Հարց
Ի՞նչ է խոսում Աստվածաշունչը հավատացյալ քրիստոնյաների զինվորական ծառայության մասին։
Պատասխան
Աստվածաշնչի բազմաթիվ հատվածներ խոսում են զինվորական ու ռազմական ծառայության մասին։ Թեև աստվածաշնչյան բազմաթիվ հատվածներ այս առումով ընդամենը համեմատություններ են, այնուամենայնիվ, մի քանի աստվածաշնչյան խոսքեր ուղղակիորեն վերաբերում են զինվորական ծառայության հարցին։ Աստվածաշունչը հատուկ չի նշում, թե մարդուն կարելի՞ է, թե՞ չի կարելի ծառայել ռազմական ոլորտում։ Միևնույն ժամանակ, քրիստոնյաները կարող են համոզված լինել, որ զինվորական կամ զինվոր լինելը ողջ Աստվածաշնչում մեծ պատվի է արժանացվում և որ նման ծառայությունը չի հակասում աստվածաշնչյան աշխարհայացքին։
Հին Կտակարանում հանդիպող ռազմական ծառայության առաջին հիշատակումը (Ծննդոց 14) Ելամի թագավոր Քոդողագոմորի և նրա դաշնակիցների կողմից Աբրահամի եղբորորդի Ղովտի առևանգման պատմության մեջ է։ Աբրահամը հետապնդեց նրանց՝ հավաքելով իր տան 318 ռազմական առումով մարզված մարդկանց և պարտության մատնեց ելամացիներին։ Այստեղ մենք ականատես ենք լինում ռազմական ուժի կիրառմանն ազնիվ նպատակի համար՝ փրկելով ու պաշտպանելով անմեղ մարդկանց։
Հետագայում Իսրայել ազգը ունեցավ սեփական բանակը։ Այդ ռազմական ուժի զարգացումը դանդաղ տեղի ունեցավ, և դա, հավանաբար, այն պատճառով էր, որ իսրայելացիների պատկերացման մեջ իրենք կարիք չունեին հզոր բանակի, քանի որ Աստված էր իրենց գերբնական Պատերազմողը, Ով պաշտպանելու էր իրենց անկախ երկրի ունեցած ռազմական զորության։ Կանոնավոր բանակի կազմավորումը տեղի ունեցավ միայն Սավուղ, Դավիթ և Սողոմոն թագավորների կողմից կենտրոնացված քաղաքական համակարգի հաստատումից հետո։ Սավուղն առաջինն էր, ով կանոնավոր բանակ զարգացրեց (Ա Թագավորաց 13․2, 24․2, 26․2)։
Սավուղի սկսած գործը շարունակեց Դավիթը։ Նա ավելացրեց զինվորների թիվը, մյուս տարածաշրջաններից զորքեր վարձեց, որոնք միայն իրեն էին հավատարիմ (Բ Թագավորաց 15․19-22) և իր բանակի զորամիավորումների հրամանատարությունը հանձնեց գլխավոր հրամանատար Հովաբին։ Դավիթի իշխանության ներքո Իսրայելը հզորացավ ռազմական առումով և նվաճեց հարևան երկրները, ինչպիսին, օրինակ, Ամոնի թագավորությունն էր (Բ Թագավորաց 11․1, Ա Մնացորդաց 20․1-3)։ Դավիթը հաստատեց հերթափոխային զորքերի համակարգը, որի մեջ 24000 անձնակազմով տասներկու խումբ զորամիավորումներ ռազմական ծառայություն էին իրականացնում տարին մեկ ամիս ժամանակով (Ա Մնացորդաց 27)։ Թեև Սողոմոնի գահակալության տարիները խաղաղության ժամանակաշրջան էին, բայց նա ավելի հզորացրեց Իսրայելի բանակը՝ ավելացնելով ռազմակառքեր ու հեծելազոր (Գ Թագավորաց 10․26)։ Կանոնավոր բանակը Իսրայելում գոյություն ունեցավ (թեև Սողոմոնի մահից հետո՝ բաժանված թագավորությունների մեջ) մինչև Ք․ա․ 586 թվականը, երբ Իսրայելը (Հուդան) դադարեց գոյություն ունենալ որպես քաղաքական միավոր։
Նոր Կտակարանում Տեր Հիսուսը հիացած էր հռոմեացի հարյուրապետի մոտեցմամբ։ Զինվորականի արձագանքը Տեր Հիսուսի խոսքին ցույց է տալիս, որ հարյուրապետը հստակ պատկերացնում էր՝ ինչ է իշխանությունը, ինչպես նաև այն համեմատում էր Տեր Հիսուսի հանդեպ իր հավատքի հետ (Մատթեոս 8․5-13)։ Հիսուսը չհանդիմանեց նրան իր զինվորական լինելու համար։ Նոր Կտակարանը բազմաթիվ զինվորականների մասին է խոսում, որոնք գովասանքի են արժանանում որպես քրիստոնյաներ, աստվածավախ մարդիկ և բարի բնավորություն ունեցողներ (Մատթեոս 8․5, 27․54, Մարկոս 15․39-45, Ղուկաս 7․2, 23․47, Գործք 10․1, 21․32, 28․16)։
Վայրերն ու կոչումները կարող են փոխվել, սակայն մեր ռազմական ուժերը պետք է նույքան արժևորվեն, որքան Աստվածաշնչում նկարագրված զինվորականները։ Զինվորականի հեղինակությունը մեծ հարգանքի էր արժանի։ Օրինակ, Պողոսը Եպափրոդիտոսին նկարագրում էր որպես իր «գործակից և զինվորության ընկեր» (Փիլիպպեցիս 2․25)։ Աստվածաշունչը նաև ռազմական տերմիններ է օգտագործում, որպեսզի նկարագրի Աստծո մեջ զորավոր հավատացյալին, ով Աստծո ամբողջական զպառազինությունն է կիրառում՝ ներառյալ զինվորի այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են սուրն ու վահանը (Եփեսացիս 6․10-20)։
Այո՛, Աստվածաշունչը ուղղակիորեն և անուղղակիորեն անդրադառնում է ռազմական ծառայությանն ու զինվորականությանը։ Քրիստոնյա տղամարդիկ ու կանայք, որոնք իրենց երկրին են ծառայում ճիշտ բնավորությամբ, արժանապատվությամբ ու պատվով, կարող են վստահ լինել, որ իրենց ծառայությունը ինքնիշխան Աստծո կողմից արժանանում է հարգանքի ու գնահատանքի։ Զինվորական ծառայության մեջ պատվով ծառայող մարդիկ արժանի են մեր հանգանքին ու երախտագիտությանը։
English
Ի՞նչ է խոսում Աստվածաշունչը հավատացյալ քրիստոնյաների զինվորական ծառայության մասին։