settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է դիսպենսացիոնալիզմը և արդյոք այն ունի աստվածաշնչյան հիմք:

Պատասխան


Դիսպանսացիան որոշակի բաների դասակարգումն է՝ կառավարումը, համակարգումը կամ տարանջատումը։ Աստվածաբանության մեջ դիսպենսացիան որոշակի ժամանակաշրջանի աստվածային համակարգումն է, որի արդյունքում յուրաքանչյուր դիսպենսացիա առանձնահատուկ դարաշրջան է ներկայացվում։ Դիսպենսացիոնալիզմը աստվածաբանական համակարգ է, որը այդ դարաշրջանները ներկայացնում է որպես Աստծո կողմից առանձնացված և աշխարհի ընթացքը դասակարգող ժամանակաշրջաններ։ Դիսպենսացիոնալիզմը դասկարգման երկու հիմնական առանձնահատկություն ունի՝ 1) Աստվածաշնչի մշտապես բառացի մեկնաբանություն, հատկապես մարգարեությունների առումով, և 2) Աստծո ծրագրի մեջ Իսրայելի առանձնահատուկ դերը, որն առանձնացվում է Եկեղեցու դերակատարումից։ Դասական դիսպենսացիոնալիզմը առանձնացնում է մարդկության համար Աստծո ծրագրի յոթ դիսպենսիաներ։

Դիսպենսացիոնալիստները Աստվածաշնչի բառացի մեկնաբանությունը համարում են լավագույն հերմենևտիկան։ Նման մոտեցումը յուրաքանչյուր բառին այնպիսի իմաստ է տալիս, որն այն կարող էր ունենալ առօրյա կիրառության մեջ։ Բացառություն են կազմում խորհրդանիշերը, պատկերավոր խոսքը և համեմատությունները։ Ըստ դիսպենսացիոնալիստների, անգամ խորհրդանիշերի ու պատկերավոր խոսքի հետևում պետք է բառացի իմաստ փնտրել։ Օրինակ, երբ Աստվածաշունչը Հայտնություն 20-րդ գլխում խոսում է 1000 տարվա ժամանակաշրջանի մասին (Թագավորության դիսպենսիան), ոչ մի համոզիչ հիմք չկա այն որպես փոխաբերական իմաստ մեկնաբանելու համար։

Երկու պատճառ գոյություն ունի պնդելու համար, որ բառացի մեկնաբանությունն Աստվածաշունչը հասկանալու լավագույն մոտեցումն է։ Նախ, փիլիսոփայական՝ լեզվի նպատակն, ինքնին, մեզ մղում է խոսքերի բառացի մեկնաբանությանը։ Լեզուն Աստծո կողմից տրվել է հաղորդակցության նպատակով։ Բառերը իմաստ պարունակող անոթներ են։ Երկրորդ պատճառն աստվածաշնչյան է։ Տեր Հիսուս Քրիստոսի վերաբերյալ հինկտակարանյան յուրաքանչյուր մարգարեության բառացի իրականացում ունեցավ։ Նրա ծնունդը, ծառայությունը, մահն ու հարությունը ճշգրտորեն կատարվեցին հենց այնպես, ինչպես կանխասվել էին Հին Կտակարանում։ Մարգարեությունները բառացի էին։ Նոր Կտակարանում չենք հանդիպում մեսիական որևէ մարգարեության իրականացման, որը չի կրել բառացի նշանակություն։ Այս ամենը խոսում է ի պաշտպանություն բառացի մեկնաբանության մոտեցման։ Եթե Աստվածաշնչի ուսումնասիրության մեջ մենք չկիրառենք բառացի մեկնաբանություն, ապա կկորցնենք Աստվածաշունչն ընկալելու օբյեկտիվ չափանիշները։ Յուրաքանչյուր անհատ կսկսի սեփական ընկալմամբ այն մեկնաբանել։ Աստվածաշնչյան մեկնությունը կդառնա «ինչ է այս խոսքն ինձ համար նշանակում» մոտեցում, այլ ոչ թե՝ «ինչ է Աստվածաշունչն ինձ ասում»։ Ցավոք, հեցն այս իրողությունն է տիրում մերօրյա աստվածաշնչյան մեկնությունների մեծ մասի պարագայում։

Դիսպենսացիոն աստվածաբանությունը սովորեցնում է, որ գոյություն ունեն Աստծո երկու առանձին ժողովուրդներ՝ Իսրայելը և Եկեղեցին։ Դիսպանսացիոնալիստները հավատում են, որ փրկությունը միշտ էլ եղել է շնորհով և միայն հավատի միջոցով՝ թե՛ Աստծո մեջ Հին Կատակարանում և թե՛ Որդի Աստծո մեջ Նոր Կտակարանում։ Նրանք հարում են այն մոտեցմանը, որ Աստծո ծրագրի մեջ Եկեղեցին չի փոխարինել Իսրայելին և որ Իսրայելին տրված հինկտակարանյան խոստումները չեն տարածվում Եկեղեցու վրա։ Դիսպանսացիոնալիզմը սովորեցնում է, որ Իսրայելին տրված հինկտակարանյան խոստումները (երկրի, բազմաթիվ ժառանգների և օրհնությունների վերաբերյալ) իրականանալու են Հայտնություն 20-րդ գլխում նկարագրված Հազարամյա թագավորության ժամանակ։ Դիսպենսացիոնալիստները հավատում են, որ ճիշտ անպես, ինչպես Աստվածմ եր ժամանակաշրջանում կենտրոնացած է Եկեղեցու վրա, Նա ապագայում վերակենտրոնացնելու է Իր ուշադրությունն Իսրայելի վրա (տե՛ս Հռոմեացիս 9–11 գլուխները և Դանիել 9․24 խոսքը)։

Ըստ դիսպենսացիոնալիստների, Աստվածաշունչը կարելի է բաժանել յոթ դիսպենսիաների՝ Անմեղություն (Ծննդոց 1․1—3․7), Գիտակցում (Ծննդոց 3․8—8․22), Մարդկային կառավարում (Ծննդոց 9․1—11․32), Խոստում (Ծննդոց 12․1—Ելից 19․25), Օրենք (Ելից 20․1—Գործք 2․4), Շնորհք (Գործք 2․4—Հայտնություն 20․3) և Հազարամյա թագավորություն (Հայտնություն 20․4–6)։ Նշենք, որ այս դիսպենսիաները չեն ընկալվում որպես փրկության առաջնորդող ուղիներ, այլ Աստծո կողմից մարդու հետ հարաբերվելու կերպեր։ Յուրքանչյուր դիսպենսիա ներառում է տվյալ ժամանակաշրջանում ապրող մարդկանց առնչությամբ Աստծո գործելակերպի հատուկ մոտեցումը։ Այդ մոտեցումը հիմնված է հետևյալ քայլերի վրա՝ 1) պատասխանատվություն, 2) ձախողում, 3) դատաստան և 4) առաջ շարժվելու շնորհ։

Դիսպենսացիոնալիզմը որպես համակարգ հանգում է Քրիստոսի երկրորդ գալուստի նախահազարամյակային մոտեցմանը և հաճախ նաև եզրահագման գալիս, որ հափշտակությունը տեղի է ունենալու մինչև Մեծ նեղությունների ժամանակահատվածը։ Ամփոփելով՝ ասենք, որ դիսպենսացիոնալիզմը աստվածաբանական մի համակարգ է, որը շեշտադրում է աստվածաշնչյան մարգարեությունների բառացի մեկնաբանությունը, ընդունում Իսրայելի և Եկեղեցու առանձնացվածությունը և Աստվածաշունչը բաժանում տարբեր դիսպենսիաների կամ ժամանակաշրջանների։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է դիսպենսացիոնալիզմը և արդյոք այն ունի աստվածաշնչյան հիմք:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries