settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը դևերի կամ չար ոգիների մասին:

Պատասխան


Չար ոգիները կամ դևերը ընկած հրեշտակներ են, ինչպես գրված է Հայտնություն 12․9 խոսքում․ «Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան»։ Սատանայի Երկնքից ընկնելը խորհրդանշաբար նկարագրվում է Եսայիա 14․12–15 և Եզեկիել 28․12–15 հատվածներում։ Երբ նա ընկավ, սատանան իր հետ միասին վայր գցեց նաև հրեշտակների մի ստվար զանգված՝ նրանց մեկ երրորդը, ըստ Հայտնություն 12․4 խոսքի։ Հուդա 6 խոսքը նույնպես անդրադառնում է մեղք գործած հրեշտակներին։ Այսպիսով, ըստ Աստվածաշնչի, չար ոգիները ընկած հրեշտակներ են, որոնք որոշեցին միանալ սատանային Աստծո դեմ ապստամբության մեջ։

Որոշ չար ոգիներ իրենց մեղքի համար արդեն իսկ կապված են հավիտենական կապանքներով խավարի մեջ (Հուդա 1․6)։ Մյուսները գործելու որոշակի ազատություն ունեն և Եփեսացիս 6․12 խոսքում բնութագրվում են որպես «այս խավար աշխարհի տիրակալներ և երկնքում գտնվող չար ոգիներ» (նաև՝ Կողոսացիս 2․15)։ Չար ոգիները գտնվում են սատանայի առաջնորդության ներքո և պատերազմում են բարի հրեշտակների դեմ, փորձելով խոչընդոտել Աստծո ծրագրերին ու խանգարել Աստծո ժողովրդին (Դանիել 10․13)։

Չար ոգիները, որպես հոգևոր էակներ, ֆիզիկական մարմինների մեջ բնակություն հաստատելու ունակություն ունեն։ Դիվահարությունը տեղի է ունենում, երբ մարդու մարմինն ամբողջությամբ կառավարվում է չար ոգու կողմից։ Սա չի կարող տեղի ունենալ Աստծո զավակի հետ, քանի որ Սուրբ Հոգին է բնակվում Քրիստոսին հավատացող մարդու ներսում (Ա Հովհաննես 4․4)։

Իր երկրային ծառայության ընթացքում Տեր Հիսուս բազմաթիվ դևերի բախվեց։ Անշուշտ, դրանցից ոչ մեկի զորությունը չէր էլ կարող համեմատվել Նրա զորության հետ․ «Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ շատ դիվահարների բերեցին, և նա խոսքով հանեց ոգիներին ու բոլոր հիվանդներին բժշկեց» (Մատթեոս 8․16)։ Դևերի վրա Տեր Հիսուսի ունեցած իշխանությունը Նրա Աստծո Որդի լինելու ապացույցներից մեկն էր (Ղուկաս 11․20)։ Տեր Հիսուսին հանդիպած չար ոգիները գիտեին Նրա Ով լինելը և վախենում էին Նրանից․ «Եվ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Աստծո՛ւ Որդի։ Այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս» (Մատթեոս 8․29)։ Չար ոգիները գիտեն, որ իրենց վերջը հավիտենական տանջանքն է լինելու։

Սատանան ու նրա դևերը գործում են, որպեսզի խոչընդոտեն Աստծո գործին ու հնարավորինս շատ մարդկանց մոլորեցնեն (Ա Պետրոս 5․8, Բ Կորնթացիս 11․14–15)։ Դևերը նկարագրվում են որպես չար ոգիներ (Ղուկաս 8․2), պիղծ ոգիներ (Մարկոս 1․27), ստության ոգիներ (Գ Թագավորաց 22․23) և սատանայի հրեշտակներ (Հայտնություն 12․9)։ Սատանան ու նրա դևերը մոլորեցնում են աշխարհը (Բ Կորնթացիս 4․4), կեղծ վարդապետություններ են հորինում (Ա Տիմոթեոս 4․1), վնասում են քրիստոնյաներին (Բ Կորնթացիս 12․7, Ա Պետրոս 5․8) և պատերազմում սուրբ հրեշտակների դեմ (Հայտնություն 12․4–9)։

Դևերը կամ ընկած հրեշտակները Աստծո թշնամիներն են, սակայն պարտված թշնամիներ են։ Քրիստոս «իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց Իրենով» (Կողոսացիս 2․15)։ Եթե մենք հնազանդվում ենք Աստծուն և հակառակ կանգնում սատանային, ապա վախենալու ոչ մի բան չունենք։ «Որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է» (Ա Հովհաննես 4․4).

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը դևերի կամ չար ոգիների մասին:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries