Հարց
Ի՞նչ է նշանակում աղոթել Հիսուսի անունով:
Պատասխան
Հիսուսի անունը աղոթքի մեջ օգտագործելու մասին խոսվում է Հովհաննես 14․13-14 հատվածում․ «Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի։ Եթե իմ անունով որևէ բան խնդրեք, ես այն կկատարեմ»։ Ոմանք սխալ են կիրառում այս խոսքի մեջ գրված ճշմարտությունը՝ կարծելով, թե աղոթքի վերջում «Հիսուսի անունով» բառերն ավելացնելը կստիպի Աստծուն մշտապես դրական պատասխան տալ նման աղոթքին։ Նման մոտեցումը կախարդական զորություն է հաղորդում «Հիսուսի անունով» արտահայտությանը, ինչն աստվածաշնչյան չէ։
Հիսուսի անունով աղոթել նշանակում է աղոթել Նրա իշխանության մեջ և խնդրել Հորը, որպեսզի գործի մեր աղոթքների հիման վրա, քանի որ Նրան ենք մոտեցել Նրա Որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուսի անունով աղոթել նշանակում է աղոթել Աստծո կամքի համեմատ․ «Սա է այն վստահությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ Նրանից ստանում ենք մեր խնդրածները» (Ա Հովհաննես 5․14-15)։ Հիսուսի անունով աղոթել նշանակում է աղոթել այնպիսի բաների համար, որոնք պատիվ ու փառք են բերում Տեր Հիսուսին։
Աղոթքի վերջում «Հիսուսի անունով» ասելը կախարդական մի բան չէ։ Եթե մեր խնդրանքն ու աղոթքը Աստծո փառքի համար չէ կամ Նրա կամքի հետ համահունչ չէ, ապա անիմաստ է «Հիսուսի անունով» արտահայտությունը դնել այդ աղոթքի վերջում։ Շատ կարևոր է Հիսուսի անունով անկեղծորեն աղոթելը, այլ ոչ թե մեր աղոթքի վերջում այդ բառերն ասելը։ Աղոթքի մեջ այնքան կարևոր չեն բառերը, որքան այդ աղոթքի նպատակը։ Հիսուսի անունով կատարված աղոթքի էությունը նրանում է, որ մեր աղոթքը համապատասխանում է Աստծո կամքին։
English
Ի՞նչ է նշանակում աղոթել Հիսուսի անունով: