Հարց
Արդյոք ձեռնաշարժությունը մե՞ղք է ըստ Աստվածաշնչի:
Պատասխան
Աստվածաշունչը չի անդրադառնում ձեռնաշարժությանը, և այնտեղ նշված չէ, թե մե՞ղք է արդյոք ձեռնաշարժությունը, թե՞ ոչ։ Աստվածաշնչյան հատվածը, որը ամենահաճախն է օգտագործվում որպես ձեռնաշարժության հետ կապ ունեցող մեջբերում, Օնանի պատմությունն է Ծննդոց 38․9–10 հատվածում։ Ոմանք այս հատվածը մեկնաբանում են՝ ասելով, որ «սերմը թափելը» մեղք է։ Սակայն այս հատվածի փոխանցած իմաստը դա չէ։ Աստված դատապարտեց Օնանին ոչ թե «սերմը գետնին թափելու» համար, այլ քանի որ նա անհնազանդ ու ապստամբ էր։ Նա հրաժարվում էր իր պարտականությունը կատարել որպես մահացած եղբոր ժառանգորդ։ Այս հատվածը ոչ թե ձեռնաշարժության, այլ ընտանեկան պարտականությունների կատարման մասին է։
Երկրորդ հատվածը, որը երբեմն օգտագործվում է որպես ձեռնաշարժության մեղք լինելու հիմնավորում, Մատթեոս 5․27–30 հատվածն է, որտեղ Հիսուս խոսում է ցանկություն ծնող պիղծ մտքերի մասին ու դրանից հետո ասում․ «Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր»։ Թեև հստակ կապ կա կրքոտ ցանկությունների և ձեռնաշարժության միջև, սակայն այնքան էլ հավանական չէ, որ Հիսուս այս հատվածում խոսում է հենց ձեռնաշարժության մասին։
Աստվածաշունչը որևէ տեղ հստակ չի ասում, որ ձեռնաշարժությունը մեղք է, սակայն որևէ կասկած չի կարող լինել, որ այն գործոնները, որոնք մարդուն, սովորաբար, մղում են ձեռնաշարժության, մեղքի բնույթ ունեն։ Ձեռնաշարժությունը գրեթե միշտ պիղծ ցանկություններ պարունակող մտքերի, ոչ բնական սեռական գրգռման կամ պիղծ տեսանյութերի հետևանք է։ Հենց այս խնդիրներն են, որ պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում։ Եթե կրքի ցանկության, անբարո մտքերի և պիղծ տեսանյութերի կապանքները հաղթահարված են, և մարդն ազատագրված է դրանցից, ապա ձեռնաշարժությունը ավելի փոքր խնդիր ու գայթակղություն կդառնա։ Բազմաթիվ մարդիկ գործ ունեն ձեռնաշարժության պատճառով մեղավորության զգացումի ծանրության հետ, երբ, իրականում, ճիշտ կլիներ, որ նրանք ապաշխարեին այն մեղքերից, որոնք մղում են դեպի ձեռնաշարժությունը։
Այս ամենով հանդերձ, արդյոք ձեռնաշարժությունը մե՞ղք է։ Թեև Աստվածաշունչն ուղղակիորեն չի պատասխանում, հստակ է, որ կարող ենք որոշ աստվածաշնչյան սկզբունքներ կիրառել այս խնդրի առումով՝
(1) «Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք» (Ա Կորնթացիս 10․31)։ Եթե մի բան Աստծուն փառք չի բերում, ապա մենք դա չպետք է անենք։
(2) «Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է» (Հռոմեացիս 14․23)։ Եթե մենք հաստատ համոզված չենք, որ այն, ինչ անում ենք, պատվաբեր է Աստծո համար, ապա դա մեղք է։
(3) «Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ» (Ա Կորնթացիս 6․19–20)։ Մեր մարմինները փրկագնված են և Աստծուն են պատկանում։
Այս մեծագույն ճշմարտությունները պետք է զորավոր ազդեցություն ունենան մեր մարմինների հետ մեր վարվելակերպի վրա։ Այս սկզբունքների լույսի ներքո կարող ենք ամփոփել ու եզրակացնել, որ ձեռնաշարժությունը միշտ մեղք ունի իր մեջ։ Ամենամեղմ ձևակերպմամբ կարելի է ասել, որ ձեռնաշարժությունը կասկածելի գործողություն է, անգամ եթե անհավանական կերպով այն ներկայացվի որպես Աստծուն փառք բերող մի բան, ամբողջովին լավ բան լինելու վստահությամբ կատարվող և մեր մարմիններով Աստծո համար պատվաբեր մի գործողություն։
Եթե դա արվում է բացարձակապես առանց որևէ կրքի, առանց անբարո մտքերի և պիղծ տեսնյութերի ուղեկցության՝ ամբողջական վստահություն ունենալով, որ դա ճիշտ է և բարի, ինչպես նաև Աստծուն դրա տված հաճույքի համար գոհություն հայտնելով (տե՛ս Ա Կորնթացիս 10․30 խոսքը), արդյոք այն կրկի՞ն մեղք է համարվում։ Այստեղ ամենաշատը կարող ենք ասել, որ, հավանաբար, ոչ։ Սակայն մենք հիմնավորված կասկածներ ունենք, որ նման իրավիճակ գործնականում կարող է երբևէ գոյություն ունենալ։
English
Արդյոք ձեռնաշարժությունը մե՞ղք է ըստ Աստվածաշնչի: