Հարց
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը բարգավաճման ավետարանի մասին։
Պատասխան
Բարգավաճման ավետարանի ուսմունքի մեջ, որը հայտնի է նաև «Հավատի խոսքի շարժ» անվանմամբ, հավատացյալին սովորեցնում են Աստծուն օգտագործել, մինչ աստվածաշնչյան քրիստոնեության ճշմարտությունը ճիշտ հակառակն է՝ Աստված է օգտագործում հավատացյալին։ Բարգավաճման վարդապետությունը Սուրբ Հոգուն դիտում է որպես մի զորություն, որին հավատացյալը գործի է դնում, երբ ինչ-որ բան է կամենում իրագործել։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Սուրբ Հոգին Անձ է, Ով հավատացյալին ունակ է դարձնում Աստծո կամքն իրագործելու համար։ Բարգավաճման ավետարանի շարժը շատ մոտ է վաղ եկեղեցու մեջ սողոսկած ագահության որոշ հերձվածողությունների վարդապետություններին։ Պողոսն ու մյուս առաքյալները չէին հանդուրժում դրանք և չէին համաձայնվում նման մոլորություններ քարոզող սուտ ուսուցիչների հետ։ Նրանք այս ուսուցիչներին որակում էին որպես վտանգ ներկայացնող մարդիկ և քրիստոնյաներին հորդորում հեռու մնալ նրանցից։
Պողոս առաքյալը Ա Տիմոթեոս 6․5,9-11 հատվածներում Տիմոթեոսին զգուշացնում է նման մարդկանց վերաբերյալ։ Այս մարդիկ «ապականված են մտքով», քանի որ աստվածպաշտությունը շահի աղբյուր են համարում, ինչը նրանց համար թակարդ է, որի պատճառով «ընկղմվում են կորստի ու կործանման մեջ» (խ. 9)։ Հարստության ձգտելը վտանգավոր ուղի է քրիստոնյաների համար, որի պատճառով Աստված Իր զգուշացումն է ուղղում մեզնից յուրաքանչյուրին․ «Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին» (խ. 10)։ Եթե աստվածապաշտ մարդկանց համար հարստությունը իմաստալի նպատակ լիներ, Տեր Հիսուս Ինքը կձգտեր հարստանալ։ Սակայն Նա չարեց դա, այլ փոխարենն անգամ գլուխը դնելու տեղ չուներ (Մատթեոս 8․20), և Իր աշակերտներին նույն կենսակերպին հետևել էր սովորեցնում։ Մենք պետք է նաև հիշենք, որ Նրա միակ աշակերտը, որ անհանգստացած էր ունեցվածքով, Հուդան էր։
Պողոս առաքյալը սովորեցնում է, որ ագահությունը կռապաշտություն է (Եփեսացիս 5․5) և եփեսացի հավատացյալներին հրահանգում է չհաղորդակցվել ցանկացած մեկի հետ, ով անբարոյության ու ագահության ջատագով կլինի (Եփեսացիս 5․6-7)։ Բարգավաճման ուսուցումը արգելում է Աստծուն գործել ըստ Իր կամքի՝ ի նկատի ունենալով, որ Աստված ամեն բանի վրա Տեր չէ, քանի որ Նա չի կարող գործել, քանի դեռ մենք չենք թույլատրել Նրան անելու դա։ Հավատը, ըստ Հավատքի խոսքի վարդապետության, Աստծուն հնազանդվող վստահությունը չէ, այլ մի բանաձև է, որով գործի են դրվում այն հոգևոր օրենքները, որոնք, ըստ բարգավաճման ավետարանի ուսուցիչների, կառավարում են տիեզերքը։ Ինչպես հուշում է «Հավատքի խոսք» անվանումը, այս շարժի ուսուցիչները ուսուցանում են, թե հավատքն ավելի շատ դրսևորվում է այն ամենի մեջ, ինչը մենք ասում ենք, քան թե Ում կամ ինչ ճշմարտությունների ենք վստահում և տեղ տալիս մեր սրտում։
Բարգավաճման ավետարանի ամենատարածված տերմինը «դրական հռչակումներն» են։ Այս ուսուցումը ենթադրում է, թե բառերն, ինքնին, արարելու զորություն ունեն։ Բարգավաճման ուսուցիչները սովորեցնում են, թե մարդու հռչակումներից է կախված ամենն, ինչ նրա հետ տեղի է ունենում։ Ձեր հռչակումները և, հատկապես, այն ամենն, ինչ պահաջում եք Աստծուց, պետք է դրական կերպով հռչակեք և առանց որևէ կասկածի։ Իսկ այս ամենից հետո Աստված պարտավոր է արձագանքել արված հռչակումներին (ասես Աստված երբևէ որևէ բան պարտական է եղել մարդուն)։ Այսպիսով, ըստ այս ուսուցման, Աստծո կողմից մեզ օրհնելու կարողությունը մեծապես կախված է մեր հավատքից։ Հակոբոս 4․13-16 հատվածը հստակ կերպով խոսում է նման վարդապետության դեմ․ «Ուրեմն դուք, որ ասում եք. «Այսօր կամ վաղն այսինչ քաղաքը կգնանք ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք և դրամ կշահենք», դուք, որ վաղվա օրը չգիտեք, ի՞նչ է ձեր կյանքը. մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում»։ Եթե մենք չենք կարող իմանալ, թե ինչ է վաղվա օրն իր հետ բերելու, ապա ինչպես կարող ենք մեր հռչակումներով կերտել մեր ապագան։
Հարստության կարևորությունը շեշտադրելու փոխարեն Աստվածաշունչը մեզ զգուշացնում է չունենալ հարստանալու ձգտում։ Հավատացյալները և, հատկապես, եկեղեցու առաջնորդները (Ա Տիմոթեոս 3․3) պետք է ազատ լինեն փողասիրությունից (Եբրայեցիս 13․5)։ Արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է (Ա Տիմոթեոս 6․10)։ Տեր Հիսուս մեզ զգուշացնում էր. «Տեսե՛ք և զգուշացե՛ք ագահությունից. որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ» (Ղուկաս 12․15)։ Ի հակադրություն բարգավաճման ավետարանի այս կյանքում հարստության և ունեցվածքի կուտակման վրա դրված շեշտադրության, Տեր Հիսուս ասում էր․ «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում» (Մատթեոս 6․19)։ Բարգավաճման ավետարանի և Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի միջև անհաշտելի հակասությունները լավագույնս ամփոփվում են Մատթեոս 6․24 խոսքում Տեր Հիսուսի հետևյալ զգուշացման մեջ․ «Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»։
English
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը բարգավաճման ավետարանի մասին։