settings icon
share icon
Հարց

Արդյոք Քրիստոսի աստվածությունն ունի՞ աստվածաշնչյան հիմք:

Պատասխան


Բացի սեփական անձի վերաբերյալ Հիսուսի պնդումներից, Նրա աշակերտները նույնպես ընդունում էին Նրա Աստված լինելը: Աշակերտները հայտարարում էին, որ Հիսուս ունի մեղքեր ներելու իրավունք, ինչը միայն Աստված կարող էր ունենալ, քանի որ մարդկանց գործած մեղքերը զանցանք են հենց Աստծո հանդեպ (Գործք 5․31, Կողոսացիս 3․13, Սաղմոս 130․4, Երեմիա 31․34)։ Այս պնդման հետ սերտ առնչություն ունի Հիսուսի մասին ասվածը, որ Նա «դատելու է ողջերին և մահացածներին» (Բ Տիմոթեոս 4․1)։ Թովմասը Հիսուսին դիմեց այս խոսքերով․ «Ո՜վ իմ Տե՛ր և իմ Աստվա՛ծ» (Հովհաննես 20․28)։ Պողոսը Հիսուսին կոչում է «մեծ Աստված և Փրկիչ» (Տիտոս 2․13) և նշում է, որ Իր մարմնացումից առաջ Հիսուս գոյություն ուներ «Աստծո կերպարանքով» (Փիլիպեցիս 2․5-8)։ Հայր Աստված Հիսուսի մասին ասում է․ «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է» (Եբրայեցիս 1․8)։ Հովհաննեսը գրում է․ «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն [Հիսուսը] Աստված էր (Հովհաննես 1․1)։ Աստվածաշնչյան հատվածները, որոնք սովորեցնում են Քրիստոսի Աստված լինելու մասին, բազմաթիվ են (տե՛ս Հայտնություն 1․17, 2․8, 22․13, Ա Կորնթացիս 10․4, Ա Պետրոս 2․6-8, Սաղմոս 18․2, 95․1, Ա Պետրոս 5․4, Եբրայեցիս 13․20), սակայն նշվածներից միայն մեկն էլ բավարար կլիներ, որպեսզի ցույց տայինք այն փաստը, որ Քրիստոս Իր հետևորդների կողմից ընդունվում էր որպես Աստված։

Հիսուս նաև կրել է այն բնութագրերը, որոնք հատուկ են Յահվեին (Աստծո անուններից մեկը) Հին Կտակարանում։ Հինկտակարանյան «փրկող» բնութագիրը (Սաղմոս 130․7, Ովսե 13․14) Նոր Կտակարանում կիրառվում է Հիսուսի առումով (Տիտոս 2․13, Հայտնություն 5․9)։ Մատթեոսի ավետարանի առաջին գլխում Հիսուս անվանվում է Էմմանուել՝ «Աստված մեզ հետ»։ Զաքարիա 12․10 խոսքում Յահվեն է, որ ասում է․ «․․․նրանք պիտի նայեն Ինձ, Ում խոցեցին․․․»։ Իսկ Նոր Կտակարանում այս ամենը տեղի է ունենում Հիսուսի խաչելության ժամանակ (Հովհաննես 19․37, Հայտնություն 1․7)։ Եթե Յահվեն էր, Ում խոցեցին և Ում նայեցին, ապա Հիսուս հենց Յահվեն է։ Պողոս առաքյալը Եսայիա 45․22-23 հատվածը մեկնաբանում է՝ կիրառելով այն Հիսուսի առումով Փիլիպեցիս 2․10-11 հատվածում։ Ավելին, Հիսուսի անունն օգտագործվում է Հայր Աստծո անվան հետ միասին․ «․․․շնորհ և խաղաղություն ձեզ Հայր Աստծուց ու մեր Տեր Հիսուս Քրիստոսից» (Գաղատացիս 1․3, Եփեսացիս 1․2)։ Սա անարգանքի նման կհնչեր, եթե Քրիստոս հենց Աստված չլիներ։ Հիսուսի անունը տեսնում ենք Աստծո անվան հետ միասին, երբ Տերը հրահանգում է մկրտել «Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով [եզակի թվով]» (Մատթեոս 28․19, տե՛ս նաև Բ Կորնթացիս 13․14)։

Այնպիսի գործողություններ, որոնք միայն Աստված կարող է իրագործել, իրողություն են դառնում Տեր Հիսուսի ծառայության մեջ։ Նա ոչ միայն հարություն է տալիս մահացածներին (Հովհաննես 5․21, 11․38-44) և ներում մեղքեր (Գործք 5․31, 13․38), այլև Նա է արարել և կարգավորում տիեզերքը (Հովհաննես 1․2, Կողոսացիս 1․16-17)։ Ասվածն ավելի հստակ է դառնում, երբ կարդում ենք, որ Յահվեն հայտարարում է, որ միայն Նա էր ներկա արարչագործության ժամանակ (Եսայիա 44․24)։ Ավելին, Քրիստոս կրում է այնպիսի որակներ, որոնք միայն Աստված կարող է ունենալ՝ Նա հավիտենական է (Հովհաննես 8․58), ամենագո (Մատթեոս 18․20, 28․20), ամենագետ (Մատթեոս 16․21) և ամենակարող (Հովհաննես 11․38-44)։

Անշուշտ, մի բան է պնդել, որ դու Աստված ես և այնպես անել, որ բոլորը հավատան, որ դա ճշմարիտ է, և բացարձակապես այլ բան, ամբողջովին ապացուցել, որ դա ճշմարտություն է։ Քրիստոս բազմաթիվ հրաշքներ գործեց որպես ապացույց Աստված լինելու Իր պնդման։ Թվարկենք դրանցից մի քանիսը՝ ջուրը գինի դարձնելը (Հովհաննես 2․7), ջրերի վրայով քայլելը (Մատթեոս 14․25), հացի բազմացումը (Հովհաննես 6:11), կույրի (Հովհաննես 9․7), կաղի (Մարկոս 2․3), տարբեր ցավեր ու հիվանդություններ ունեցողների բժշկությունը (Մատթեոս 9․35, Մարկոս 1․40-42) և անգամ մահացած մարդկանց հարությունը (Հովհաննես 11․43-44, Ղուկաս 7․11-15, Մարկոս 5․35)։ Եվ վերջապես, Հիսուս Իրեն հարություն տվեց մահացածների միջից։ Բացի հեթանոսական առասպելաբանության մեջ այսպես կոչված աստվածների մահանալու ու հարություն առնելու նկարագրություններից, որոնք ակնհայտ կերպով հեռու են ճշմարտության հետ որևէ առնչություն ունենալուց, ոչ մի կրոն երբևէ չի պնդել հարության որևէ փաստ և չունի ոչ սուրբգրային հարակից գրականությամբ հաստատվող այդքան մեծ թվով վկայություններ։

Առնվազն տասներկու պատմական փաստ գոյություն ունի Հիսուսի մասին, որոնց հետ համաձայնվում են անգամ ոչ քրիստոնյա ուսումնասիրողները՝

1. Հիսուս մահացել է խաչի վրա։
2. Նա թաղվել է գերեզմանում։
3. Նրա մահն Իր աշակերտների շրջանում հուսահատություն և անելանելիության վիճակ էր ստեղծել։
4. Մի քանի օր անց Հիսուսի գերեզմանը դատարկ էր (ոմանք համաձայնվում են միայն հետևյալ ձևակերպման հետ՝ պնդում են, թե դատարկ էր)։
5. Աշակերտները հավատում էին, որ փորձառաբար ապրել են հարություն առած Հիսուսի հետ հանդիպման իրողությունը։
6. Այս ամենից հետո աշակերտները կասկածամիտներից փոխակերպվեցին և դարձան խիզախ հավատացյալներ։
7. Այս ուղերձը դարձավ վաղ եկեղեցու քարոզության կենտրոնը։
8. Այս ուղերձը քարոզվում էր Երուսաղեմում։
9. Նման քարոզության արդյունքում ծնվեց Եկեղեցին և այն աճում էր։
10. Հարության օրը՝ կիրակին, փոխարինեց շաբաթին որպես երկրպագության առաջնային օր։
11. Հակոբոսը, որ չէր հավատում, սակայն ապաշխարեց, երբ տեսավ հարություն առած Հիսուսին և հավատաց Նրան։
12. Պողոսը՝ քրիստոնեության ոխերիմ թշնամիներից մեկը, դարձավ քրիստոնյա այն բանից հետո, երբ, ինչպես ինքն է նկարագրում, հանդիպեց հարություն առած Քրիստոսին։

Եթե որևէ մեկը առարկի հենց այս թվարկման դեմ, ապա պետք է ասենք, որ դրանում թվարկվածներից մի քանիսն էլ բավարար են հարության փաստն ապացուցելու և Ավետարանը հաստատելու համար, որը ներառում է Հիսուսի մահը, թաղումը, հարությունը և մարդկանց երևալը (Ա Կորնթացիս 15․1-5)։ Թեև որոշ տեսություններ կարող են բացատրել վերը թվարկված մեկ կամ երկու փաստերը, սակայն միայն հարության փաստն է վերը թվարկվածների բացատրությունը։ Քննադատները ընդունում են, որ աշակերտները պնդում էին հարություն առած Հիսուսին հանդիպած լինելու փաստը։ Ո՛չ սուտը և ո՛չ էլ հալյուցինացիաները չեն կարող մարդկանց այնպես փոխակերպել, ինչպես հարության փաստն է արել։ Նախ, ի՞նչ էին նրանք շահում դրանից։ Քրիստոնեությունը նախընտրելի կրոն չէր, նրանք ոչ մի ֆինանսական շահ չունեին դրանից։ Երկրորդ, ստախոսները նվիրյալ մարտիրոսներ չեն դառնում։ Իրենց կյանքը հանուն հավատքի սարսափելի տանջանքների արդյունքում զոհելու հարցում աշակերտների պատրաստակամության բացատրության ավելի խելամիտ տարբերակ չկա, քան հարության փաստի իրողությունը։ Այո՛, շատ մարդիկ կարող են իրենց կյանքը զոհել հանուն ստի, որը կարծում են, թե ճշմարտություն է, սակայն մարդիկ չեն մահանում հանուն այնպիսի գաղափարների, որոնց վերաբերյալ համոզված են, որ դրանք կեղծիքի վրա են հիմնված։

Որպես վերջաբան նշենք, որ Քրիստոս պնդում էր, որն Ինքը Յահվեն է և որ Ինքն Աստված է (ոչ թե պարզապես մի «աստված», այլ միակ ճշմարիտ Աստված) և Նրա հետևորդները (հրեաներ, որոնց համար կռապաշտությունը սարսափելի մեղք էր) հավատում էին Նրան և Նրան վերաբերվում որպես Աստծո։ Քրիստոս Իր Աստված լինելու պնդումը ապացուցեց հրաշքների միջոցով, որոնցից մեծագույնը մահացածների միջից հարություն առնելն էր։ Ոչ մի այլ ենթադրություն չի կարող խելամիտ բացատրություն տալ նշված փաստերին։ Այո՛, Հիսուսի Աստված լինելը աստվածաշնչյան ճշմարտություն է։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք Քրիստոսի աստվածությունն ունի՞ աստվածաշնչյան հիմք:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries