settings icon
share icon
Հարց

Ինչո՞ւ ես չպետք է ինքնասպանություն գործեմ:

Պատասխան


Մեր սրտերն անհանգիստ են այն մարդկանց համար, ովքեր մտածում են ինքնասպանությամբ իրենց կյանքին վերջ դնելու մասին։ Եթե դա Դուք եք, ապա գուցե նման մտքերը այցելել են Ձեզ տարբեր զգացողությունների արդյունքում, ինչպիսիք են, օրինակ, հուսահատությունն ու հիասթափությունը։ Դուք կարող եք այնպիսի զգացողություն ունենալ, ասես մի խորը ճահճի մեջ եք և ոչ մի ելք չեք տեսնում, որի արդյունքում Ձեր իրավիճակը կարող էր թեկուզ փոքր-ինչ դեպի լավը գնալ։ Գուցե չկա գեթ մեկ մարդ, ով կհոգար Ձեր մասին կամ կհասկանար, թե ինչպիսի իրավիճակի մեջ եք հայտնվել։ Կյանքն այնպիսին է դարձել, որ այն ավելի լավ է չապրել․․․ Իսկ եթե նման եզրահանգումը ճիշտ չէ՞․․․

Իսկ գուցե մի պահ խորհեք այն մասին, որ թույլ տաք Աստծուն հենց հիմա իրապես գործելու Ձեր կյանքում, և Նա Ձեզ կապացուցի, որ Մեծ Աստված է․ «որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա» (Ղուկաս 1․37)։ Գուցե Ձեր անցյալի սպիների ցավն է Ձեզ հասցրել մերժվածության ու լքվածության այդ անտանելի զգացողություններին։ Սա կարող է մարդուն հասցնել ինքնախղճահարության, բարկության, վրեժխնդրության մտքերի կամ անառողջ վախերի ու տագնապների, որոնք իրենց հերթին խնդիրներ են առաջացրել Ձեր ամենաթանկ հարաբերություններում։

Ինչո՞ւ չպետք է ինքնասպանություն գործեք։ Սիրելի մա՛րդ, անկախ նրանից, թե որքան անտանելի են Ձեր կյանքի իրավիճակները, կա՛ սիրող Աստված, Ով սպասում է, որպեսզի Իրեն թույլ տաք, որ առաջնորդի Ձեզ անհուսության այդ խավար մթությունից դեպի Իր զարմանահրաշ լույսը։ Նա է Ձեր հույսը։ Նրա անունը Հիսուս է։

Այս Հիսուսը՝ Աստծո Որդին, Ով ոչ մեղք չգործեց Իր երկրային կյանքի ընթացքում, Իրեն նույնացնում է Ձեզ հետ, երբ անցնում եք մերժվածության և լքվածության ընթացքով։ Եսայիա մարգարեն իր մարգարեության 53-րդ գլխի 2-6 խոսքերում նկարագրում է Նրան որպես բոլորի կողմից «մերժված ու անարգված»։ Նրա կյանքը լի էր ցավով ու տառապանքով։ Սակայն այն ցավերը, որոնք Նա էր կրում, Իր սեփականը չէին։ Դրանք մերն էին։ Նրան ցավեցրին, տանջանքների ենթարկեցին ու խաչեցին։ Եվ այդ ամենը՝ մեր մեղքերի պատճառով։ Նրա տառապանքների շնորհիվ մեր կյանքերը կարող են փրկագնվել ու դառնալ ամբողջական։

Բարեկա՛մ, Հիսուս Քրիստոս այս ամենը կրեց, որպեսզի Ձեր բոլոր մեղքերը ներում ստանան։ Մեղավորության ինչպիսի ծանր զգացում էլ կրելիս լինեք Ձեր ուսերին, իմացե՛ք, որ Նա կների Ձեզ, եթե խոնարհաբար ընդունեք Նրան որպես Ձեր Փրկիչ։ «Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ» (Սաղմոս 50․15)։ Չկա այնպիսի մի բան, որ արել եք, որը չափազանց ծանր է, Հիսուսից ներում ստանալու համար։ Աստծուն ծառայած մեծագույն մարդկանցից ոմանց այնպիսի մեղքեր են ներվել, ինչպիսիք են սպանությունը (Մովսես), սպանությունն ու շնությունը (Դավիթ թագավոր), և մյուսների հանդեպ ֆիզիկական ու հոգեբանական բռնությունները (Պողոս առաքյալ)։ Նրանք Աստծուց ներում են ընդունել և Տիրոջ մեջ նոր ու լիառատ կյանքով ապրել։ «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5․17)։

Ինչո՞ւ չպետք է ինքնասպանություն գործեք։ Հարգելի մա՛րդ, Տեր Աստված սպասում է, որպեսզի նորոգի Ձեր «կոտրված կյանքը»՝ այն կյանքը, որն ունեք հիմա, այն կյանքը, որին ուզում եք վերջ տալ ինքնասպանության միջոցով։ Եսայիա 61․1-3 հատվածում մարգարեն գրում է․ «Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին. հռչակելու Տիրոջ ընդունելի տարին․․․, բոլոր սգավորներին մխիթարելու, Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն»։

Եկե՛ք Հիսուսի մոտ և թույլ տվեք Նրան վերականգնել Ձեր ուրախությունն ու հասարակության մեջ օգտակարությունը՝ վստահելով Նրան Ձեր կյանքում նոր ընթացք սկսելու գործը։ Նա խոստանում է վերականգնել Ձեր կորցրած ուրախությունը և նորոգել Ձեր հոգին։ Ձեր կոտրված սիրտը թանկ գանձ է Նրա համար․ «Աստծու ընդունելի զոհը կոտրված հոգին է. բեկված ու խոնարհ սիրտը, ո՜վ Աստված, դու չես անարգում» (Սաղմոս 51․17)։

Կընդունե՞ք Հիսուսին որպես Ձեր Տեր և Հովիվ։ Եթե այո, ապա Նա օր օրի կուղղորդի Ձեր մտքերն ու քայլերը Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի» (Սաղմոս 32․8)։ «Իմաստությունն ու գիտությունը քո ժամանակների ապահովությունը պիտի լինեն, նաև քո փրկության զորությունը։ Տիրոջ երկյուղը կլինի նրա գանձը» (Եսայիա 33․6)։ Քրիստոսի հետ կյանքն առանց դժվարությունների կյանք չէ, սակայն այն լի է հույսով։ Նա այն Ընկերն է, որ «եղբորից ավելի հավատարիմ է» (Առակաց 18․24)։ Թող Հիսուս Քրիստոսի շնորհը Ձեզ հետ լինի Ձեր որոշման ընթացքում։

Եթե ուզում եք Հիսուս Քրիստոսին ընդունել որպես Ձեր Փրկիչ, ապա Ձեր սրտում այս խոսքերն ասեք Աստծուն․ «Տեր Աստվա՛ծ, ես Քո կարիքն ունեմ իմ կյանքում։ Խնդրում եմ՝ ներիր ինձ այն ամենի համար, ինչ արել եմ։ Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին և ընդունում Նրան որպես իմ Փրկչի։ Խնդրում եմ՝ մաքրիր ինձ, բժշկիր ինձ և վերականգնիր իմ կյանքի խաղաղությունը։ Շնորհակալ եմ իմ հանդեպ Քո սիրո համար և իմ փոխարեն Հիսուս Քրիստոսի մահանալու համար»։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչո՞ւ ես չպետք է ինքնասպանություն գործեմ:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries