settings icon
share icon
Հարց

Ինչպե՞ս մեկնաբանել քրիստոնյա հավատացյալի երազները։ Արդյոք մեր երազներն Աստծո՞ւց են։

Պատասխան


GotQuestions.org կայքը քրիստոնեական երազահան ծառայություն չէ։ Մենք չենք մեկնաբանում երազները։ Մենք հավատում ենք, որ անհատի երազը և այդ երազի իմաստը միայն և միմիայն տվյալ մարդու և Աստծո միջև քննարկվելիք հարց է։ Նախկինում Աստված երբեմն մարդկանց հետ խոսել է երազների միջոցով։ Նման հաղորդակցության օրինակներ են Հակոբի որդի Հովսեփը (Ծննդոց 37․5–10), Մարիամի ամուսին Հովսեփը (Մատթեոս 2․12–22), Սողոմոնը (Ա Թագավորաց 3․5–15) և շատ ուրիշներ (Դանիել 2․1, 7․1, Մատթեոս 27․19)։ Նաև Հովել մարգարեի մարգարեության մեջ մի հատված կա (Հովել 2․28), որը Պետրոս առաքյալը մեջբերում է Գործք 2․17 խոսքում։ Այստեղ նույնպես խոսվում է այն մասին, որ Աստված մարդկանց երազներ է տալու։ Այսպիսով, Աստված կարող է խոսել երազների միջոցով, եթե կամենա։

Սակայն մենք պետք է հիշենք, որ Աստվածաշունչն իր ավարտուն տեսքն է ստացել և մեզ հայտնում է ամենն, ինչի կարիքը ունենք այս պահից մինչև հավիտենություն։ Սրանով չենք ուզում ասել, թե Աստված այլևս հրաշքներ չի գործում և անգամ այլևս չի խոսում մարդկանց հետ երազների միջոցով, այլ որ յուրաքանչյուր բան, որ Աստված ասում է՝ լինի դա երազի միջոցով, տեսիլքի, տպավորության կամ «մեղմ ձայնի», կատարյալ համաձայնություն պետք է ունենա այն ամենի հետ, ինչն Ինքն արդեն իսկ հայտնել է Իր Խոսքի մեջ։ Երազները չեն կարող ճնշել Աստվածաշնչի հեղինակությունը։

Եթե երազ եք տեսնում և զգացողություն ունեք, որ այն կարող է Աստծուց լինել, ապա աղոթքով քննեք այն Աստծո Խոսքի միջոցով և համոզվեք, որ Ձեր երազը համահունչ է աստվածաշնչյան սկզբունքներին։ Եթե դա այդպես է, ապա կրկին աղոթքով փորձեք հասկանալ, թե ինչպիսի արձագանք է Աստված ակնկալում Ձեզնից այդ երազին (Հակոբոս 1․5)։ Աստվածաշնչում, երբ մարդիկ Աստծուց երազներ էին տեսնում, Տերը միշտ երազի իմաստը բացում էր նրանց՝ լիներ դա ուղղակիորեն այդ անձին հայտնելով, կամ, այլ դեպքերում, հրեշտակի կամ մեկ ուրիշ անձնավորության միջոցով (Ծննդոց 40․5-11, Դանիել 2․45, 4․19)։ Երբ Աստված խոսում է մեզ հետ, Նա ամեն բան անում է, որպեսզի Իր ուղերձը հստակ և հասկանալի լինի մեզ։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչպե՞ս մեկնաբանել քրիստոնյա հավատացյալի երազները։ Արդյոք մեր երազներն Աստծո՞ւց են։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries