settings icon
share icon
Հարց

Ո՞րն է վերջին ժամանակների հանդեպ պրետերիստական մոտեցումը։

Պատասխան


Ըստ պրետերիզմի մոտեցման, Աստվածաշնչի բոլոր մարգարեությունները, իրականում, պատմության դրվագներ են։ Պրետերիստները Հայտնության գիրքն ընկալում են որպես առաջին դարի հակամարտությունների խորհրդանշային մեկնաբանություն, այլ ոչ թե վերջին ժամանակների իրադարձությունների նկարագրություն։ Պրետերիզմ տերմինը կազմվել է լատիներեն պրետեր բառից, որը նշանակում է «անցյալ»։ Այսպիսով, պրետերիզմն «վերջին ժամանակների» մասին աստվածաշնչյան մարգարեություններն ընկալում է որպես արդեն իսկ անցյալում իրագործված իրադարձություններ։ Պրետերիզմը ուղղակիորեն հակադիր է ֆուտուրիզմին, որը վերջին ժամանակների մասին մարգարեությունները դիտում է որպես դեռ չիրականացած իրադարձություններ։

Պրետերիզմը երկու տարատեսակ ունի՝ ամբողջական (կամ կայուն) պրետերիզմ և մասնակի պրետերիզմ։ Այս հոդվածը կենտրոնանում է ամբողջական պրետերիզմի (կամ ինչպես ոմանք անվանում են՝ հիպեր-պրետերիզմի) վերաբերյալ քննարկումների վրա։

Պրետերիզմը մերժում է ապագայի վերաբերյալ մարգարեություններ պարունակելու Հայտնության գրքի էությունը։ Պրետերիստական շարժը սովորեցնում է, որ Նոր Կտակարանում տեղ գտած վերջին ժամանակներին վերաբերող մարգարեությունները իրականացել են Ք․հ․ 70 թվականին, երբ հռոմեացիները հարձակվեցին ու կործանեցին Երուսաղեմը։ Պրետերիստները ուսուցանում են, որ վերջին ժամանակների հետ սովորաբար կապվող իրադարձությունները՝ Քրիստոսի երկրորդ գալուստը, Մեծ նեղությունները, մահացածների հարությունը, վերջնական դատաստանը և այլն, արդեն իսկ կատարվել են։ (Վերջնական դատաստանի առումով նրանք պնդում են, թե այս գործողությունը դեռ ընթացքի մեջ է)։ Իսկ Տեր Հիսուսի վերադարձը տեղի է ունեցել «հոգևոր», այլ ոչ թե ֆիզիկական իրականության մեջ։

Պրետերիզմը ուսուցանում է, թե Օրենքն իր լրումին է հասել Ք․հ․ 70 թվականին և ավարտվել է նաև Աստծո ուխտն Իսրայելի հետ։ Հայտնություն 21․1 խոսքում նկարագրվող «նոր երկինքն ու նոր երկիրը» պրետերիստների ընկալմամբ Նոր Կտակարանի ժամանակաշրջանի աշխարհի նկարագրությունն է։ Ճիշտ ինպես քրիստոնյան «նոր արարած» է դառնում (Բ Կորնթացիս 5․17), այնպես էլ Նոր Կտակարանի ժամանակների աշխարհը «նոր երկիրն» է։ Պրետերիզմի այս կողմը բավականին սահուն կերպով կարող է հանգեցնել աստվածաբանության փոփոխության հանդեպ տեսակետին։

Պրետերիստների հիմնավորումը, սովորաբար, կառուցվում է Տեր Հիսուսի կողմից վերջին ժամանակների որոշ իրադարձությունների ժամանակ հնչեցրած մի մտքի վրա․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի» (Մատթեոս 24․34)։ Պրետերիստները այս խոսքերին տալիս են այն նշանակությունը, թե Մատթեոս 24-րդ գլխում Տեր Հիսուսի նկարագրած բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել այդ ժամանակվա սերնդի կյանքի ընթացքում։ Հենց այդ պատճառով է, որ նրանք Ք․հ․ 70 թվականին Երուսաղեմի կործանումն ընկալում են որպես «Դատաստանի օր»։

Պրետերիզմի մոտեցումները բազմաթիվ խնդիրներ են առաջ բերում։ Դրանից մեկն այն է, որ Աստծո ուխտն Իսրայելի հետ հավիտենական է (Երեմիա 31․33–36), և ապագայում տեղի է ունենալու Իսրայելի վերականգնումը (Եսայիա 11․12)։ Պողոս առաքյալը զգուշացնում էր, որ Հիմենոսի ու Փիլետոսի նման մարդիկ սուտ վարդապետություններ են սովորեցնում, թե «մեռելների հարությունն արդեն իսկ տեղի է ունեցել, և դրանով կործանում են ոմանց հավատքը» (Բ Տիմոթեոս 2․17–18)։ Իսկ Տեր Հիսուսի կողմից «այս սերնդի» մասին հիշատակումը պետք է ընկալել, որ այդ մարդիկ տեսնելու էին Մատթեոս 24-րդ գլխում նկարագրված իրադարձությունների իրագործման սկիզբը։

Վախճանաբանությունը բարդ թեմա է, և Աստվածաշունչը ապոկալիպտիկ խորհրդապատկերներ է կիրառում շատ մարգարեությունների ներկայացման ժամանակ, ինչը հանգեցրել է վերջին ժամանակների իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանությունների բազմազանությանը։ Քրիստոնյաները կարող են նմանատիպ հարցերում տարաձայնություններ ունենալ։ Սակայն ամբողջական պրետերիզմը որոշ լրջագույն մոլորություններ է պարունակում, քանի որ մերժում է ֆիզիկական իրականության մեջ Քրիստոսի վերադարձի իրողությունը, և նվազեցնում է Մեծ նեղությունների ահավոր բնույթը՝ այն ներկայացնելով որպես Երուսաղեմի կործանում։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ո՞րն է վերջին ժամանակների հանդեպ պրետերիստական մոտեցումը։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries