settings icon
share icon
Հարց

Որո՞նք են յոթ մահացու մեղքերը:

Պատասխան


Ըստ կաթոլիկ աստվածաբանության, դրանք յոթ արատներ կամ բնավորության բացասական գծեր են, որոնք անվերահսկելիության պատճառով այլ մեղքերի ի հայտ գալու միջոց են դառնում և, ի վերջո, մարդու հոգու կործանման պատճառ հանդիսանում։ Յոթ «մահացու» մեղքերն են հպարտությունը, նախանձը, որկրամոլությունը, կիրքը, բարկությունը, ագահությունը և ծուլությունը։ Այս ցուցակը հեղինակել է Գրիգորիուս Մեծ Պապը վեցերորդ դարում։ Հետագայում Թովմաս Աքվինացին ընդլայնել է այս գաղափարը։ Տասնչորսերորդ դարում Դանթեն իր Աստվածային կատակերգություն էպիկական պոեմի Քավարան մասում յոթ բաժին է նկարագրում, որոնք համապատասխանում են յոթ մահացու մեղքերին։

Յոթ մահացու մեղքերը նաև անվանվում են յոթ հիմնական մեղքեր կամ յոթ առաջնային մեղքեր այն համատեքստում, որ դրանք «առաջնային կարևորության» կամ «ծայրահեղ լրջության» մեղքեր են։ Յոթ մահացու մեղքերը այն ամենահիմնական մեղքերն են, որոնք մարդկության տառապանքի պատճառ են, և որոնց հանդեպ մենք ամենահակվածն ենք։ Յոթ մահացու մեղքերից յուրաքանչյուրը մեզ մղում է մյուս մեղքերի դրևսրումների, ինչի օրինակ է բարկությունից բխող չարախոսությունը, բռնությունն ու սպանությունը։

Ստորև անփոփ ներկայացնում ենք յոթ մահացու մեղքերի բացատրությունը՝

Հպարտություն՝ սեփական անձի մասին ուռճացված, գերագնահատված և ոչ իրական գնահատական։

Նախանձ՝ մեկ այլ անձի ունեցվածքին, հաջողությանը, առաքինություններին կամ տաղանդներին արժանի լինելու զգացողություն։

Որկրամոլություն՝ ուտելու կամ խմելու անսանձ ցանկություն։

Կիրք՝ ամուսնության սահմաններից դուրս մեկ ուրիշի հետ սեռական հարաբերության կամ այլ սեռական հաճույքների վրա եսասիրական կենտրոնացում։

Բարկություն՝ վրեժխնդրության ու պատժի անտեղի ու անսանձ ցանկություն։

Ագահություն՝ ունեցվածքի և հատկապես մյուսներին պատկանող բաներն ունենալուն մղված խիստ ցանկություն։

Ծուլություն՝ անհրաժեշտ գործի առկայության պարագայում ջանքի բացակայություն, որի հետևանքով տվյալ գործը չի կատարվում կամ կատարվում է ոչ ամբողջական կերպով։

Յոթ մահացու մեղքերի վերաբերյալ հիմնական թյուրըմբռնումը նրանում է, թե դրանք չեն ներվում Աստծո կողմից։ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին չի սովորեցնում դրանց աններելիության մասին։ Ըստ նրանց ուսուցման, դրանք կարող են մարդուն մղել այնպսի մեղավոր կենսակերպի, որի արդյունքում մարդն իր մահից հետո անմիջապես կհայտնվի դժոխքում, եթե մինչև մահանալը նա չի հասցրել դրանցից ապաշխարել։ Կաթոլիկությունը նաև ուսուցանում է, որ յոթ մահացու մեղքերին կարելի է հաղթել յոթ առաքինությունների շնորհիվ (խոնարհություն, գոհություն, կարեկցանք, ժուժկալություն, ողջամտություն, համբերություն և ջանասիրություն)։

Արդյոք յոթ մահացու մեղքերի գաղափարն աստվածաշնչյա՞ն է։ Ե՛վ այո, և՛ ոչ։ Առակաց 6․16–19 հատվածը թվարկում է յոթ բան, որոնք զզվելի են Աստծուն՝ 1) ամբարտավան աչքեր, 2) ստախոս լեզու, 3) անմեղ արյուն թափող ձեռքեր, 4) չար մտադրություններ ունեցող սիրտ, 5) դեպի չարություն վազելու շտապող ոտքեր, 6) ստեր փչող վկա և 7) եղբայրների միջև կռիվ հրահրող մարդ։ Անշուշտ, այս թվարկումը այն չէ, ինչը մարդկանց մեծամասնությունն ի նկատի ունի՝ «յոթ մահացու մեղքեր» ասելով։

Այո՛, հպարտությունը, նախանձը և մյուս մեղքերն Աստվածաշնչում դատապարտելի են, սակայն դրանք երբեք չեն անվանվում «յոթ մահացու մեղքեր»։ Յոթ մահացու մեղքերի այս ավանդական դասակարգումը կարող է ծառայել որպես գոյություն ունեցող տարբեր մեղքերի դասակարգման միջոց։ Գրեթե յուրաքանչյուր մեղք կարելի է տեղավորել այս յոթ դասակարգումների մեջ։

Վերջնական վերլուծության արդյունքում կարելի է եզրահանգել, որ ոչ մի մեղք ավելի մահացու չէ, քան մեկ ուրիշը։ Մահը յուրաքանչյուր մեղքի հատուցումն է (Հռոմեացիս 6․23)։ Անգամ միայն մեկ մեղքը մարդուն օրինախախտ է դարձնում (Հակոբոս 2․10)։ Փառք Աստծուն, որ Հիսուս Քրիստոս Իր վրա է վերցրել մեր մեղքերի պատիժը՝ ներառյալ «յոթ մահացում մեղքերի» պատիժը։ Աստծո շնորհով և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով մենք կարող ենք ներվել (Մատթեոս 26․28, Գործք 10․43, Եփեսացիս 1․7)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Որո՞նք են յոթ մահացու մեղքերը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries