Հարց
Արդյոք հավիտենական ապահովության գաղափարն աստվածաշնչյա՞ն է:
Պատասխան
Երբ մարդն ընդունում է Քրիստոսին որպես իր Փրկչի, նա մուտք է գործում Աստծո հետ հարաբերության մեջ, ինչից էլ բխում է նրա հավիտենական ապահովությունը։ Հուդա 24 խոսքում կարդում ենք՝ «Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անեղծ կանգնեցնել Իր փառքի առջև անխառն ցնծությամբ․․․»։ Աստծո զորությունը կարող է հավատացյալին պահել անկում ապրելուց։ Աստված է մեզ կանգնեցնելու Իր փառավոր ներկայության մեջ, այլ ոչ թե մենք։ Մեր հավիտենական ապահովությունը բխում է այն փաստից, որ Աստված պահում է մեզ, և ոչ թե մենք ենք պահում մեր փրկությունը։
Տեր Հիսուս Քրիստոս հայտարարեց․ «Եվ Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց Իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց Ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց Իմ Հոր ձեռքից հափշտակել» (Հովհաննես 10․28-29)։ Թե՛ Հայրը և թե՛ Տեր Հիսուս մեզ ամուր պահում են իրենց ձեռքերի մեջ։ Ո՞վ է ունակ մեզ հեռացնելու Հոր և Որդու ամուր գրկից։
Եփեսացիս 4․30 խոսքը մեզ սովորեցնում է, որ հավատացյալները «կնքված են փրկության օրվա համար»։ Եթե հավատացյալները չունենան հավիտենական ապահովություն, ապա նրանց կնիքը չի հասնի մինչև փրկության օրը, այլ կդիմանա մինչև մեղքի, հավատուրացության կամ անհավատության օրը։ Հովհաննես 3․15-16 հատվածում կարդում ենք այն մասին, որ Հիսուս Քրիստոսի մեջ մենք «հավիտենական կյանք ունենք»։ Եթե մարդուն հավիտենական կյանք խոստանան և հետո դա նրանից հետ վերցնեն, ապա այն երբեք «հավիտենական» չի եղել։ Եթե հավիտենական ապահովությունը ճշմարտություն չէ, ապա հավիտենական կյանքի աստվածաշնչյան խոստումը նույնպես չի կարող ճշմարտություն լինել։
Հավիտենական ապահովության ամենազորեղ փաստարկը գրի է առնված Հռոմեացիս 8․38-39 հատվածում․ «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»։ Մեր հավիտենական ապահովությունը հիմնված է Աստծո կողմից փրկագնվածների հանդեպ Նրա սիրո վրա։ Մեր հավիտենական ապահովությունը գնված է Քրիստոսի կողմից, խոստացված Հոր կողմից և կնքված Սուրբ Հոգու կողմից։
English
Արդյոք հավիտենական ապահովության գաղափարն աստվածաշնչյա՞ն է: