settings icon
share icon
Հարց

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, երբ ինչ-որ բանը մեղք է:

Պատասխան


Այս հարցի մեջ երկու կողմ գոյություն ունի՝մի կողմից, այն բաները, որոնք Աստվածաշունչը հատուկ նշում է ու մեղք որակում, և մյուսից՝ նրանք, որոնց Աստվածաշունչը հատուկ կերպով չի անդրադառնում։ Տարբեր մեղքերի աստվածաշնչյան թվարկման օրինակներ են Առակաց 6․16-19, Գաղատացիս 5․19-21 և Ա Կորնթացիս 6․9-10 հատվածները։ Անկասկած, նման հատվածները ներկայացնում են այնպիսի գործողություններ, որոնք մեղսալի են և որոնք չեն արժանանում Աստծո հավանությանը։ Սպանությունը, շնությունը, ստելը, գողանալը և այլ նման բաներ, անշուշտ, որպես մեղքեր են ներկայացվում Աստվածաշնչի էջերում։ Ավելի դժվար է այն մեղքերը որոշելը, որոնց Աստվածաշունչը հատուկ կերպով չի անդրադառնում։ Երբ Աստվածաշունչը հատուկ կերպով չի անդրադառնում տվյալ ոլորտի մեղքերին, ապա Աստծո Խոսքի մեջ առկա սկզբունքների կիրառությունը օգնում է մեզ դրանց բացահայտելու հարցում։

Նախ, եթե ոչ մի հատուկ աստվածաշնչյան անդրադարձ տվյալ գործողությանը գոյություն չունի, ապա լավ կլինի ոչ թե հարցնել, թե այդ բանը սխա՞լ է, թե՞ ոչ, այլ՝ Աստվածաշունչը այն հստակ բնորոշո՞ւմ է որպես ընդունելի, թե՞ ոչ։ Օրինակ, Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է «իմաստությամբ վարվենք՝ ամեն առիթ օգտագործելով» (Կողոսացիս 4․5)։ Մեր օրերն այս երկրի վրա այնքա՜ն կարճ են և թանկարժեք հավիտենությանը պատրաստվելու առումով, որ մենք իրավունք չունենք եսասիրական մղումներով մեր ժամանակը վատնելու, այլ պետք է մեր օրերը անցկացնենք այն բաների համար, ինչը «բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին» (Եփեսացիս 4․29)։

Որևէ արարքի մեղք լինել-չլինելու հարցում լավ միջոց է անկեղծորեն ու հստակ մտքով խնդրելը, որպեսզի Աստված օրհնի և տվյալ արարքը օգտագործի Իր նպատակների համար։ «Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք» (Ա Կորնթացիս 10․31)։ Եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք այն հարցում, որ տվյալ արարքը հաճելի է Աստծուն, ապա ամենալավ տարբերակը այդ արարքը չանելն է։ «Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է» (Հռոմեացիս 14․23)։ Մենք պետք է հիշենք, որ մեր մարմինները, ինչպես նաև մեր հոգիները, փրկագնվել են և Աստծուն են պատկանում։ «Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ» (Ա Կորնթացիս 6․19-20)։ Այս մեծ ճշմարտությունը արմատական ազդեցություն պետք է ունենա մեր արարքների և մեր ընթացքի ուղղության վրա։

Ավելին, մենք մեր արարքներին պետք է գնահատական տանք ոչ միայն Աստծո հանդեպ դրանց ունեցած վերաբերմունքի և ազդեցության առումով, այլև՝ մեր ընտանիքի անդամների, մեր ընկերների և այլ մարդկանց։ Անգամ եթե որոշակի արարք մեզ անհատապես չի վնասում, սակայն վնասակար ազդեցություն կամ հետևանք կարող է ունենալ մեկ ուրիշի վրա, ապա դա մեղք է։ «Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել ու ո՛չ էլ որևէ բան անել, որից քո եղբայրը սայթաքում է։ Մենք, որ զորավոր ենք, պարտավոր ենք տկարների տկարությունը տանել և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինել» (Հռոմեացիս 14․21, 15․1)։

Եվ հիշեք, որ Հիսուս Քրիստոս մեր Տերն է ու Փրկիչը, և մենք չպետք է թույլ տանք, որպեսզի որևէ այլ բան մեզ շեղի Իր կամքին հնազանդվելուց։ Ոչ մի սովորություն, վայելք ու հաճույք, ոչ մի ձգտում ու նպատակ չպետք է իր ձեռքերում պահի մեր կյանքի վերահսկողությունը, այլ միայն Տեր Հիսուս Քրիստոսին պետք է պատկանի մեր կյանքի վրա ունեցած ողջ իշխանությունը։ «Ինձ համար ամեն բան թույլատրելի է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ համար ամեն բան թույլատրելի է, սակայն ես չպետք է որևէ բանի իշխանության տակ լինեմ» (Ա Կորնթացիս 6․12)։ «Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ Նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը» (Կողոսացիս 3․17)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, երբ ինչ-որ բանը մեղք է:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries