Հարց
Ինչպե՞ս պետք է քրիստոնյա հավատացյալները դաստիարակեն իրենց երեխաներին։ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը։
Պատասխան
Երեխաներին լավագույն կերպով դաստիարակել սովորելը կարող է բավականին բարդ բան լինել, սակայն չափազանց մեծ կարևորություն ունի։ Ոմանք պնդում են, թե Աստվածաշնչի առաջարկած միակ մեթոդը դաստիրակաության ֆիզիկական դրսևորումն է (ընդհանուր պատիժները և ծեծը)։ Մյուսների կարծիքով «դադարները» և պատժի այլ ձևերը, որոնք չեն ներառում ֆիզիկական միջամտության մեթոդները, շատ ավելի արդյունավետ են։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը դաստիրակության ֆիզիկական մեթոդները գնահատում է որպես տեղին, օգտակար և անհրաժեշտ։
Կարևոր է այս գաղափարը սխալ չհասկանալը։ Մենք չենք խրախուսում երեխաների նկատմամբ բռնությունը։ Դաստիարակության ֆիզիկական մեթոդների կիրառումը երեխային երբեք չպետք է ֆիզիկական վնասվածքներ պատճառի։ Սակայն ըստ Աստվածաշնչի, տեղին և զուսպ ֆիզիկական պատժի կիրառումը երեխաների հանդեպ օգտակար է նրանց համար և օգնում է նրանց ճիշտ ձևավորմանն ու նպաստում հետագա բարեկեցությանը։
Իրականում, բազմաթիվ աստվածաշնչյան հատվածներ են խոսում դաստիրակության ֆիզիկական մեթոդների մասին։ «Խրատը երեխային մի՛ խնայիր, որովհետև եթե նրան գավազանով ծեծես, չի մեռնի։ Դու նրան գավազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքից» (Առակաց 23․13-14, տե՛ս նաև 13․24, 22․15, 20․30 խոսքերը)։ Աստվածաշունչը շեշտադրում է դաստիարակության կարևորությունը։ Այն կարևոր է արդյունքի հասնելու համար։ Դաստիարակության մեթոդները ավելի լավ են ընկալվում վաղ տարիքում։ Այն երեխաները, որոնք ճիշտ դաստիարակություն չեն ստանում հաճախ մեծանում են ըմբոստության որակներով, չեն հարգում իրենց վրա եղած իշխանությանը և, որպես հետևանք, դժվարանում են նաև Աստծուն կամավոր կերպով հնազանդվելու և Նրա հետևորդը դառնալու հարցում։ Աստված Ինքն է մեր հանդեպ դաստիարակության ու խրատի միջոցներ կիրառում, որպեսզի ուղղի ու առաջնորդի մեզ ճշմարտության ճանապարհի վրա և քաջալերի մեզ, որպեսզի ապաշխարենք մեր սխալներից (Սաղմոս 94․12, Առակաց 1․7, 6․23, 12․1, 13․1, 15․5, Եսայիա 38․16, Եբրայեցիս 12․9)։
Որպեսզի դաստիարակությունը կիրառվի ճիշտ և աստվածաշնչյան սկզբունքներին համապատասխան կերպով, ծնողները պետք է նախ ծանոթ լինեն այն խորհուրդներին, որոնք տեղ են գտել Աստվածաշնչի էջերում այս թեմայի վերաբերյալ։ Առակաց գիրքը լի է երեխաներին մեծացնելու վերաբերյալ իմաստություններով, ինչպես օրինակ այս խորհուրդը․ «Գավազանը և հանդիմանությունն իմաստություն կտան, բայց իր կամքին թողնված տղան անարգանք կբերի իր մորը» (Առակաց 29․15)։ Մենք այստեղ տեսնում ենք երեխային չդաստիարակելու հետևանքները՝ ծնողները անարգանքի են արժանանում։ Անշուշտ, դաստիարակության նպատակը պետք է լինի երեխայի բարիքը, և երբեք այն չպետք է կիրառվի բռնությունը կամ երեխայի հանդեպ սխալ վերաբերմունքն արդարացնելու համար։ Դաստիարակությունը երբեք չպետք է կիրառվի անսանձ բարկության կամ հուսահատության պահերին։
Ճիշտ կիրառվող դաստիարակությունը խրատում և ուղղում է մարդուն դեպի ճիշտ ճանապարհը։ «Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս» (Եբրայեցիս 12․11)։ Աստծո դաստիարակությունը լեցուն է սիրով, և նույնը պետք է լինի նաև ծնող-երեխա հարաբերության մեջ։ Դաստիրակության ֆիզիկական դրսևորումները երբեք չպետք է երկարատև ֆիզիկական վնասվածք կամ ցավ պատճառեն երեխային։ Ֆիզիկապես պատժելու գործողություններին անմիջապես պետք է հետևեն երեխային մխիթարելու և նրան սիրված լինելու վստահությունը փոխանցող գործողությունները։ Նման պահերը լավագույն ժամանակն են նաև երեխային փոխանցելու այն ճշմարտությունը, որ Աստված մեզ խրատում է, քանի որ սիրում է, և մենք էլ որպես ծնողներ նույնն ենք անում մեր երեխաների հանդեպ։
Կարելի՞ է արդյոք դաստիարակության ֆիզիկական դրսևորումները փոխարինել ոչ ֆիզիկական դրսևորումներով, ինչպիսին է «պատիժ» կանգնեցնելը։ Որոշ ծնողներ ասում են, որ իրենց երեխաների պարագայում արդյունավետ չէ դաստիարակության ֆիզիկական մեթոդների կիրառումը։ Մյուսների համար «պատիժ» կանգնեցնելը, ինչ-որ բանից զրկելը կամ նմանատիպ գործողություններ ավելի արդյունավետ են երեխայի վարքագիծը փոխելու հարցում։ Եթե դա իրոք այդպես է, ապա ծնողը պետք է կիրառի այն մեթոդը, որն ավելի արդյունավետ է տվյալ պարագայում և ցանկալի արդյունքին է հանգեցնում։ Թեև Աստվածաշունչը անհերքելիորեն կողմ է դաստիարակության ֆիզիկական մեթոդների կիրառմանը, սակայն նպատակը աստվածապաշտ բնավորության զարգացումն է, և դրան հասնելու համար կարելի է օգտագործել ցանկացած արդյունավետ մեթոդ։
Այս հարցն ավելի է բարդանում, երբ կառավարությունները սկսում են դաստիարակության ֆիզիկական մեթոդները որակել որպես երեխաների հանդեպ բռնության դրսևորումներ։ Բազմաթիվ ծնողներ իրենց երեխաներին ֆիզիկապես չեն պատժում կառավարության սահմանած պատժամիջոցներից խուսափելու համար, որոնց արդյունքում նրանք անգամ կարող են զրկվել ծնողական իրավունքից։ Ինչպիսի՞ն պետք է լինի ծնողների արձագանքը, երբ կառավարությունը դաստիարակության ֆիզիկական դրսևորւմները որակի որպես օրենքի խախտում։ Ըստ Հռոմեացիս 13․1-7 հատվածի, ծնողները պետք է հնզանդվեն կառավարությանը։ Իրականում, կառավարությունը չպետք է իր օրենքներով հակասի Աստծո Խոսքին, և դաստիարակության ֆիզիկական մեթոդները, աստվածաշնչյան ձևակերպմամբ, բխում են հենց երեխայի շահերից։ Այնուամենայնիվ, երեխաներին այնպիսի ընտանիքներում մեծացնելը, որտեղ արգելվում է դաստիարակության ֆիզիկական մեթոդների կիրառումը և որի պատճառով երեխաները չեն ստանում համապատասխան դաստիարակություն, ավելի նախընտրելի է, քան երեխաներից զրկվելն ու նրանց պետության «խնամքին» հանձնելը։
Եփեսացիս 6․4 խոսքում հայրերին պատվեր է տրվում չբարկացնել իրենց երեխաներին։ Փոխարենը, նրանք պետք է իրենց զավակներին մեծացնեն ըստ Աստծո տված սկզբունքների։ «Աստծո խրատով և ուսուցումներով» երեխային մեծացնելը իր մեջ ներառում է որոշակի բաներից զրկելու, սխալները բացահայտելու և նաև, այո՛, սիրով դաստիարակության ֆիզիկական մեթոդների կիրառման մոտեցումները։
English
Ինչպե՞ս պետք է քրիստոնյա հավատացյալները դաստիարակեն իրենց երեխաներին։ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը։