settings icon
share icon
Հարց

Ինչպիսի՞ն է քրիստոնյա հավատացյալների տեսակետը գուշակության վերաբերյալ։

Պատասխան


Աստվածաշունչը խստորեն դատապարտում է ոգեկանչությունը, մեդիումներին, օկուլտիզմն ու գուշակությունը (Ղևտացիս 20․27, Բ Օրինաց 18․10-13)։ Հորոսկոպները, տառոյի քարտերը, աստղագուշակությունը, գուշակությունը, ձեռքի ափով գուշակությունը և մեռելահարցուկությունը ընկնում են այս նույն դասակարգման տակ։ Նման հավատալիքները հիմնված են այն ենթադրությունների վրա, թե աստվածները, ոգիները կամ մահացած հարազատները կարող են խորհուրդներ տալ, գաղտնիքներ բացահայտել կամ ուղղորդել իրենց հարցնողներին։ Իրականում այդ «աստվածները» կամ «ոգիները» դևերն են (Բ Կորնթացիս 11․14-15)։ Աստվածաշունչը ոչ մի հիմք չի տալիս հավատալու, թե մեր մահացած հարազատները կարող են մեզ հետ հաղորդակցվել։ Եթե նրանք հավատացյալ քրիստոնյաներ են եղել, ապա դրախտում են և վայելում են ամենասքանչելի այդ վայրը Աստծո հետ աներևակայելի հաղորդակցության հետ մեկտեղ։ Եթե նրանք հավատացյալներ չեն եղել, ապա դժոխքում են, որտեղ անվերջանալի տանջանքներով չարչարվում են, քանի որ իրենց երկրային կյանքի ընթացքում մերժել են Աստծո սերն ու ըմբոստացել Նրա դեմ։

Այսպիսով, եթե Ձեր մահացած սիրելիները չեն կարող հաղորդակցվել Ձեզ հետ, ապա որտեղի՞ց են գուշակները ոգեհարցուկները և մեդիումները նման ճշգրիտ տեղեկատվություն ստանում։ Շատերն են գուշակներին բռնացրել ստի ու կեղծիքի մեջ։ Ապացուցված է, որ նրանք մարդու մասին բավականին շատ տեղեկություններ կարող են հավաքել բնական ճանապարհներով։ Եբրեմն դա հնարավոր է անգամ միայն համացանցում որոնման շնորհիվ, որտեղ նրանք հասցե, ծննդյան տարեթիվ, ամուսնության մանրամասներ ու ընտանիքի անդամների մասին տեղեկություններ կարող են գտնել։ Սակայն անհերքելի փաստ է, որ գուշակները և այս ոլորտի մեջ ներգրավված մյուս մարդիկ երբեմն այնպիսի տեղեկատվության են տիրապետում, որը անհնարին էր իմանալ բնական ճանապարհով։ Որտեղի՞ց են նրանք ստանում իրենց գիտելիքը։ Պատասխանը հետևյալն է՝ սատանայից ու նրա դևերից։ «Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու» (Բ Կորնթացիս 11․14-15)։ Գործք 16․16-18 հատվածը նկարագրում է գուշակությամբ զբաղվող կնոջը, որը ապագան կանխագուշակելու հնարավորությունը կորցրեց, երբ Պողոս առաքյալը հանդիմանեց ու արգելեց դևին։

Սատանան ձևացնում է, թե բարի է և ուզում է օգնել։ Նա փորձում է բարի ձևանալ։ Սատանան ու նրա դևերը գուշակին տեղեկություններ են փոխանցում, որպեսզի վերջինս տվյալ մարդուն ներքաշի ոգեկանչության մեջ՝ մի բան, որն Աստված արգելում է։ Սա սկզբում անմեղ մի բան է թվում, սակայն շուտով մարդիկ կախվածություն են ձեռք բերում գուշակություններինց ու ոգեհարցուկությունից և, իրենց կամքից անկախ, սեփական կյանքի վերահսկողությունը հանձնում են սատանային, որն էլ կործանում է այն։ Պետրոս առաքյալը զգուշացնում էր․ «Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա» (Ա Պետրոս 5․8)։ Որոշ դեպքերում հենց գուշակներն են խաբված՝ չիմանալով, թե ո՞րն է իրենց ստացած տեղեկությունների իրական աղբյուրը։ Ինչպիսի իրավիճակ էլ լինի և ինչպիսի աղբյուրից էլ գա տեղեկատվությունը, գուշակության, կախարդության ու ոգեհարցուկության ոչ մի դրսևորում չի կարող աստվածահաճո միջոց լինել։ Ո՞րն է մեր կյանքում Աստծո կամքը բացահայտելու Աստծո ակնկալած կերպը։ Աստծո ծրագիրն այս հարցում պարզ է, սակայն զորավոր և արդյունավետ՝ ուսումնասիրեք Աստվածաշունչը (Բ Տիմթեոս 3․16-17) և աղոթեք իմաստության համար (Հակոբոս 1․5)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչպիսի՞ն է քրիստոնյա հավատացյալների տեսակետը գուշակության վերաբերյալ։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries