Հարց
Ե՞րբ և ինչպես ենք ընդունում Սուրբ Հոգուն:
Պատասխան
Պողոս առաքյալը հստակ սովորեցնում էր, որ մենք Սուրբ Հոգուն ընդունում ենք հենց այն նույն պահին, երբ Հիսուսի Քրիստոսին ընդունում ենք որպես մեր կյանքի Փրկչի։ Ա Կորնթացիս 12․13 խոսքում կարդում ենք․ «Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար. թե՛ հրեաներ, թե՛ հույներ, թե՛ ծառաներ, թե՛ ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք»։ Հռոմեացիս 8․9 խոսքը սովորեցնում է, որ եթե մարդը չունի Սուրբ Հոգին, ապա նա Քրիստոսին չի պատկանում․ «Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում»: Եփեսացիս 1․13-14 հատվածն էլ սովորեցնում է, որ Սուրբ Հոգին հավատացողների փրկության կնիքն է․ «Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք, որը մեր ժառանգության գրավականն է մինչև ժողովրդի փրկությունը, որպեսզի նրա փառքը գովերգենք»։
Աստվածաշնչյան այս երեք հատվածները հստակեցնում են այն, որ մարդը Սուրբ Հոգուն ընդունում է փրկության պահին։ Պողոս առաքյալը չէր կարող սովորեցնել, որ մենք բոլորս մեկ Հոգով ենք մկրտվում և միևնույն Հոգուց ենք խմում, եթե Կորնթոսի բոլոր հավատացյալները ընդունած չլինեին Սուրբ Հոգուն։ Հռոմեացիս 8․9 խոսքը անգամ ավելի է ամրացնում այս տեսակետը՝ հայտարարելով, որ եթե մարդը չունի Հոգին, ապա նա Քրիստոսին չի պատկանում։ Հետևաբար, Սուրբ Հոգուն ընդունած լինելը փրկություն ունենալու նշանն է։ Ավելին, Սուրբ Հոգին չի կարող «փրկության կնիքը» լինել (Եթեսացիս 1․13-14), եթե մարդը Նրան չի ընդունել փրկությունն ընդունելու պահին։ Աստվածաշնչյան բազմաթիվ հատվածներ հստակ սովորեցնում են, որ մենք փրկությունն ընդունում ենք հենց այն նույն պահին, երբ Քրիստոսին ընդունում ենք որպես մեր կյանքի Փրկիչ։
Այս քննարկումը կարող է հակասական թվալ, քանի որ շատերը շփոթում են Սուրբ Հոգու տարբեր ծառայությունները։ Սուրբ Հոգին ընդունելը կամ Նրա ներբնակությունը տեղի է ունենում փրկությունն ընդունելու պահին։ Իսկ Սուրբ Հոգու լեցունությունը քրիստոնեական կյանքի շարունակական ընթացք է։ Մինչ մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգու մկրտությունը տեղի է ունենում փրկությունն ընդունելու պահին, կան քրիստոնյաներ, ովքեր չեն կիսում մեր այս տեսակետը։ Սա երբեմն թյուըմբռնում է առաջացնում, և մարդիկ շփոթում են փրկությունն ընդունելու ժամանակ Հոգին ընդունելը Հոգու մկրտության հետ։
Որպես եզրահանգում, ևս մեկ անգամ նշենք, թե ինչպես է մարդն ընդունում Սուրբ Հոգուն։ Մենք Սուրբ Հոգուն ընդունում ենք՝ Տեր Հիսուս Քրիստոսին որպես մեր կյանքի Փրկիչ ընդունելով (Հովհաննես 3․5-16)։ Ե՞րբ ենք ընդունում Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգու ներբնակությունը մեր մեջ տեղի է ունենում այն նույն պահին, երբ հավատում ենք։
English
Ե՞րբ և ինչպես ենք ընդունում Սուրբ Հոգուն: