settings icon
share icon
Հարց

Ես հենց նոր որոշեցի հավատալ Հիսուսին։ Որո՞նք են իմ հաջորդ քայլերը։

Պատասխան


Ես հենց նոր որոշեցի հավատալ Հիսուսին։ Որո՞նք են իմ հաջորդ քայլերը։

Շնորհավորում ենք։ Դուք կյանք փոխակերպող որոշում եք կայացրել։ Գուցե, հարցնում եք․ «Ի՞նչ է պետք անել հիմա։ Ինչպե՞ս սկսել Աստծո հետ իմ ընթացքը»։ Ստորև նշված հինգ քայլերը Ձեզ կօգնեն այս հարցում ընդունել աստվածաշնչյան ուղղորդումը։ Երբ Ձեր հավատի այս ճամփորդության ընթացքում ունենանք հարցեր, խնդրում ենք այցելեք www.GotQuestions.org։

1. Համոզվեք, որ ճիշտ եք ընկալում փրկությունը։

Ա Հովհաննես 5․13 խոսն ասում է․ «Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք»։ Աստված ուզում է, որպեսզի Դուք հասկանաք փրկության իմաստը։ Նա ուզում է, որ մենք վստահություն ունենանք մեր ներսում և համոզված լինենք, որ փրկված ենք։ Եկեք ամփոփ անդրադառնանք փրկության հիմնական կետերին։

(ա) Չկա մի այնպիսի մարդ, որ մեղք գործած չլինի։ Բոլորս էլ արել ենք բաներ, որոնք հաճելի չեն եղել Աստծուն (Հռոմեացիս 3․23)։

(բ) Մեղքի պատճառով մենք արժանի ենք Աստծուց հավիտենական բաժանման պատժին (Հռոմեացիս 6․23)։

(գ) Տեր Հիսուս մահացավ խաչի վրա, որպեսզի վճարի մեր մեղքերի պատժի գինը (Հռոմեացիս 5․8, Բ Կորնթացիս 5․21)։ Նա մահացավ մեր փոխարեն՝ Իր վրա կրելով այն պատիժը, որին մենք էինք արժանի։ Տեր Հիսուսի հարությունը ապացույց էր, որ Նրա մահը բավարար գին է մեր մեղքերի համար։

(դ) Աստված ներում և փրկություն է շնորհում բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են Տեր Հիսուսին՝ վստահելով իրենց մեղքերի համար Նրա սեփական մահով վճարած լինելու փաստին (Հովհաննես 3․16, Հռոմեացիս 5․1, Հռոմեացիս 8․1)։

Սա է փրկության ուղերձը։ Եթե Դուք հավատացել եք Հիսուս Քրիստոսին և ընդունել Նրան որպես Ձեր Փրկչի, ապա Դուք փրկվա՛ծ եք։ Ձեր բոլոր մեղքերը ներված են, և Աստված խոստանում է Ձեզ երբեք չթողնել ու չլքել (Հռոմեացիս 8․38-39, Մատթեոս 28․20)։ Հիշե՛ք, որ Ձեր փրկության ապահովությունը Հիսուս Քրիստոսի մեջ է (Հովհաննես 10․28-29)։ Եթե փրկության հարցում Ձեր հույսը միայն Տեր Հիսուսն է, ապա կարող եք համոզված լինել, որ հավիտենությունն անցկացնելու եք Աստծո հետ Երկնքում։

2. Գտեք ճշմարիտ եկեղեցի, որտեղ Աստվածաշունչ են ուսուցանում։

Մի՛ կարծեք, թե եկեղեցին շինություն է։ Եկեղեցին մարդիկ են։ Չափազանց կարևոր է, որպեսզի Հիսուս Քրիստոսին հավատացող մարդիկ միմյանց հետ հաղորդակցություն ունենան։ Դա եկեղեցու առաջնային նպատակներից մեկն է։ Մենք մեծապես քաջալերում ենք Ձեզ, որ այժմ, երբ հավատացել եք Հիսուս Քրիստոսին, Ձեր մոտակայքում գտնեք մի այնպիսի եկեղեցի, որի ուսուցումները հիմնված են Աստվածաշնչի վրա, և զրուցեք այդ եկեղեցու հովվի հետ։ Նրան տեղեկացրեք Հիսուս Քրիստոսի հանդեպ Ձեր հավատքի որոշման մասին։

Եկեղեցու երկրորդ նպատակը Աստվածաշունչը մարդկանց ուսուցանելն է։ Դուք պետք է սովորեք, թե ինչպես կիրառել Աստծո կողմից տրված սկզբունքները Ձեր կյանքում։ Աստվածաշունչը հասկանալը հաջողված և զորավոր քրիստոնեական կյանք ապրելու բանալին է։ Բ Տիմոթեոս 3․16-17 հատվածում կարդում ենք․ «Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի»։

Եկեղեցու երրորդ նպատակը երկրպագությունն է։ Երկրպագությունը Աստծուն ուղղված երախտագիտության արտահայտություն է այն ամենի համար, ինչ Նա արել է։ Աստված փրկել է մեզ։ Աստված հոգ է տանում մեզ համար։ Աստված առաջնորդում և ուղղորդում է մեզ։ Ինչպե՞ս մենք կարող ենք շնորհակալություն չհայտնել Նրան այդ ամենի համար։ Աստված սուրբ է, արդար, սիրող, ողորմած և շնորհով հարուստ։ Հայտնություն 4․11 խոսքը հայտարարում է․ «Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, որովհետև Դու ամեն բան ստեղծեցիր, ու Քո կամքով եղան և ստեղծվեցին»։

3. Ամեն օր ժամանակ հատկացրեք Աստծո մասին մտորելու համար

Շատ կարևոր է, որպեսզի մենք ամեն օր ժամանակ հատկացնենք Աստծո մասին մտորելու համար։ Ոմանք այդ ժամանակը կոչում են «մենիկ պահ»։ Մյուները այն անվանում են «հաղորդակցություն ծածուկ վայրում», քանի որ մենք այդ ժամանակ հաղորդակցվում ենք Աստծո հետ։ Ոմանք նախընտրում են այդ ժամանակն առանձնացնել առավոտյան, մինչ մյուսները՝ երեկոյան։ Կարևորն այն չէ, թե ինչ անուն եք տալիս այդ ժամանակին կամ երբ եք այն առանձնացնում։ Կարևորն այն է, որ պարբերաբար Աստծո հետ ժամանակ անցկացնեք։ Ինչի՞ց է բաղկացած Աստծո համար առանձնացված մեր ժամանակը։

(ա) Աղոթք։ Աղոթքը Աստծո հետ զրուցելն է։ Խոսեք Աստծո հետ Ձեր անհանգստությունների ու խնդիրների մասին։ Աստծուց իմաստություն և առաջնորդություն խնդրեք։ Խնդրեք, որպեսզի Նա հոգա Ձեր կարիքները։ Ասեք Աստծուն, թե որքա՜ն եք Նրան սիրում և որքա՜ն երախտապարտ եք այն ամենի համար, որ Նա արել է Ձեր կյանքում։ Ահա թե ինչի մասին է աղոթքը։

(բ) Աստվածաշնչի ընթերցանություն։ Բացի այն, որ եկեղեցում՝ կիրակնօրյա դպրոցի շրջանակներում կամ աստվածաշնչյան սերտողությունների ժամանակ Ձեզ Աստվածաշունչ են սովորեցնում, նաև կարիք կա, որպեսզի Դուք ունենաք Աստվածաշնչի ինքնուրույն ընթերցանություն։ Աստվածաշնչում գրված է այն ամենն, ինչը կարիք ունեք իմանալու, որպեսզի ապրեք առողջ քրիստոնեական կյանքով։ Այն պարունակում է Աստծո առաջնորդությունը իմաստուն որոշումներ կայացնելու հարցում, օգնում է մեզ ճանաչել Աստծո կամքը և աճել հոգևորապես։ Աստվածաշունչը մեզ ուղղված Աստծո Խոսքն է։ Այն, հատկապես, ծառայում է որպես ուղեցույց այն բանի, թե ինչպես կարող ենք ապրել մի այնպիսի կյանք, որը հաճելի է Աստծուն և նաև բավարարում է մեզ։

4. Հարաբերություն զարգացնել այն մարդկանց հետ, ովքեր կարող են Ձեզ օգնել հոգեւորապես։

Ա Կորնթացիս 15․33 խոսքն ասում է, «Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են»։ Աստվածաշունչը լի է մեր վրա վատ մարդկանց հնարավոր ազդեցության մասին զգուշացումներով։ Մեղքի կյանքով ապրող մարդկանց հետ ժամանակ անցկացնելը կարող է մեզ համար նման գործողությունների մղող գայթակղություն դառնալ։ Մեր շրջապատի մարդկանց բնավորությունը կարող է ազդել մեզ վրա։ Ահա թե ինչու է կարևոր մեզ այնպիսի մարդկանցով շրջապատելը, որոնք սիրում են Աստծուն և նվիրված են Նրան։

Փորձեք մեկ կամ երկու ընկեր գտնել, գուցե Ձեր եկեղեցուց, ովքեր կկարողանան օգնել ու քաջալերել Ձեզ (Եբրայեցիս 3․13, 10․24)։ Խնդրեք Ձեր ընկերներին, որպեսզի նրանց հաշվետու լինեք Աստծո հետ Ձեր առանձնացրած ժամանակի, Ձեր գործերի և Աստծո հետ Ձեր ընթացքի առումով։ Խնդրեք նաև, որպեսզի նրանք էլ Ձեզ հետ կիսվեն իրենց փորձառություններով։ Այս ամենը չի նշանակում, թե պետք է հրաժարվեք Ձեր բոլոր այն ընկերներից, որոնք Տեր Հիսուսին չեն ընդունել որպես իրենց Փրկչի։ Շարունակեք լինել նրանց ընկերը և սիրեք նրանց։ Սակայն նրանց նաև տեղեկացրեք, որ Ձեր կյանքը փոխվել է, և Դուք այլևս չեք կարող անել այն ամենը, ինչ արել եք նախկինում։ Աստծուն խնդրեք, որպեսզի Ձեզ հնարավորություններ ընձեռի Ձեր ընկերների մոտ Քրիստոսին վկայելու համար։

5. Մկրտվեք։

Բազմաթիվ մարդիկ սխալ ընկալում ունեն մկրտության վերաբերյալ։ Մկրտել բառը նշանակում է ընկղմել ջրի մեջ։ Մկրտությունը Քրիստոսի հանդեպ նոր հավատքը և Նրան հետևելու Ձեր նվիրումը հրապարակայնորեն դավանելու աստվածաշնչյան կերպն է։ Ջրի մեջ սուզումը խորհրդանշում է Քրիստոսի հետ թաղվելը, իսկ ջրից դուրս գալը՝ Քրիստոսի հետ հարություն առնելը։ Մկրտվելը Ձեր անձը նույնականացնում է Քրիստոսի մահվան, թաղման և հարության հետ (Հռոմեացիս 6․3-4)։

Մկրտությունը չի կարող Ձեզ փրկել։ Մկրտությունը չի մաքրում Ձեր մեղքերը։ Մկրտությունը պարզապես հնազանդության քայլ է՝ Ձեր դավանությունը, որը խոսում է այն մասին, որ Քրիստոսի հանդեպ ունեցած հավատը փրկության միակ ճանապարհն է։ Մկրտությունը կարևոր է, քանի որ այն հնազանդության քայլ է, որի ընթացքում մարդը հրապարակայնորեն դավանում է Քրիստոսի հանդեպ ունեցած իր հավատն ու Նրան նվիրված լինելը։ Եթե Ձեզ պատրաստ եք զգում մկրտվելու համար, ապա պետք է խոսեք Ձեր հովվի հետ։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ես հենց նոր որոշեցի հավատալ Հիսուսին։ Որո՞նք են իմ հաջորդ քայլերը։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries