Հարց
Ինչպե՞ս անել, որպեսզի Աստված պատասխանի իմ աղոթքներին:
Պատասխան
Շատերը կարծում են, թե պատասխանված աղոթքն այն աղոթքն է, որին Աստված դրական պատասխան է տվել։ Իսկ եթե խնդրվածքը չի իրականացել, ապա նման աղոթքն ընկալվում է որպես «չպատասխանված աղոթք»։ Աստված պատասխանում է Իրեն ուղղված յուրաքանչյուր աղոթքի։ Երբեմն Աստծո պատասխանը «ոչ» է լինում կամ «առայժմ ոչ»։ Աստված խոստացել է դրական պատասխանել միայն այն աղոթքներին, որոնք մենք ըստ Նրա կամքի ենք խնդրում։ «Սա է այն վստահությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ Նրանից ստանում ենք մեր խնդրածները» (Ա Հովհաննես 5․14-15)։
Ի՞նչ է նշանակում աղոթել ըստ Աստծո կամքի։ Ըստ Աստծո կամքի կատարված աղոթքը այնպիսի բաների համար կատարված աղոթքն է, որոնք պատիվ ու փառք են բերում Աստծուն կամ որոնց մասին Աստվածաշունչը հստակ ասում է, որ դրանք Աստծո կամքին համահունչ են։ Եթե մենք աղոթում ենք մի բանի համար, որն Աստծուն պատիվ չի բերում կամ Նրա կամքը չէ մեր կյանքերի համար, ապա Աստված չի տա մեր խնդրվածքը։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ո՞րն է Աստծո կամքը։ Աստված խոստացել է իմաստություն տալ, եթե մենք Նրանից խնդրենք դա։ Հակոբոս 1․5 խոսքում կարդում ենք․ «Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի»։ Ա Թեսաղոնիկեցիս 5․12-24 հատվածը բազմաթիվ բաների մասին է խոսում, որոնք Աստծո կամքն են մեզ համար։ Որքան ավելի լավ հասկանանք Աստծո Խոսքը, այնքան ավելի հստակ կիմանանք, թե ինչի համար է պետք աղոթել (Հովհաննես 15․7)։ Որքան ավելի հստակ գիտենք, թե ինչի համար պետք է աղոթել, այնքան ավելի հաճախ Աստծուց դրական պատասխաններ կստանանք մեր խնդրվածքներին։
English
Ինչպե՞ս անել, որպեսզի Աստված պատասխանի իմ աղոթքներին: