենք տիրապետում։

Այսպիսով, ի՞նչ է այս մասին ասում Աստվածաշունչը։ Երկիր մոլորակն ու մարդկությունը Աստծո յուրահատուկ արարչագործությունն են։ Ծննդոց 1-ին գլուխը սովորեցնում է, որ Աստված Երկիրը արարել է նախքան արեգակը, լուսինն ու աստղերն արարելը։ Գործք 17․24,26 խոսքերում կարդում ենք․ «Այն Աստվածը, որ ստեղծել է այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է երկնքի և երկրի Տերը։ Նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում…։ Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները»։

Ի սկզբանե, մարդկությունն առանց մեղքի էր արարվել, և ամեն բան երկրի վրա «բարի էր» (Ծննդոց 1․31)։ Երբ առաջին մարդը մեղք գործեց (Ծննդոց 3), արդյունքը տարբեր տեսակ խնդիրների ի հատ գալն էր՝ ներառյալ հիվանդությունն ու մահը։ Թեև կենդանիները ոչ մի մեղք չէին գործել Աստծո առջև (դրանք բարոյական արարածներ չեն), սակայն կրկին ենթակա դարձան տառապանքի ու մահվան (Հռոմեացիս 8․19-22)։ Հիսուս Քրիստոս մահացավ, որպեսզի մեզ ազատի այն պատժից, որին արժանի էինք մեր մեղքերի պատճառով։ Երբ Նա վերադառնա, Տերը կվերացնի այն անեծքը, որը գործում է Ադամի օրերից սկսած (Հայտնություն 21–22 գգ․)։ Ուշադրություն դարձրեք, որ Հռոմեացիս 8․19-22 հատվածը խոսում է այն մասին, որ ողջ արարչագործությունը փափագով սպասում է այդ օրվան։ Կարևոր է նաև նշել, որ Քրիստոս եկավ մարդկության մեղքի համար մահանալու և արեց դա մեկ անգամ ու մեկընդմիշտ (Եբրայեցիս 7․27, 9․26-28, 10․10)։

Եթե ողջ արարչագործությունը տառապում է անեծքի տակ, ապա ցանկացած կենդանի օրգանիզմ, որը ենթադրաբար գոյություն ունի երկրի սահմաններից դուրս նույնպես տառապում է այդ անեծքի պատճառով։ Հանուն փաստարկման, եթե ենթադրենք, թե այլ մոլորակների վրա գոյություն ունեն բարոկայան արարածներ, ապա նրանք նույնպես ընկնում են տառապանքի այդ անեծքի ներքո, և եթե ոչ հիմա, ապա մի օր նրանք կործանվելու են, երբ «երկինքը շառաչյունով պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն (Բ Պետրոս 3․10)։ Եթե նրանք երբեք մեղք չեն գործել, ապա Աստված անարդար կգտնվի՝ պատժելով նրանց։ Սակայն եթե գործել են, և Քրիստոս միայն մեկ անգամ է մահացել (ինչը տեղի է ունեցել Երկրի վրա), ապա նրանք իրենց մեղքերի մեջ են մնացել, ինչը հակասում է Աստծո բնույթին (Բ Պետրոս 3․9)։ Նման տրամաբանությունը մեզ մի անլուծելի խնդրի առջև է կանգնեցնում, եթե, իհարկե, գոյություն ունեն բարոյական էակներ Երկրի սահմաններից այն կողմ։

Իսկ ի՞նչ ասենք մյուս մոլորակների վրա ոչ բարոյական և ոչ զգայական կյանքի ձևերի գոյության վերաբերյալ։ Հնարավո՞ր է, որ ջրիմուռներ կամ անգամ կատու կամ շուն գոյություն ունենան մի անհայտ մոլորակի վրա։ Եթե անգամ չբացառենք նման հնարավորությունը, ապա դա ոչ մի կերպ չի կարող հակասել որևէ աստվածաշնչյան հատվածի։ Սակայն դա խնդիրներ կառաջացնի, երբ փորձենք պատասխանել հետևյալ հարցին․ «Եթե ողջ արարչագործությունն է տառապում, ապա ո՞րն է իմաստը Աստծո կողմից ոչ բարոյական և ոչ զգայական էակներ ստեղծելու մեջ, որպեսզի նրանք տառապեն հեռավոր մոլորակների վրա»։

Ամփոփելով՝ ասենք, որ Աստվածաշունչը ոչ մի հիմք չի տալիս հավատալու, թե տիեզերքի որևէ այլ վայրում կյանք գոյություն ունի։ Իրականում, Աստվածաշունչը մի քանի պատճառ է նշում, թե ինչու դա հնարավոր չէ։ Այո՛, բազմաթիվ տարօրինակ ու անբացատրելի երևույթներ կան, որոնց ականատես են եղել մարդիկ։ Սակայն ոչ մի պատճառ գոյություն չունի, որպեսզի այդ երևույթները վերագրվեն այլմոլորակայիններին կամ ՉԹՕ-ներին։ Եթե նման երևույթները իրապես տեղի են ունեցել, ապա, հավանական է, որ դրանք հոգևոր բնույթ ունեն։ Իսկ եթե ավելի հստակ ձևակերպենք՝ իրենց ծագման մեջ դիվային են։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Գոյություն ունե՞ն արդյոք այլմոլորակայիններ և ՉԹՕ-ներ:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries