settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է դատաստանի սպիտակ մեծ գահը:

Պատասխան


Դատաստանի սպիտակ մեծ գահը նկարագրվում է Հայտնություն 20․11-15 հատվածում և այն վերջնական դատաստանն է, որը տեղի է ունենալու կորսվածների կրակե լիճ ուղարկվելուց առաջ։ Հայտնություն 20․7-15 հատվածից տեղեկանում ենք, որ այս դատաստանը տեղի է ունենալու հազարամյա թագավորությունից հետո, երբ սատանան գցվի կրակե լճի մեջ, որտեղ են լինելու գազանն ու սուտ մարգարեն (Հայտնություն 19․19-20, 20․7-10)։ Բացված գրքերը (Հայտնություն 20․12) յուրաքանչյուր մարդկանց գործած գործերի մասին տեղեկություններ են պարունակելու՝ լինեն դրանք բարի կամ չար, քանի որ Աստված գիտի ամեն բան, որ երբևէ արել կամ ասել ենք ու անգամ մտածել, և Նա կպարգևատրի կամ կպատժի յուրաքանչյուրին իր գործած գործերի համեմատ (Սաղմոս 28․4, 62․12, Հռոմեացիս 2․6, Հայտնություն 2․23, 18․6, 22․12)։

Այդ ժամանակ նաև մեկ այլ գիրք է բացվելու, որը կոչվում է «Կյանքի գիրք» (Հայտնություն 20․12). Այս գիրքն է որոշում, թե մարդը ժառանգելո՞ւ է արդյոք Աստծո հետ հավիտենական կյանքը, թե՞ ընդունելու է հավիտենական տանջանքը կրակե լճում։ Թեև քրիստոնյաները նույնպես պետք է պատասխան տան իրենց արարքների համար, սակայն նրանք ներված են Քրիստոսով և նրանց անունները «աշխարհի սկզբից ի վեր գրված են եղել Կյանքի գրքում» (Հայտնություն 17․8)։ Աստվածաշնչից գիտենք նաև, որ այս դատաստանի ժամանակ մարդիկ կդատվեն «իրենց գործերի համաձայն» (Հայտնություն 20․12) և որ «ում անունը գրված չգտնվեց Կյանքի գրքի մեջ, նա գցվում է կրակե լիճը» (Հայտնություն 20․15)։

Բոլոր մարդկանց համար վերջնական դատաստանի փաստը՝ թե՛ հավատացյալների և թե՛ անհավատների, հաստատվում է աստվածաշնչյան բազմաթիվ այլ հատվածներում։ Յուրաքանչյուր մարդ մի օր կանգնելու է Քրիստոսի առջև և պատասխան է տալու իր գործած գործերի համար։ Թեև քրիստոնյաները համաձայնում են, որ սպիտակ մեծ գահը վերաբերում է վերջնական դատաստանին, սակայն նրանց մեջ տարաձայնություններ կան այն հարցի շուրջ, թե որքանով է այն առնչվում Աստվածաշնչում նկարագրված մյուս դատաստանների հետ։ Տարաձայնություններ են առաջ գալիս, հատկապես, այն հարցի շուրջ, թե ովքեր են դատվելու սպիտակ մեծ գահի դատաստանով։

Որոշ քրիստոնյաներ հավատում են, որ Աստվածաշունչը խոսում է գալիք երեք դատաստանների մասին։ Առաջինը ազգերին վերաբերող «ոչխարների և այծերի» դատաստանն է (Մատթեոս 25․31-36). Այս դատաստանը տեղի է ունենալու Մեծ նեղությունների ժամանակահատվածից հետ և նախքան հազարամյա թագավորությունը։ Այս դատաստանը որոշելու է, թե ով է մուտք գործելու հազարամյա թագավորություն։ Երկրորդ դատաստանը հավատացյալների գործած գործերի դատաստանն է, որը հաճախ անվանվում է «Քրիստոսի ատյան» (Բ Կորնթացիս 5․10)։ Այս դատաստանի ժամանակ քրիստոնյաները պարգևներ են ստանալու իրենց գործերի կամ Աստծո համար կատարած ծառայությունների համար։ Երրորդ դատաստանը սպիտակ մեծ գահի դատաստանն է, որը տեղի է ունենալու հազարամյա թագավորության ավարտին (Հայտնություն 20․11-15)։ Սա անհավատաների դատաստանն է, որի ընթացքում նրանք դատվելու են իրենց գործերի համաձայն և պատժվելու են կրակե լճում հավիտենական տանջանքի իրողությամբ։

Մյուս քրիստոնյաները հավատում են, որ այս բոլոր երեք դատաստանները խոսում են մեկ վերջնական դատաստանի մասին, այլ ոչ թե երեք տարբեր դատաստանների։ Այլ կերպ ասած, Հայտնություն 20․11-15 հատվածում նկարագրվող սպիտակ մեծ գահի դատաստանը թե՛ հավատացյալների և թե՛ անհավատների համատեղ դատաստանն է։ Բոլոր այն մարդիկ, ում անունները գրված են լինելու Կյանքի գրքի մեջ, դատաստանի ժամանակ ընդունելու կամ կորցնելու են այն պարգևատրումը, որն Աստված պատրաստել էր նրանց համար։ Իսկ այն մարդիկ, որոնց անունները գրված չեն լինի Կյանքի գրքում, դատվելու են ըստ իրենց գործած գործերի և ընդունելու են կրակել լճի հավիտենական պատիժը։ Այս տեսակետին հարողները հավատում են նաև, որ Մատթեոս 25․31-46 հատվածը սպիտակ մեծ գահի դատաստանի ժամանակ տեղի ունեցող իրադարձությունների մեկ այլ շարադրումն է։ Նրանք մատնացույց են անում այն փաստը, որ այս դատաստանի հետևանքը նույնն է, ինչը նկարագրվում է Հայտնություն 20․11-15 հատվածում նկարագրվող սպիտակ մեծ գահի դատաստանի ժամանակ՝ ոչխարները (հավատացյալները) մտնում են հավիտենական կյանք, իսկ այծերը (անհավատները) գնալու են դեպի «հավիտենական կորուստ» (Մատթեոս 25․46)։

Ինչպիսին էլ լինի հավատացյալի կարծիքը սպիտակ մեծ գահի դատաստանի առումով, կարևոր է, որպեսզի մեր աչքերի առջևից երբեք չհեռացնենք գալիք դատաստանի մասին ճշմարտությունները։ Նախ, Տեր Հիսուս Քրիստոսն է լինելու դատավորը, բոլոր անհավատները դատվելու են Քրիստոսի կողմից և դատապարտվելու են իրենց գործած գործերի համաձայն։ Աստվածաշունչը հստակ է այն հարցում, որ անհավատները բարկություն են կուտակում իրենց համար (Հռոմեացիս 2․5) և որ Աստված «յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու» (Հռոմեացիս 2․6)։ Հավատացյալները նույնպես դատվելու են Քրիստոսի կողմից, սակայն քանի որ մենք ընդունել ենք Քրիստոսի արդարությունը և մեր անունները գրվել են Կյանքի գրքի մեջ, մենք ըստ մեր գործերի պարգևատրվելու ենք, այլ ոչ թե պատժվելու։ Հռոմեացիս 14․10-12 հատվածում կարդում ենք, որ բոլորս ենք կանգնելու Քրիստոսի գահի դատաստանի առջև և որ յուրաքանչյուրս հաշիվ է տալու Աստծուն։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է դատաստանի սպիտակ մեծ գահը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries