settings icon
share icon
Հարց

Ո՞րն է հարատև ամուսնություն ունենալու բանալին:

Պատասխան


Ի՞նչ կարող է անել ամուսնացած զույգը որպեսզի նրանց ամուսնությունը լինի հարատև։ Առաջին և ամենակարևոր հարցը Աստծուն և Նրա Խոսքին հնազանդությունն է։ Սա մի սկզբունք է, որը պետք է հաստատված լինի նրանց մոտ անգամ նախքան ամուսնանալը։ Աստված ասում է․ «Մի՞թե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն» (Ամովս 3․3)։ Վերստին ծնված հավատացյալի համար սա նշանակում է սերտ հարաբերություն չսկսել ոչ հավատացյալ անձնավորության հետ։ «Անհավատների հետ սերտ հարաբերություններ մի՛ ունեցեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, կամ լույսը խավարի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ» (Բ Կորնթացիս 6․14)։ Եթե այս սկզբունքը պահպանվի, ապա ամուսնության հարցում բազմաթիվ խնդիրներից ու տառապանքներից հնարավոր կլինի խուսափել։

Ամուսնության հարատևության պահպանման մյուս սկզբունքը ամուսնու կողմից Աստծուն հնազանդվելն է և իր կնոջը սեփական անձի պես սիրելը, պատվելն ու պաշտպանելը (Եփեսացիս 5․25-31)։ Այս սկզբունքին զուգահեռ սկզբունքը կնոջ կողմից Աստծուն հանձնվելն է է և իր ամուսնուն այնպես հնազանդվելը, ինչպես նա «կհնազանդվեր Տիրոջը» (Եփեսացիս 5․22)։ Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը արտացոլանքն է Քրիստոսի և Եկեղեցու հարաբերության։ Քրիստոս Իրեն տվեց հանուն Եկեղեցու և սիրում, պատվում ու պաշտպանում է «Իր Հարս Եկեղեցուն» (Հայտնություն 19․7-9)։

Աստվածավախ ամուսնության հիմքի վրա կառոցելով իրենց կյանքը՝ բազմաթիվ ամուսնական զույգեր կարողացել են իրենց ամուսնությունը դարձնել հարատև։ Նրանք միասին մտերմացնող ժամանակ են անցկացնում, հաճախ են միմյանց ասում, որ սիրում են իրար, միմյանց հանդեպ բարի ու զիջող են, իրար հանդեպ կապվածություն են դրսևորում, հաճոյախոսում են իրար, ժամադրվում են իրար հետ, նվերներ տալիս և պատրաստակամ են միմյանց ներելու հարցում։ Բոլոր այս դրսևորումները ամբողջացնում են ամուսնու և կնոջ հարաբերությունների հարցում Աստվածաշնչի խորհուրդներն ու ցուցումները։

Երբ առաջին ամուսնության ժամանակ Աստված Եվային ներկայացրեց Ադամին, նա Ադամի «մարմնից ու ոսկրից» էր արարված (Ծննդոց 2․21) և նրանք «մեկ մարմին» էին (Ծննդոց 2․23–24)։ Մեկ մարմին դառնալը ավելին է, քան միայն ֆիզիկական միությունը։ Այն նշանակում է, որ միտքը և հոգին մեկանում են։ Այս հարաբերությունը ավելին է, քան զգայական ու զգացմունքային հրապուրանքը, և տանում է դեպի հոգևոր «մեկություն», որը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ամուսնական զույգը նվիրված է Աստծուն և նվիրված է նաև իրար։ Այս հարաբերությունը չի կենտրոնանում «իմ և ինձ» բառերի, այլ «մեր և մեզ» բառերի վրա։ Սա հարատև ամուսնություն ունենալու գաղտնիքներից մեկն է։

Հարատև ամուսնություն ունենալու համար այս նպատակը պետք է առաջնահերթություն դառնա թե՛ տղամարդու և թե՛ կնոջ համար։ Հարատև ամուսնությունը հնարավոր է, երբ զույգը նվիրվում է իրար։ Շատերը խոստանում են անգամ բարկության պահերին չարտաբերել ամուսնալուծություն բառը։ Աստծո հետ ուղղահայաց հարաբերության խորացմանը զուգահեռ ամրապնդրվում է նաև ամուսնու և կնոջ միջև հորիզոնական հարաբերության հարատևությունն ու աստվածահաճո ընթացքը։

Այն զույգը, որն ուզում է հարատև ամուսնություն ունենալ, պետք է սովորի լուծել իր առջև ծառացած խնդիրները։ Աղոթքը, Աստվածաշնչի ուսումնասիրությունը և իրար քաջալերելը օգտակար են այս հարցում։ Ոչ մի սխալ բան չկա նաև դրսից օգնություն փնտրելու մեջ։ Իրականում, եկեղեցու նպատակներից մեկն էլ հենց սա է․ «Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով» (Եբրայեցիս 10․24)։ Խնդիրների առջև կանգնած ամուսնական զույգը պետք է օգնություն խնդրի ավելի մեծ փորձ ունեցող հավատացյալ ամուսնական զույգից, հովվից կամ աստվածաշնչյան ամուսնական խորհրդատուից։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ո՞րն է հարատև ամուսնություն ունենալու բանալին:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries