Հարց
Արդյոք ընդունելի՞ է, երբ շարունակաբար միևնույն բանի համար եք աղոթում, թե՞ որոշակի բանի համար ընդամենը մեկ անգամ է պետք աղոթել:
Պատասխան
Ղուկաս 18․1-7 հատվածում Տեր Հիսուս խոսում է աղոթքի մեջ հարատևելու կարևորության մասին։ Նա պատմում է մի այրի կնոջ մասին, ով մի անիրավ դատավորից արդար դատ էր պահանջում իր դեմ չարակամ մարդկանց հանդեպ։ Իր համառության պատճառով դատավորը համաձայնվեց արդար դատ վարել։ Տեր Հիսուսի ասածի իմաստը նրանում էր, որ եթե անիրավ դատավորը անկոտրում կերպով արդար դատ խնդրող այդ այրի կնոջ խնդրվածքը կատարեց, ապա որքա՜ն առավել Աստված, Ով սիրում է մեզ, «Իր ընտրյալների» (խ. 7), աղոթքներին կպատասխանի, եթե մենք չդադարենք աղոթելուց։ Ոմանք թյուրիմացաբար կարծում են, թե այս առակը սովորեցնում է, որ եթե մենք շարունակաբար միևնույն բանի համար խնդրենք մեր աղոթքի մեջ, ապա Աստված ստիպված է լինելու այն մեզ տալ։ Այլ, ավելի շուտ, Աստված խոստանում է մեր փոխարեն վրեժխնդիր լինել, արդարացնել մեզ, ուղղել մեր թույլ տված սխալները, արդար դատ տեսնել մեր հանդեպ և ազատել մեզ մեր թշնամիների ձեռքից։ Նա անում է դա Իր արդար ու սուրբ լինելու և մեղքի հանդեպ ատելության վերաբերմունքի պատճառով։ Մեր աղոթքներին պատասխանելով՝ Նա պահում է Իր խոստումներն ու դրսևորում Իր զորությունը։
Տեր Հիսուս ևս մեկ համեմատություն է անում Ղուկաս 11․5-12 հատվածում։ Անիրավ դատավորի առակի նմանությամբ այս հատվածում նույնպես Տեր Հիսուսի ուղերձն այն է, որ եթե տվյալ մարդը իրեն անհարմարություն պատճառելով՝ օգնեց կարիքի մեջ գտնվող իր հարևանին, ապա որքա՜ն առավել Աստված կհոգա մեր կարիքները, քանի որ դրանք Նրան անհարմարություն չեն պատճառում։ Այստեղ նույնպես խոստումն այն չէ, թե մենք պիտի ստանանք այն ամենն, ինչ խնդրում ենք Աստծուց։ Աստված Իր զավակներին խոստացել է հոգալ նրանց կարիքները, այլ ոչ թե բավարարել ցանկությունները։ Եվ Նա մեզնից շատ ավելի լավ գիտի մեր իսկ կարիքները։ Այդ նույն խոստումը հաստատվում է Մատթեոս 7․7-11 և Ղուկաս 11․13 խոսքերում, որտեղ «բարի պարգև» արտահայտությունը վերաբերում է Աստծո Սուրբ Հոգուն։
Բոլոր այս հատվածները մեզ քաջալերում են աղոթել և հարատևել աղոթքի մեջ։ Ոչ մի սխալ բան չկա պարբերաբար միևնույն բանի համար Աստծուն խնդրելու մեջ։ Քանի դեռ Ձեր խնդրանքն Աստծո կամքին համապատասխան է (Ա Հովհաննես 5․14-15), շարունակեք աղոթել Աստծուն այնքան ժամանակ, մինչև Աստված իրագործի Ձեր խնդրածը կամ հեռացնի այն խնդրելու մղումը Ձեր սրտից։ Երբեմն Աստված ուշացնում է մեր աղոթքին պատասխանելը, որպեսզի մեզ համբերություն ու երկայնամտություն սովորեցնի։ Երբեմն մենք բաներ ենք խնդրում, որոնց իրականացման ժամանակը դեռ չի համապատասխանում մեր կյանքերի համար Աստծո ունեցած ծրագրերին։ Երբեմն մենք բաներ ենք խնդրում Աստծուց, որոնք Աստծո կամքին չեն համապատասխանում, և Նա մեզ «ո՛չ» է պատասխանում։ Աղոթքը ոչ միայն Աստծուն մեր խնդրվածները ներկայացնելն է, այլև Աստծո կամքը մեր սրտերում հաստատելը։ Շարունակե՛ք խնդրել, շարունակե՛ք թակել և շարունակեք փնտրել, մինչև Աստված շնորհի Ձեզ Ձեր խնդրածները կամ համոզվեք, որ Ձեր խնդրածն Աստծո կամքին չի համապատասխանում։
English
Արդյոք ընդունելի՞ է, երբ շարունակաբար միևնույն բանի համար եք աղոթում, թե՞ որոշակի բանի համար ընդամենը մեկ անգամ է պետք աղոթել: