settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է բանական նախագծման տեսությունը։

Պատասխան


Բանական նախագծման տեսությունն ասում է, որ կենսաբանության բարդ և տեղեկատվությամբ հարուստ կառուցվածքներին բացատրություն տալու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ ամենի հետևում կանգնած լինի բանական նախագծումը, և որ այն էմպիրիկորեն բացահայտելի է։ Որոշ կենսաբանական առանձնահատկություններ հերքում են դարվինյան պատահական ընտրության մոտեցումը, քանի որ դրանց նախագծման ու կազմավորման հետևում ակնհայտ է բանական ներգործությունը։ Քանի որ նախագիծը ենթադրում է բանական նախագծողի գոյությունը, ապա նման կառուցվածները ծառայում են որպես նախագծողի գոյության ապացույց։ Բանական նախագծման տեսության երեք հիմնական փաստարկներն են՝ 1) չպարզեցվող բարդությունը, 2) հատկորոշված բարդությունը և 3) անտրոպիկ սկզբունքը։

Չպարզեցվող բարդությունը սահմանվում է որպես «մի համակարգ, որը կազմված է մի քանի իրար համընկնող ու լավագույնս համահունչ մասերից, որոնք միասին ապահովում են այդ համակարգի հիմնական գործառույթը, և դրանցից ցանկացածի անգործությունը պատճառ է դառնում ողջ համակարգի գործունեության խափանման»։ Ավելի պարզ կարելի է ասել, որ կենսագործունեությունը կազմված է փոխկապակցված բաղադրիչներից, որոնք իրենց գործունեության առումով հիմնվում են մեկը մյուսի վրա։ Պատահական մուտացիան կարող է ծնել նոր բաղադրիչ, սակայն չի կարող առաջ բերել նոր բաղադրիչների ամբողջության զարգացում, որն անհրաժեշտ է կենսագործունեություն ապահովող համակարգի համար։ Օրինակ, մարդկային աչքը բավականին օգտակար համակարգ է։ Առանց ակնագնդի, օպտիկական նյարդի և ցանցաթաղանթի ճշգրիտ համագործակցության պատահականորեն մուտացիայի ենթարկված աչքը բացասական ազդեցություն կունենա կենդանատեսակների գոյատևման վրա և, հետևաբար, կդադարեցնի բնական ընտրության գործընթացը։ Աչքը չի կարող օգտակար համակարգ լինել, քանի դեռ դրա բոլոր բաղադրիչները համատեղ ու համահունչ փոխգործակցության մեջ չեն։

Հատկորոշված բարդությունը մի հասկացություն է, որը հիմնվում է այն եզրահանգման վրա, որ քանի որ օրգանիզմի մեջ առկա են հատկորոշված բարդության համակարգեր, ապա դրանք պետք է որ ծագած լինեն որոշակի ուղղորդման արդյունքում։ Հատկորոշված բարդության փաստարկը պնդում է, որ անհնարին է բարդ համակարգերի զարգացումը պատահական գործընթացների արդյունքում։ Օրինակ, 100 կապիկով և 100 համակարգչով լցված սենյակը ստեղնաշարերի վրա պատահական սեղմումների արդյունքում կարող է ի վերջո որևէ բառ և գուցե անգամ նախադասություն գրել մոնիտորի վրա, սակայն երբեք չի կարող շեքսպիրյան ողբերգություն նմանությամբ ստեղծագործություն լույս աշխարհ բերել։ Իսկ կենսաբանական կյանքը շատ ավելի բարդ է, քան շեքսպիրյան ստեղծագործությունները։

Անտրոպիկ սկզբունքը պնդում է, որ աշխարհն ու տիեզերքը «հարմարեցված» են Երկրի վրա կյանքի գոյության համար։ Եթե օդի պարունակության մեջ տարրերի բաղադրությունը մի փոքր շեղվեր իր ներկա բաղարդությունից, ապա Երկրի վրա կյանքի բազմաթիվ տեսակներ անմիջապես կոչնչանային։ Եթե Երկիր մոլորակը մի քանի կիլոմետրով մոտենար կամ հեռանար արեգակից, ապա բազմաթիվ օրգանիզմներ անմիջապես կանհետանային։ Երկրի վրա կյանքի գոյությունն ու զարգացումը այնքան շատ պայմանների կատարյալ առկայություն ու ներդաշնակություն է պահանջում, որ անհնարին է դրանց ներկա գոյությունը պատահական և չուղղորդված իրադարձությունների արդյունքում։

Թեև բանական նախագծման տեսությունը չի խոսում այն մասին, թե որն է այդ բանականության աղբյուրը (Աստվա՞ծ, այլմոլորակայինները կամ մեկ այլ բան), պետք է նշել, որ բանական նախագծման տեսության տեսաբանների մեծամասնությունը թեիստներ են։ Նրանք կենսաբանական աշխարհի կառուցվածքի առանձնահատկություններն ընդունում են որպես Աստծո գոյության փաստարկներ։ Սակայն կան նաև այնպիսի թեիստներ, որոնք չեն մերժում բանական նախագծման հստակ ապացույցները, բայց մերժում են Արարիչ Աստծո գաղափարը։ Նրանք հակված են առկա ապացույցները մեկնաբանել որպես որոշակի բարձր ռասսայի կամ այլմոլորակայինների միջամտության արդյունք։ Անշուշտ, նրանք չեն անդրադառնում դրանց ծագման հարցերին և վերադառնում են սկզբնական փաստարկներին առանց լիարժեք պատասխանների։

Բանական նախագծման տեսությունը աստվածաշնչյան կրեացիոնիզմը չէ։ Այս երկու տեսակետների միջև կարևոր տարբերություն գոյություն ունի։ Աստվածաշնչյան կրեացիոնիզմի հիմքում ընկած է այն եզրահանգումը, որ արարչագործության աստվածաշնչյան պատմությունը վստահելի է ու ճշմարիտ և որ Երկրի վրա կյանքի ծագման հեղինակը բանական Էակ է՝ Աստված։ Դրանից հետո նրանք բնության իրողությունները դնում են իրենց եզրահանգման ապացույցների հիմքում։ Բանական նախագծման տեսաբանները սկսում են բնության իրողություններից և գալիս այն եզրահանգմանը, որ Երկրի վրա կյանքն առաջացել է բանական միջամտության արդյունքում (առանց մասնավորեցնելու դրա աղբյուրը)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է բանական նախագծման տեսությունը։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries