settings icon
share icon
Հարց

Ո՞րն է մեղքի սահմանումըը:

Պատասխան


Մեղքն Աստվածաշնչում նկարագրվում է որպես Աստծո օրենքի հանդեպ կատարված հանցանք (Ա Հովհաննես 3․4) և ընմբոստություն Աստծո դեմ (Բ Օրինաց 9․7, Հեսու 1․18)։ Մեղքը սկիզբ է առել ամենագեղեցիկ ու զորավոր կերպով արարված հրեշտակից՝ Արուսյակից։ Չբավարարվելով իր ունեցած դիրքով՝ նա փորձեց իր գահն Աստծո գահից բարձր դնել, և դա նրա անկման պատճառ դարձավ ու սկիզբ դրեց մեղքին (Եսայիա 14․12-15)։ Նա անվանափոխվեց ու կոչվեց սատանա։ Սատանան Եդեմի պարտեզում մեղքը տարածեց նաև մարդկանց մեջ, երբ գայթակղեց Ադամին ու Եվային այն նույն մեղքի խայծով՝ «դուք Աստծո նման կլինեք»։ Ծննդոց 3-րդ գլուխը նկարագրում է Ադամի և Եվայի ապստամբությունն ընդդեմ Աստծո և Նրա տված պատվերի։ Այդ ժամանակից սկսած մեղքը փոխանցվեց մարդկանց սերունդներին, և մենք՝ Ադամի ժառանգորդներս, նրանից ժառանգում ենք մեղքի այդ բնույթը։ Հռոմեացիս 5․12 խոսքում կարդում ենք, որ Ադամի միջոցով մեղքն աշխարհ մտավ և, այդպիսով, մահը փոխանցվեց բոլոր մարդկանց, քանի որ «մեղքի հատուցումը մահն է» (Հռոմեացիս 6․23)։

Ադամի միջոցով մեղքի հանդեպ բնածին հակումը մուտք գործեց մարդկային ցեղի բնույթի մեջ, և մարդիկ բնությամբ դարձան մեղավորներ։ Երբ Ադամը մեղք գործեց, նրա բնույթը փոխակերպվեց ըմբոստության իր մեղքի պատճառով՝ նրա կյանք բերելով հոգևոր մահ և ապականություն, որոնք փոխանցվեցին բոլոր իր հետագա ժառանգներին։ Մենք մեղավորներ ենք ոչ թե այն պատճառով, որ մեղք ենք գործում, այլ ավելի շուտ, մենք մեղք ենք գործում, քանի որ մեղավորներ ենք։ Սերնդեսերունդ փոխանցվող այս ապականությունը անվանվում է ժառանգական մեղք։ Ճիշտ այնպես, ինչպես մենք մեր ծնողներից ժառանգում ենք նրանց ֆիզիկական հատկանիշները, այդպես էլ Ադամից ժառանգել ենք նրա մեղավոր բնույթը։ Դավիթ թագավորը Սաղմոս 51:5 խոսքում ողբում է անկում ապրած մարդկային բնության այս անմխիթար վիճակը․ «Ահա ես ծնվեցի անօրենությամբ, և իմ մայրն ինձ մեղքով հղացավ»։

Մեղքի մեկ այլ տեսակ էլ հայտնի է որպես վերագրվող մեղք։ Թե՛ ֆինանսական և թե՛ օրենսդրական իմաստով օգտագործված հունարեն այս բառը կրում է «վերագրել» իմաստը, որը նշանակում է «վերցնել ինչ-որ մեկին պատկանող մի բան և մուտքագրել մեկ ուրիշի հաշվի վրա»։ Նախքան Մովսեսին օրենքի տրվելը մեղքը մարդուն չեր վերագրվում, թեև մարդիկ մեղավորներ էին իրենց ժառանգած մեղքի բնույթի պատճառով։ Օրենքի տրվելուց հետո այն մեղքերը, որոնք կատարվում էին որպես այդ օրենքի խախտում, վերագրվում էին մարդկանց (մեղք էին համարվում) (Հռոմեացիս 5․13)։ Սակայն անգամ նախքան օրենքի այս խախտումները որպես մեղք մարդկանց վերագրելը, մեղքի հատուցում համարվող մահը թագավորում էր մարդկանց վրա (Հռոմեացիս 5․14)։ Բոլոր մարդիկ՝ Ադամից մինչև Մովսես, ենթակա էին մահվանը ոչ թե Մովսեսի օրենքի դեմ գործած իրենց հանցանքների պատճառով (որոնք նրանք չէին կարող գործել), այլ իրենց ժառանգած մեղքի բնույթի պատճառով։ Մովսեսից հետո մարդիկ մահվան էին ենթակա արդեն թե՛ Ադամից ժառանգած մեղքի բնույթի և թե՛ Աստծո օրենքը խախտելու պատճառով։

Աստված մեղքի վերագրման այս սկզբունքը կիրառեց նաև մարդկության օգտի համար, երբ բոլոր հավատացյալների մեղքերը վերագրեց (մուտքագրեց) Տեր Հիսուս Քրիստոսի հաշվին, Ով խաչի վրա Իր մահով վճարեց այդ մեղքերի գինը։ Մեր մեղքերը Հիսուսի Քրիստոսին վերագրելով՝ Աստված Նրան վերեբերվեց այնպես, ասես հենց Նա էր գործել այդ մեղքերը, թեև Նա անմեղ էր, և թույլ տվեց, որպեսզի Նա մահանա ողջ աշխարհի մեղքի համար (Ա Հովհաննես 2․2)։ Կարևոր է հասկանալ, որ թեև մեր մեղքերը Նրան վերագրվեցին, սակայն Տեր Հիսուսն Ադամից չէր ժառանգել մեղքի բնույթը։ Նա կրեց մեղքի պատիժը, սակայն երբեք չդարձավ մեղավոր։ Նրա մաքուր ու կատարյալ բնույթը բացարձակապես ազատ էր մեղքից։ Նա այնպիսի պատիժ կրեց, որ ասես մարդկային ցեղի բոլոր հնարավոր մեղքերը գործած լիներ, թեև ոչ մի մեղք չէր գործել։ Փոխարենը, Աստված Քրիստոսի արդարությունը մեզ՝ Նրան հավատացողներիս վերագրեց և մեր հաշվին մուտքագրեց այդ արդարությունը ճիշտ այնպես, ինչպես մեր մեղքերը մուտքագրեց Քրիստոսի հաշվին (Բ Կորնթացիս 5․21)։

Երրորդ տեսակի մեղքը անհատական մեղքն է, որը մարդը գործում է իր առօրյա կյանքի ընթացքում։ Քանի որ մենք Ադամից մեղավոր բնույթ ենք ժառանգել, ապա անհատական, անձնական մեղքեր ենք գործում՝ սկսած անմեղ թվացող փոքր ստերից մինչև մարդասպանություն։ Քրիստոսին չհավատացող մարդիկ պետք է իրենք վճարեն այս անհատական մեղքերի, ինչպես նաև ժառանգած մեղքի բնույթի և վերագրված մեղքի գինը։ Սակայն հավատացյալները ազատվել են մեղքի հավիտենական պատժից՝ դժոխքից ու հոգևոր մահից։ Եվ այժմ մենք ստացել ենք նաև մեղքի գայթակղությանը դիմակայելու զորություն։ Այժմ մեր իշխանության տակ է մեղք գործելու կամ չգործելու որոշում կայացնելը, քանի որ մեր մեջ բնակվող Սուրբ Հոգին զորացնում է մեզ, սրբացնում և հանդիմանում մեր մեղքերի համար, երբ գործում ենք դրանք (Հռոմեացիս 8․9-11)։ Երբ մեր անհատական մեղքերը խոստովանում ենք Աստծուն և Նրանից ներում խնդրում, մենք վերականգնվում ենք Աստծո հետ կատարյալ հարաբերության և հաղորդակցության մեջ։ «Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․9)։

Մենք եռակի կերպով դատապարտված ենք ժառանգած մեղքի բնույթի, վերագրված մեղքի և մեր անհատական մեղքերի պատճառով։ Մեղքի միակ արդար հատուցումը մահն է (Հռոմեացիս 6․23), որը ոչ միայն ֆիզիկական մահն է, այլև հավիտենական մահը (Հայտնություն 20․11-15)։ Գոհություն Աստծուն, որ թե՛ ժառանգած մեղքը, թե՛ վերագրված մեղքը և թե՛ մեր անհատական մեղքը Քրիստոսի հետ խաչն են բարձրացվել, և հիմա Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի հավատալու շնորհիվ «Նրանով փրկություն ունենք Իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն Իր շնորհի առատության» (Եփեսացիս 1․7)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ո՞րն է մեղքի սահմանումըը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries