Հարց
Կա՞ արդյոք կյանք մահից հետո:
Պատասխան
Մահից հետո կյանքի գոյությանը հարցը տարածված թեմա է։ Հոբը խոսում է այս մասին՝ ասելով․ «Կնոջից ծնված մարդը կարճ կյանք ունի և նեղությամբ լիքն է։ Ծաղկի պես ծլում և թառամում է, ստվերի պես փախչում է, չի մնում։ …Եթե մարդը մեռել է, մի՞թե կկենդանանա» (Հոբ 14․1-2,14)։ Մենք էլ Հոբի նմանությամբ մտորում ենք այս հարցի շուրջ։ Ի՞նչ է մեզ պատահելու, երբ մահանանք։ Արդյոք պարզապես դադարո՞ւմ ենք գոյություն ունենալուց։ Արդյոք կյանքը հողից արարավելու և դեպի հողը վերադառնալու մի ժամանակահատվա՞ծ է միայն, որի իմաստը ընդամենը անհատական մեծության հասնելն է։ Արդյոք բոլորը նույն տե՞ղն են գնում, թե՞ տարբեր վայրեր։ Կա՞ իրականում դրախտ և դժոխք։
Աստվածաշունչը սովորեցնում է, որ ոչ միայն կա՛ կյանք մահից հետո, այլև այն այնքա՜ն փառավոր է, որ հետևյալ կերպ է նկարագրվում․ «Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց Իրեն սիրողների համար» (Ա Կորնթացիս 2․9)։ Հիսուս Քրիստոս՝ մարմնացած Աստված, եկավ այս աշխարհ, որպեսզի մեզ տա հավիտենական կյանքի պարգևը։ «Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ խաղաղություն բերեց, Նրա վրա ընկավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայիա 53․5)։ Տեր Հիսուս Իր վրա վերցրեց այն պատիժը, որին մենք էինք արժանի և Իր կյանքը զոհաբերեց, որպեսզի վճարի մեր մեղքերի գինը։ Երեք օր անց Նա հաստատեց Իր հաղթանակը մահվան նկատմամբ՝ հարություն առնելով մահացածների միջից։ Նա քառասուն օր մնաց երկրի վրա և հազարավոր մարդկանց երևաց նախքան Երկինք համբարձվելը։ Հռոմեացիս 4․25 խոսքում կարդում ենք․ «Նա մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար»։
Քրիստոսի հարությունը բավականին մանրամասն փաստագրված իրադարձություն է։ Պողոս առաքյալը այդ փաստի վստահելիության հարցում բերում էր ականատեսների վկայությունը, և ոչ ոք չէր կարողանում ընդդիմանալ նրա ներկայացրած ճշմարտությանը։ Հարության փաստը քրիստոնեական հավատի անկյունաքարն է։ Քանի որ Քրիստոս հարություն է առել մահացածների միջից, մենք նույնպես կարող ենք հավատալ, որ կարող ենք հարություն առնել։ Հիսուս Քրիստոսի հարությունը մահից հետո գոյություն ունեցող կյանքի բացարձակ ապացույց է։ Քրիստոս մեծ հունձքի միայն առաջին երախայրին էր, և շատերն են Նրա հարության նմանությամբ հարություն առնելու։ Ֆիզիկական մահն աշխարհ մտավ մեկ մարդու՝ Ադամի միջոցով, ով մեր բոլորի նախահայրն է։ Իսկ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ Աստծո ընտանիքին որդեգրված Նրա բոլոր զավակներին նոր կյանք է շնորհվելու (Ա Կորնթացիս 15․20-22)։ Ճիշտ այնպես, ինչպես Աստված հարություն տվեց Հիսուսի մարմինը, այնպես էլ մեր մարմիններն են հարություն առնելու Տեր Հիսուսի վերադարձի ժամանակ (Ա Կորնթացիս 6․14)։
Թեև բոլոր մարդիկ են, ի վերջո, հարություն առնելու, սակայն ոչ բոլորն են Երկինք գնալու։ Յուրաքանչյուր մարդ այս կյանքի ընթացքում պետք է որոշում կայացնի, և այդ որոշումից է կախված տվյալ մարդու հավիտենական ճակատագիրը։ Աստվածաշունչն ասում է, որ յուրաքանչյուր մեկի համար է որոշված մեկ անգամ մահանալն ու դրանից հետո դատաստանի առջև կանգնելը (Եբրայեցիս 9․27)։ Բոլոր այն մարդիկ, ովքեր արդարացվել են Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի շնորհիվ, կգնան Երկինք, իսկ նրանք, ովքեր մերժել են Քրիստոսին իրենց Փրկիչ ընդունելը, հավիտենական պատիժ կկրեն (Մատթեոս 25․46)։ Դժոխքը, ինչպես նաև դրախտը, ոչ միայն վիճակ են խորհրդանշում, այլև հստակ վայրեր են։ Դժոխքը մի վայր է, որտեղ ամբարիշտ մարդիկ կրելու են Աստծո հավիտենական բարկության անվերջանալի պատիժը։ Դժոխքը նկարագրվում է որպես անհատակ անդունդ (Ղուկաս 8․31, Հայտնություն 9․1) և որպես կրակե լիճ, որտեղ ծումբ է այրվում և մարդիկ անվերջ տանջվում են գիշեր ու ցերեկ (Հայտնություն 20․10)։ Դժոխքում լաց է և ատամների կրճտոց, որոնք նկարարգում են սգի և բարկության վիճակները (Մատթեոս 13․42)։
Աստված հաճույք չի ստանում չար մարդկանց մահանալուց, այլ կամենում է, որ նրանք հեռանան իրենց չար ճանապարհներից, որպեսզի կյանք ունենան (Եզեկիել 33․11)։ Սակայն Նա երբեք մարդուն չի ստիպում հնազանդվելու Իրեն։ Եթե մենք որոշում ենք մերժել Աստծուն, ապա Նա ընդունում է Իրենից հավիտենական բաժանման մեջ ապրելու մեր որոշումը։ Երկրի վրա կյանքը մեր քննությունն է՝ նախապատրաստությունը այն կյանքի, որը դեռ պիտի գա։ Հավատացյալների համար մահից հետո կյանքը Աստծո հետ հավիտենական կյանքն է Երկնքում։ Անհավատների համար մահից հետո կյանքը հավիտենությունն է կրակե լճում։ Ինչպե՞ս կարող ենք հավիտենական կյանքն ընդունել մահից հետո և խուսափել հավիտենությունը կրակե լճում անցկացնելու հեռանկարից։ Միայն մեկ ճանապարհ կա՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի և Նրան վստահելու շնոհիվ։ Տեր Հիսուս ասել է․ «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ Եվ ամեն ոք, ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի․․․» (Հովհաննես 11․25-26)։
Հավիտենական կյանքի ձրի պարգևը հասանալի է բոլորին։ «Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա» (Հովհաննես 3․36):Մահից հետո այլևս ոչ ոք հնարավորություն չի ունենա ընդունելու Աստծո փրկության պարգևը։ Մեր հավիտենական ճակատագիրը որոշվում է երկրային կյանքի ժամանակահատվածում Քրիստոսին ընդունելու շնորհիվ կամ Նրան մերժելու արդյունքում։ «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» (Բ Կորնթացիս 6․2)։ Եթե մենք հավատանք, որ Քրիստոսի մահը խաչի վրա ամբողջական կերպով վճարել է Աստծո դեմ գործած մեր մեղքերի գինը, ապա ոչ միայն իմաստալի կյանք կունենանք այս երկրի վրա, այլև այս կյանքից հետո մուտք կգործենք Քրիստոսի փառավոր ներկայությամբ հավիտենական կյանքի իրողության մեջ։
Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։
English
Կա՞ արդյոք կյանք մահից հետո: