settings icon
share icon
Հարց

Արդյոք խաղամոլությունը մե՞ղք է։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը խաղամոլության մասին:

Պատասխան


Աստվածաշունչը հատուկ անդրադարձ չունի խաղամոլությանը, խաղադրույքներ կատարելուն կամ լոտոներին։ Սակայն Աստվածաշունչը հստակ զգուշացնում է մեզ փողասիրության վտանգների մասին (Ա Տիմոթեոս 6․10, Եբրայեցիս 13․5)։ Այն նաև զգուշացնում է, որպեսզի հեռու մնանք «արագ հարստանալու փորձերից» (Առակաց 13․11, 23․5, Ժողովող 5․10)։ Գաղտնիք չէ, որ խաղամոլությունը հիմնված է փողասիրության վրա, և անհերքելի փաստ է, որ այն մարդկանց գայթակղում է արագ ու հեշտ կերպով հարստանալու հեռանկարով։

Ի՞նչն է խաղամոլության վտանգը։ Եթե մարդը խաղամոլության դրսևորումներ է ունենում իր կյանքում, սակայն դրանք կախվածության նման չեն, տեղի են ունենում հազվադեպ և զսպված կերպով, ապա այն պարզապես գումարի կորուստ է, թեև կարող է մոլություն չլինել։ Մարդիկ տարբեր բաների վրա կարող են վատնել իրենց միջոցները։ Այս առումով, խաղամոլության գործերը ավելի մեծ չարիք չեն, քան որոշ անիմաստ ֆիլմերի վրա գումար ծախսելը, ոչ անհրաժեշտ ու չափազանց թանկարժեք ուտեստներ ուտելը կամ ոչ անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելը։ Միևնույն ժամանակ, այն փաստը, որ գումարը վատնվում է տարբեր անիմաստ բաների վրա, արդարացում չէ խաղամոլության դրսևրումների համար։ Ֆինանսները պետք ծախսվեն խելամտությամբ։ Հավելյալ գումարները պետք է տրամադրվեն Աստծո գործի համար և կուտակվեն ապագա ծախսերի համար, և ոչ թե վատնվեն խաղամոլության մեջ։

Թեև Աստվածաշունչը հատուկ անդրադարձ չունի խաղամոլությանը, սակայն այն խոսում է «հաջողության» կամ «շանսի» դրսևրումների մասին։ Օրինակ, Ղևտացիս գրքում վիճակ գցելը երկու նոխազների միջև դրա օրինակն է։ Հեսուն վիճակ գցեց, որպեսզի երկրիը բաժանի Իսրայելի ցեղերի միջև։ Նեեմիան նույնն արեց, որպեսզի որոշեր, թե ովքեր են բնակվելու Երուսաղեմի պարիսպներից ներս։ Առաքյալները վիճակ գցեցին, որպեսզի որոշեն Հուդային փոխարինողն։ Առակաց 16․33 խոսքն ասում է․ «Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս»։

Ի՞նչ կասեր Աստվածաշունչը կազինոների ու լոտոների մասին։ Կազինոները տարբեր շուկայագիտական հնարքներ են կիրառում, որպեսզի խաղացողները հնարավորինս մեծ ծավալի գումարներ պատրաստ լինեն ռիսկի ենթարկելու։ Կազինոներում հաճախ անվճար ալկոհոլային խմիչքներ են մատուցում, որպեսզի թմրեցնեն մարդկանց որոշումներ կայացնելու զգոնությունը։ Կազինոներում ամեն բան գրեթե կատարելության հասնող խորամանկությամբ կառուցված է այնպես, որ մարդիկ իրենց մեծ քանակի գումարներն այնտեղ տանուլ տան՝ փոխարենը ոչինչ չստանալով, բացի ժամանակավոր ու դատարկ հաճույքից։ Լոտոները փորձում են ներկայանալ որպես բարեգործության կամ կրթության ջատագովներ ու ֆինանսավորողներ։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լոտոներով տարվում են հենց այն մարդիկ, ովքեր ամենաքիչը կարող են իրենց թույլ տալ լոտոների վրա գումարներ ծախսել։ «Արագ հարստանալու» խաբկանքը չափազանց մեծ գայթակղություն է հիմնականում հուսահատ ֆինանսական վիճակում գտնվողների համար։ Լոտոներում շահելու հավանականությունը աննկարագրելիորեն ցածր է, ինչի արդյունքում շատ անապահով ընտանիքներ զրկվում են իրենց ապրուստի միջոցներից ու բազմաթիվ կյանքեր են կործանվում։

Կարո՞ղ է լոտոներին մասնակցելը Աստծուն հաճելի լինել։ Շատերն ասում են, թե լոտոներին են մասնակցում կամ կազինոներ գնում, որպեսզի վաստակած գումարները նվիրաբերեն եկեղեցուն կամ որևէ այլ բարի գործի համար հատկացնեն։ Չնայած, որ սա կարող է բարի շարժառիթ լինել, իրականությունն ասում է, որ ասվածը ճշմարտություն չէ դեպքերի ճնշող մեծամասնության պարագայում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լոտոներում մեծ գումարներ շահած մարդկանց մեծամասնությունը ջեկփոթ շահելուց մի քանի տարի անց ավելի ծանր ֆինանսական դրության մեջ են հայտնվում, քան նախկինում են եղել։ Շատ քչերն են որևէ մասնաբաժին հատկացնում բարեգործությանը։ Սակայն այս ամենով հանդերձ, պետք է նշենք, որ Աստված մեր գումարների կարիքը չունի Իր համաշխարհային առաքելությունը ֆինանսավորելու համար։ Առակաց 13․11 խոսքում կարդում ենք․ «Ունայնությամբ կուտակված ունեցվածքը կպակասի, բայց քիչ-քիչ հավաքողն այն կավելացնի»։ Աստված ինքնիշխան է և Իր Եկեղեցու կարիքների համար այնպիսի միջոցներ կարող է հոգալ, որոնք կբխեն մաքուր աղբյուրներից։ Արդյոք Աստծուն կփառավորի՞ թմրանյութերի վաճառքից ստացված գումարների կամ գողացված ու թալանված փողերի հատկացումը Նրա գործի համար։ Անշուշտ՝ ո՛չ։ Աստված նաև կարիք չունի հարստանալու գայթակղությամբ աղքատներից «գողացված» գումարների։

Ա Տիմոթեոս 6․10 խոսքում կարդում ենք․ «Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին»։ Եբրայեցիս 13․5 խոսքը հորդորում է․ «Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Իսկ Մատթեոս 6․24 խոսքում Տեր Հիսուս է սովորեցնում․ «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք խաղամոլությունը մե՞ղք է։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը խաղամոլության մասին:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries