Հարց
Ի՞նչ է լեզուներ խօսելու պարգեւը:
Պատասխան
Լեզուներ խօսելու առաջին դէպքը Պենտեկոստէի տօնին էր. Գործք 2.1-4-ում: Առաքեալները ելան դէպի ժողովուրդը, քարոզում էին աւետարանը մարդկանց բազմութեանը՝ խոսելով նրանց լեզուներով. «Լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստուծոյ մեծամեծ բաներն են խօսում» (Գործք 2.11): Լեզուների պարգեւը խօսելն է մի լեզուով, որը խօսողը չի հասկանում, որպէսզի ծառայի մէկին, ով այդ լեզուն խօսում է: Ա Կորնթացիս 12-14 գլուխներում Պօղոսը քննարկում է հրաշագործ պարգեւները՝ ասելով. «Հիմա, եղբայրնե՛ր, եթէ ես ձեզ մօտ գամ ու լեզուներով խօսեմ, ձեզ ի՞նչ օգուտ կտամ, եթէ ձեզ հետ չխօսեմ կա՛մ յայտնութեամբ, կա՛մ գիտութեամբ, կա՛մ մարգարէութեամբ, կա՛մ ուսուցումով» (Ա Կորնթ. 14.6): Ըստ Պօղոս առաքեալի եւ Գործքում տրուած նկարագրութեան՝ լեզուներ խօսելն արժէք ունի, երբ մարդ Աստուծոյ պատգամն իր լեզուով է լսում, բայց անօգուտ է բոլոր մնացածների համար, եթէ չի թարգմանւում կամ բացատրւում:
Լեզուներ թարգմանելու պարգեւն ունեցողը (Ա Կորնթ. 12.30) հասկանում էր, թէ ի՞նչ էր ասում լեզուներ խօսողը, նոյնիսկ եթէ չգիտէր այդ լեզուն: Թարգմանողը լեզուներ խօսողի պատգամը փոխանցում էր միւսներին, որպէսզի բոլորը հասկանան: «Դրա համար լեզուով խօսողը թող աղօթք անի, որ թարգմանի էլ» (Ա Կորնթ. 14.13): Չթարգմանուած լեզուների վերաբերեալ Պօղոսի եզրակացութիւնը միանշանակ է. «Բայց եկեղեցում աւելի ուզում եմ, որ հինգ խօսք իմ մտքով ասեմ, որպէսզի ուրիշների էլ բան սովորեցնեմ, քան թէ բիւրաւոր խօսքեր՝ լեզուներով» (Ա Կորնթ. 14.19):
Լեզուների պարգեւն արդեօ՞ք այսօրուայ համար է: Ա Կորնթացիս 13.8-ը խօսում է լեզուների պարգեւը դադարելու մասին, թէեւ դադարելը կապում է «կատարեալի» գալու հետ, ըստ Ա Կորնթ. 13.10-ի: Ոմանք մատնացոյց են անում մագարէութիւնների ու գիտութեան «խափանուելու» եւ լեզուների «լռելու» բայական տարբեր ժամանակաձեւերը իբրեւ ապացոյց, թէ լեզուներ խօսելու պարգեւը նախքան «կատարեալի» գալը պիտի դադարի: Հնարաւոր է, թէեւ բնագրում այնքան էլ պարզ չէ: Ոմանք էլ յղում են անում հատուածների, ինչպէս՝ Եսայիա 28.11-ը եւ Յովէլ 2.28-29-ը որպէս ապացոյց, որ լեզուներ խօսելը Աստուծոյ վերահաս դատաստանի նշան է: Ա Կորնթացիս 14.22-ը լեզուներն անուանում է «նշան անհաւատների համար»: Ըստ այս փաստարկի՝ լեզուների պարգեւը զգուշացում էր հրեաներին, որ Աստուած պիտի դատի Իսրայէլին Յիսուս Քրիստոսին որպէս Մեսիա մերժելու համար: Հետեւաբար, երբ Աստուած իսկապէս դատապարտեց Իսրայէլին (մ.թ. 70 թ. հռոմէացիների կողմից Երուսաղէմի կործանումով), լեզուների պարգեւն այլեւս չէր կարող իր ենթադրեալ նպատակին ծառայել: Դարձեալ հնարաւոր է, բայց այն, որ լեզուների պարգեւը իրագործել է իր գլխաւոր նպատակը, չի նշանակում, որ այլեւս դադարել է: Սուրբ Գիրքը միանշանակ չի հաստատում, որ լեզուներ խօսելու պարգեւը դադարել է:
Միեւնոյն ժամանակ, եթէ լեզուներ խօսելու պարգեւը եկեղեցում գործէր նաեւ այսօր, պէտք է լինէր Սուրբ Գրքին համապատասխան: Այսինքն՝ իրական եւ հասկանալի լեզու կլինէր (Ա Կորնթ. 14.10), եւ նպատակը պէտք է լինէր Աստուծոյ Խօսքը օտարախօս մարդկանց հաղորդակցելը (Գործք 2.6-12): Պիտի լինէր այն պատուիրանի համաձայն, որ Աստուած տալիս է Պօղոս առաքեալի միջոցով. «Եթէ մէկը լեզուով խօսի, թող երկուսը, աւելի շատ՝ երեքը լինեն, մէկը միւսից յետոյ, եւ մէկը թող թարգմանի: Բայց եթէ թարգմանող չկայ, թող եկեղեցում լռի. իր համար եւ Աստուծոյ հետ խօսի» (Ա Կորնթ. 14.27-28): Պէտք է լինի նաեւ ըստ Ա Կորնթ. 14.33-ի. «Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան, ինչպէս սրբերի բոլոր եկեղեցիներում»:
Աստուած վստահաբար կարող է որեւէ մէկին լեզուներ խօսելու պարգեւը տալ, որպէսզի կարողանայ հաղորդակցուել օտարախօսի հետ: Սուրբ Հոգին ինքնիշխան է հոգեւոր պարգեւները բաշխելու մէջ (Ա Կորնթ. 12.11): Երեւակայեցէ՛ք, թէ որքան արդիւնաւէտ կլինէին միսիոներները, եթէ կարիք չլինէր լեզուներ սովորելու, այլ միանգամից ունակ լինէին օտարների հետ խօսել նրանց մայրենի լեզուով: Բայց, ինչպէս երեւում է, Աստուած այդպէս չի գործում: Մեր օրերում լեզուները կարծես չեն գործում այնպէս, ինչպէս Նոր Կտակարանում, թէեւ խիստ օգտակար պիտի լինէր այ պարգեւն այսօր: Հաւատացեալների ճնշող մեծամասնութիւնը, որոնք պնդում են, թէ դրսեւորում են լեզուներ խօսելու պարգեւը, սուրբգրային վերոյիշեալ հատուածների համաձայն չեն անում: Ահա այս փաստերը բերում են եզրակացութեան, որ լեզուների պարգեւը դադարել է կամ Աստուծոյ ծրագրում առնուազն խիստ հազուադէպ երեւոյթ է ներկայիս եկեղեցում:
English
Ի՞նչ է լեզուներ խօսելու պարգեւը: