Հարց
Ես ամուսնալուծված եմ։ Ըստ Աստվածաշնչի, ես կարո՞ղ եմ կրկին ամուսնանալ։
Պատասխան
Մենք հաճախ ենք այսպիսի հարցեր ստանում․ «Ես ամուսնալուծված եմ այս և այս պատճառով։ Կարո՞ղ եմ արդյոք կրկին ամուսնանալ»։ «Ես երկու անգամ եմ ամուսնալուծվել։ Առաջինը եղել է ամուսնուս շնության պատճառով, իսկ երկրորդը՝ ուղղակի չհարմարվեցինք իրար։ Իսկ այժմ հանդիպում եմ մի տղամարդու հետ, ով երեք անգամ է ամուսնալուծված եղել։ Առաջին անգամ նրանք նույնպես չեն հարմարվել իրար, երկրորդ անգամ իր շնության պատճառով, իսկ երրորդ անգամ կնոջ շնության պատճառով։ Կարո՞ղ ենք մենք իրար հետ ամուսնանալ»։ Նմանատիպ հարցերին դժվար է միանշանակ պատասխանելը, քանի որ Աստվածաշունչը չի մտնում նման մանրամասների մեջ և չի քննարկում ամուսնալուծության և կրկնամուսնության զանազան հնարավոր տարբերակները։
Սակայն կարող ենք վստահաբար ասել, որ ամուսնացած զույգի համար Աստծո կամքը ամուսնության ուխտին հավատարիմ մնալն է, քանի դեռ ամուսինները ապրում են այս երկրի վրա (Ծննդոց 2․24, Մատթեոս 19․6)։ Միակ հստակ բացառությունը ամուսնալուծության և կրկնամուսնության պարագայում կողակցի շնության պատճառի դեպքում է (Մատթեոս 19․9), և անգամ սա է քրիստոնյաների շրջանում ոչ միանշանակ մեկնաբանվում։ Մյուս հնարավոր բացառությունը կարող է լինել, երբ ամուսիններից մեկը, ով անհավատ է, լքում է հավատացյալ կողակցին (Ա Կորնթացիս 7․12-15)։ Սակայն այս հատվածը հատուկ չի խոսում կրկնամուսնության մասին, այլ անդրադառնում է ամուսնական ուխտի պարտավորությունների խնդրին։ Ֆիզիկական, սեռական և ծանր հոգեբանական բռնությունների առկայությունը նույնպես ֆիզիկապես առանձնանալու հիմք կարող են լինել, սակայն Աստվածաշունչը այս մասին չի խոսում ամուսնալուծության և կրկնամուսնության համատեքստում։
Երկու բան կարող ենք վստահաբար պնդել։ Աստված ատում է ապահարզանը (Մաղաքիա 2․16) և Աստված ողորմած է ու ներող։ Յուրաքանչյուր ամուսնալուծություն մեղքի հետևանք է։ Այդ մեղքը կարող է լինել կողմերից մեկի մոտ կամ երկուսի մոտ էլ միաժամանակ։ Արդյոք Աստված ներո՞ւմ է ամուսնալուծությունը։ Անշո՛ւշտ։ Ամուսնալուծությունը ավելի քիչ ներելի մեղք չէ, քան մյուս մեղքերը։ Բոլոր մեղքերի ներումն էլ հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ (Մատթեոս 26․28, Եփեսացիս 1․7)։ Եթե Աստված ներում է ամուսնալուծության մեղքը, ապա արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մարդն ազատ է կրկնամուսնության հարցում։ Ոչ միշտ։ Աստված երբեմն մարդկանց կանչում է մնալ չմուսնացած (Ա Կորնթացիս 7․7-8)։ Չամուսնացած լինելը անեծք կամ պատիժ չէ, այլ ամբողջական նվիրումով Աստծուն ծառայելու հնարավորություն (Ա Կորնթացիս 7․32-36)։ Աստծո Խոսքը մեզ սովորեցնում է նաև, որ ավելի լավ է ամուսնանալ, քան այրվել ցանկությունների կրակով (Ա Կորնթացիս 7․9)։ Այս հատվածը, հավանաբար, կիրառելի է նաև ամուսնալուծությունից հետո կրկնամուսնության հարցում։
Այսպիսով, կարո՞ղ եք, թե՞ պետք է կրկին ամուսնանաք ամուսնալուծվելուց հետո։ Մենք չենք կարող պատասխանել այս հարցին։ Ի վերջո, սա Ձեր, Ձեր հնարավոր կողակցի և, որ ամենակարևորն է, նաև Աստծո հետ ունեցած հարաբերության հարց է։ Միակ խորհուրդը, որ կարող ենք տալ Ձեզ, Աստծուն իմաստության համար աղոթելն է, որպեսզի Նա Իր կամքը հայտնի Ձեզ տվյալ իրավիճակում (Հակոբոս 1․5)։ Աղոթեք հստակ մտքով և անկեղծորեն խնդրեք Աստծուն, որպեսզի Իր փափագները դնի Ձեր սրտում (Սաղմոս 37․4)։ Փնտրեք Տիրոջ կամքը (Առակաց 3․5-6) և հետևեք Նրա ուղղորդմանը։
English
Ես ամուսնալուծված եմ։ Ըստ Աստվածաշնչի, ես կարո՞ղ եմ կրկին ամուսնանալ։