settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է նախամիլենիալիզմը:

Պատասխան


Նախամիլենիալիզմը մի տեսակետ է, ըստ որի Քրիստոսի երկրորդ գալուստը տեղի է ունենալու Նրա Հազարամյա թագավորությունից առաջ և որ այդ թագավորությունը բառացիորեն նշանակում է Քրիստոսի հազար տարվա գահակալությունը երկրի վրա։ Որպեսզի հասկանանք ու մեկնաբանենք Աստվածաշնչի այն հատվածները, որոնք նկարագրում են Վերջին օրերի իրադարձությունները, երկու բան է պետք հստակ հասկանալ՝ Աստվածաշունչը մեկնաբանելու ճշգրիտ մեթոդը և Իսրայելի (հրեաների) ու եկեղեցու (Հիսուս Քրիստոսի մեջ հավատացյալների Մարմնի) տարանջատումը։

Նախ, Աստվածաշնչի մեկնաբանության ճիշտ մոտեցումը պահանջում է, որպեսզի տվյալ հատվածը մեկնաբանվի դրա համատեքստին համահունչ կերպով։ Սա նշանակում է, որ ցանկացած աստվածաշնչյան խոսք պետք է մեկնաբանել՝ հաշվի առնելով լսարանի առանձնահատկությունները, որին ուղղված է եղել այդ ուղերձը, ինչպես նաև նրանց, ում մասին է գրվել, ում կողմից է գրվել և այլն։ Չափազանց կարևոր է ճանաչել այդ տողերը գրի առնող հեղինակին, ուղերձն ընդունողներին և յուրաքանչյուր հատվածի պատմական համատեքստը։ Պատմական և մշակութային առանձնահատկությունները հաճախ օգնում են բացահայտելու տվյալ հատվածի ճշմարիտ իմաստը։ Կարևոր է նաև չմոռանալ, որ Աստվածաշնչի մեկնության հիմնական միջոցը հենց Աստվածաշունչն է։ Այսինքն, հաճախ տվյալ հատվածի թեման կամ վեր բարձրացրած խնդիրը բացատրություն ունի Աստվածաշնչի մեկ այլ հատվածում։ Կարևոր է, որպեսզի տվյալ հատվածի մեկնաբանությունը համահունչ լինի այդ թեմային անդրադարձող մյուս հատվածների մեկնաբանությունների հետ։

Եվ վերջապես, շատ կարևոր է, որպեսզի աստվածաշնչյան հատվածներն ընկալվեն առաջին հերթին իրենց նորմալ, սովորական, ուղիղ ու բառացի նշանակությամբ, եթե դրա համատեքստը չի խոսում այդ հատվածի փոխաբերության կամ պատկերավոր բնույթի մասին։ Բառացի մեկնաբանությունը չի բացառում պատկերավոր խոսքի կիրառված լինելու հնարավորությունը, այլ քաջալերում է մեկնաբանողին ընթերցված հատվածում չորոնել փոխաբերական իմաստներ, եթե հատվածի համատեքստը մեզ նման հուշում չի փոխանցում։ Կարևոր է, որպեսզի մենք երբեք «ավելի խորն ու ավելի հոգևոր» իմաստներ չորոնենք, քան որ իրականում գրված է։ Աստվածաշնչյան հատվածը հոգևորացնելը վտանգավոր է, քանի որ դա ճշգրիտ մեկնաբանության հիմքը Աստվածաշնչից տեղափոխում է մեկնաբանողի տրամաբանության ոլորտ։ Այդ պարագայում չի կարող օբյեկտիվ չափանիշ լինել մեկնաբանության համար։ Նման դեպքերում Աստվածաշունչը դառնում է յուրաքանչյուր անհատի ստացած տպավորությունների ու ընկալված իմաստի առարկա։ Բ Պետրոս 1․20-21 խոսքը մեզ հիշեցնում է․ «Նախ սա՛ իմացեք, որ Գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու»։

Այս սկզբունքները աստվածաշնչյան մեկնաբանությունների մասով կիրառելով՝ մենք կարող ենք ասել, որ Իսրայելը (Աբրահամի ֆիզիկական սերունդը) և եկեղեցին (նորկտակարանյան բոլոր հավատացյալները) երկու առանձին ու տարբեր խմբեր են։ Կարևոր է հասկանալ, որ Իսրայելն ու եկեղեցին տարբեր խմբեր են, քանի որ եթե սա չընկալենք, ապա չենք կարողանա ճիշտ մեկնաբանել Աստվածաշունչը։ Սխալ կընկալվեն հատկապես այն հատվածները, որոնք կապ ունեն Իսրայելին տրված խոստումների հետ (թե՛ իրականացած և թե՛ դեռ չիրականացած)։ Այս խոստումները չպետք է կիրառվեն եկեղեցու առումով։ Հիշե՛ք, որ տվյալ հատվածի համատեքստը կօգնի հասկանալ, թե ում է այն հասցեագրված և կուղղորդի դեպի ճիշտ մեկնաբանություն։

Այս հասկացությունները մեր մտքում ունենալով՝ այժմ կարող ենք անդրադառնալ այն հատվածներին, որոնց հիման վրա ձևավորվել է նախամիլենիալ տեսակետը։ Ծննդոց 12․1-3 հատվածում կարդում ենք․ «Տերն ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ։ Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ և օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես։ Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն»։

Այստեղ Աստված Աբրահամին երեք բան խոստացավ՝ Աբրահամը բազմաթիվ ժառանգներ էր ունենալու, այդ ազգը ժառանգելու էր խոստացված երկիրը և նրա սերնդի (հրեաների) միջոցով օրհնություն էր գալու ողջ մարդկության վրա։ Ծննդոց 15․9-17 հատվածում Աստված հաստատում է Աբրահամի հետ Իր ուխտը։ Այդ անելով՝ Աստված ուխտի պատասխանատվությունն ամբողջովին վերցնում է Իր վրա։ Այս ուխտի առումով Աբրահամը ոչինչ չէր կարող անել ձախողելու համար Աստծո հաստատած խոստումը։ Այս հատվածում նաև տրվում են այն երկրի սահմանները, որը զբաղեցնելու էին իսրայելացիները։ Այդ սահամանների մանրամասները նկարագրվում են Բ Օրինաց 34-րդ գլխում։ Խոստացված երկրի հետ առնչություն ունեցող այլ աստվածաշնչյան հղումներ են Բ Օրինաց 30․3-5 և Եզեկիել 20․42-44 հատվածները։

Բ Թագավորաց 7․10-17 հատվածում կարդում ենք Աստծո կողմից Դավիթ թագավորին տրված խոստման մասին։ Այստեղ Աստված Դավթին խոստանում է, որ բազմաթիվ սերունդներ են լինելու իր ժառանքները և որ նրա սերնդից Մեկը հաստատելու է մի հավիտենական թագավորություն։ Այս հատվածը վերաբերում է Քրիստոսի հազարամյա և հավիտենական թագավորությանը։ Կարևոր է հիշել, որ այս խոստումը բառացի նշանակություն ունի և դեռ չի իրականացել։ Ոմանք կարծում են, թե Սողոմոնի գահակալությունը այս մարգարեության բառացի իրականացումն է եղել, սակայն այդ տեսակետը խնդրահարույց է։ Սողոմոնի թագավորության տարածքները այսօր Իսրայելի իշխանության ներքո չեն, և ո՛չ էլ Սողոմոնն է այսօր գահակալում։ Հիշե՛նք, որ Աստված Աբրահամին խոստացել է, որ նրա սերունդները հավիտյան են տիրելու այդ երկրին։ Նաև Բ Թագավորաց 7-րդ գլխում կարդում ենք, որ Աստված մի թագավոր կբարձրացնի, ում թագավորությունը հավիտյան է լինելու։ Սողոմոնը չէր կարող Դավթին տրված այս խոստման իրականացումը լինել։ Հետևաբար, այս խոստումը դեռ չի իրականացել։

Այժմ, այս ամենը հասկանալով, քննենք, թե ինչ է գրված Հայտնություն 20․1-7 հատվածում։ Մի քանի անգամ նշվող հազարամյա ժամանակաշրջանը վերաբերում է Քրիստոսի իրական գահակալությանը, Ում թագավորությունը 1000 տարով հաստատվելու է Երկրի վրա։ Հիշենք, որ թագավորի մասին Դավթին տրված խոստումը պետք է ունենար բառացի իրականացում և դեռ տեղի չի ունեցել։ Նախամիլենիալիզմը այս հատվածն ընկալում է որպես Քրիստոսի ապագա գահակալության մասին խոստում։ Աստված առանց նախապայմանների ուխտ է կնքել և՛ Աբրահամի, և՛ Դավթի հետ։ Այս խոստումներից ոչ մեկն էլ ամբողջովին և մնայուն կերպով չի իրականացել։ Քրիստոսի իրական ու ֆիզիկական գահակալությունը միակ հնարավոր կերպն է, որը հնարավորություն կընձեռի այս ուղտերի իրականացման համար այն կերպով, ինչպես, որ Աստված է դրանք խոստացել։

Աստվածաշնչի բառացի մեկնաբանության սկզբունքները կիրառելով՝ տեսնում ենք, թե ինչպես են ամբողջանում խճանկարի տարբեր մասնիկները։ Տեր Հիսուսի առաջին գալուստի մասին հինկտակարանյան բոլոր մարգարեությունները բառացի իրականացում են ունեցել։ Հետևաբար, կարող ենք ակնկալել, որ Նրա երկրորդ գալուստի մասին մարգարեությունները նույնպես բառացի իրականացում են ունենալու։ Նախամիլենիալիզմը միակ համակարգն է, որը համաձայնում է Աստծո ուխտերի և վերջին օրերի մասին մարգարեությունների բառացի մեկնաբանության հետ։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է նախամիլենիալիզմը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries