settings icon
share icon
Հարց

Ինչպե՞ս կարող եմ զանազանել մոլորեցնող ուսուցչին կամ սուտ մարգարեին։

Պատասխան


Տեր Հիսուսը մեզ զգուշացնում էր, որ «սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ» կգան և կփորձեն մոլորեցնել անգամ Աստծո ընտրյալներին (Մատթեոս 24․23-27, տե՛ս նաև՝Բ Պետրոս 3․3 և Հուդա 17-18)։ Ստությունից և սուտ ուսուցիչներից Ձեզ ապահովագրելու լավագույն ուղին ճշմարտությունը ճանաչելն է։ Կեղծարարությունը բացահայտելու համար մենք պետք է լավ ծանոթ լինենք բնօրինակին։ Ցանկացած հավատացյալ, ով «ճշմարտության խոսքն ուղիղ է մատակարարում» (Բ Տիմոթեոս 2․15) և ուշադրությամբ ուսումնասիրում Աստվածաշունչը, կարող է զանազանել մոլորեցնող ու սուտ վարդապետությունները։ Օրինակ, այն հավատացյալն, ով կարդացել է Մատթեոս 3․16-17 հատվածում նկարագրված Հոր, Որդու և Սուրբ Հոգու գործողությունների մասին, անմիջապես որպես օտար բան կընդունի ցանկացած վարդապետություն, որը մերժում է Երրորդությունը։ Հետևաբար, առաջին քայլը Աստվածաշնչի ուսումնասիրությունն է և ցանկացած ուսուցում ըստ Աստվածաշնչի քննել սովորելը։

Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ «ծառը իր պտղից է ճանաչվում» (Մատթեոս 12․33)։ «Պտուղը» քննելու հարցում երեք հատուկ մոտեցում գոյություն ունի, որը կարող ենք կիրառել ցանկացած ուսուցչի ուսուցումների ճշմարիտ լինելը բացահայտելու համար՝

1) Ի՞նչ է տվյալ ուսուցիչը սովորեցնում Տեր Հիսուսի մասին։ Մատթեոս 16․15-16 հատվածում Տերը հարցնում է․ «ի՞նչ եք ասում Իմ մասին՝ ո՞վ եմ Ես»։ Պետրոս առաքյալը պատասխանում է․ «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որդին»։ Եվ այս պատասխանի համար նա արժանանում է Տեր Հիսուսի կողմից «երանի՜ քեզ» գնահատականին։ Բ Հովհաննես 9 խոսքում կարդում ենք․ «Ամեն ոք, ով առաջ է ընկնում և Քրիստոսի վարդապետության մեջ չի մնում, Աստված չունի։ Ով մնում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա Որդուն էլ ունի, Հորն էլ»։ Այլ կերպ ասած, Տեր Հիսուս Քրիստոսը և Նրա իրագործած փրկագնման գործը մեծագույն կարևորություն են ներկայացնում։ Զգուշացե՛ք ցանկացած մեկից, ով մերժում է Տեր Հիսուսի համահավասարությունն Աստծուն, ով նվազեցնում է Նրա զոհաբեր մահվան կարևորությունը կամ մերժում է Նրա մարդեղությունը։ Ա Հովհաննես 2․22 խոսքում կարդում ենք․ «Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը։ Նա Նեռն է, որ ուրանում է Հորը և Որդուն»։

2) Արդյոք տվյալ ուսուցիչը Ավետարանի՞ց է քարոզում։ Ավետարանը սահմանվում է որպես Բարի լուր, որը կառուցվում է Քրիստոսի մահվան, թաղվելու և հարության սուրբգրային ճշմարտությունների հիմքի վրա (Ա Կորնթացիս 15․1-4)։ Որքան էլ գեղեցիկ հնչեն հետևյալ հայտարարությունները՝ «Աստված սիրում է քեզ», «Աստված կամենում է, որ մենք կերակրենք սովածներին» կամ «Աստված կամենում է, որ մենք առողջ լինենք», դրանք, այնուամենայնիվ, Ավետարանի ամբողջական պատգամը չեն փոխանցում։ Պողոս առաքյալը մեզ զգուշացնում Գաղատացիս 1․7 խոսքում․ «Սակայն ուրիշը չկա, այլ միայն կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են և ուզում են Քրիստոսի Ավետարանը փոխել»։ Ոչ ոք, անգամ ամենահայտնի քարոզիչները, իրավունք չունեն փոփոխելու այն ուղերձը, որն Աստված տվել է մեզ։ «Եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյալ լինի» (Գաղատացիս 1․9)։

3) Արդյոք տվյալ ուսուցիչը դրսևորո՞ւմ է բնավորության այնպիսի որակներ, որոնք փառավորում են Աստծուն։ Մոլորեցնող ու սուտ ուսուցիչների մասին խոսելիս Հուդա առաքյալը իր թղթի 11-րդ խոսքում ասում է․ «Վա՜յ նրանց, որ Կայենի ճանապարհով են ընթանում ու Բաղաամի մոլորությամբ վարձին են նվիրվում և Կորխի պես հակառակվելով կործանվում են»։ Այլ կերպ ասած, մոլորեցնող ուսուցչին կարելի է տարբերակել իր հպարտությունից (Կայենի կողմից Աստծո ծրագրի մերժումը), ագահությունից (Բաղաամի կողմից փողով մարգարեանալը) և ապստամբությունից (Կորխի կողմից Մովսեսից բարձր լինելու ձգտումը)։ Տեր Հիսուս զգուշացնում էր, որ հեռու մնանք նման մարդկանցից և նրանց ճանաչենք իրենց պտուղներից (Մատթեոս 7․15-20)։

Հետագա ուսումնասիրության համար սերտեք Աստվածաշնչի այն գրքերը, որոնք գրվել են հատուկ եկեղեցու ներսում կեղծ ուսմունքները բացահայտելու համար՝ Գաղատացիս, Բ Պետրոս, Ա Հովհաննես, Բ Հովհաննես և Հուդա։ Երբեմն բարդ է մոլորեցնող ուսուցիչներին ու սուտ մարգարեներին զանազանելը։ Սատանան կարողանում է լույսի հրեշտակի կերպարանքով ներկայանալ (Բ Կորնթացիս 11․14), և իր ծառաները նույնպես կարողանում են արդարության պաշտոնյաների կերպարանքն ընդունեն (Բ Կորնթացիս 11․15)։ Միայն ճշմարտությանը խորապես ծանոթ հավատացյալներն են ունակ զանազանելու կեղծիքը։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչպե՞ս կարող եմ զանազանել մոլորեցնող ուսուցչին կամ սուտ մարգարեին։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries