Հարց
Ի՞նչ է մեղավորի աղոթքը:
Պատասխան
Մեղավորի աղոթքը մի աղոթք է, որով մարդն աղոթքում է Աստծուն, երբ գիտակցում է իր մեղավոր լինելն ու Փրկչի կարիք ունենալը։ Մեղավորի աղոթքն ասելն, ինքնին, ոչինչ չի փոխում։ Մեղավորի ճշմարիտ աղոթքը պարզապես արտահայտում է այն, ինչը տվյալ անձը գիտի, հասկացել է և ինչին հավատում է իր մեղավորության և փրկության կարիքի վերաբերյալ։
Մեղավորի աղոթքի առաջին կողմը մեր մեղավորության գիտակցումն է։ Հռոմեացիս 3․10 խոսքն ասում է․ «․․․ինչպես որ գրված է. Չկա արդար և ոչ մեկը»։ Աստվածաշունչը հստակ նշում է, որ բոլորն են մեղավորներ։ Մենք բոլորս մեղավորներ ենք, ովքեր Աստծուց ողորմություն ու ներում ընդունելու կարիք ունեն (Տիտոս 3․5-7)։ Մեղքի պատճառով մենք արժանի ենք հավիտենական պատժի (Մատթեոս 25․46)։ Մեղավորի աղոթքը դատաստանի փոխարեն շնորհ ընդունելու աղաչանք է։ Այն բարկության փոխարեն ողորմություն ընդունելու խնդրվածք է։
Մեղավորի աղոթքի երկրորդ կողմը մեր մեղավոր ու կորսված վիճակի առումով Աստծո հոգացած փրկությունը ճանաչելն է։ Աստված մարմնացավ և մարդկային էակի տեսքով աշխարհ եկավ Հիսուս Քրիստոսի Անձի մեջ (Հովհաննես 1․1,14)։ Հիսուս սովորեցրեց Աստծո մասին ճշմարտությունը և ապրեց կատարյալ արդար ու մեղքից զերծ կյանքով (Հովհաննես 8․46, Բ Կորնթացիս 5․21)։ Հետո Նա մեր փոխարեն մահացավ խաչի վրա՝ Իր վրա վերցնելով այն պատիժը, որին մենք էինք արժանի (Հռոմեացիս 5․8)։ Հիսուս հարություն առավ մահացածների միջից, որպեսզի հաստատի Իր հաղթանակը մեղքի, մահվան և դժոխքի հանդեպ (Կողոսացիս 2․15, Ա Կորնթացիս 15-րդ գլուխ)։ Այս ամենի շնորհիվ մենք կարող ենք մեր մեղքերի համար ներում ընդունել և Երկնքում հավիտենական կյանքի խոստումը ստանալ, եթե միայն հավատանք Հիսուս Քրիստոսին։ Ամենն, ինչ պահանջվում է, հավատալն է, որ Նա մեր փոխարեն է մահացել և հարություն է առել մահացածների միջից (Հռոմեացիս 10․9-10)։ Մենք փրկվում ենք միայն շնորհով, միայն հավատքի շնորհիվ և միայն Տեր Հիսուս Քրիստոսով։ Եփեսացիս 2․8 խոսքն ասում է․ «Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է»։
Մեղավորի աղոթքով աղոթելը մի պարզ կերպ է Աստծո առջև դավանելու, որ Դուք Հիսուս Քրիստոսին վստահում եք, որպես Ձեր Փրկչի։ Ոչ մի «կախարդական» բառեր չեն կարող մարդուն փրկություն պարգևել։ Միայն Քրիստոսի մահվան ու հարության փաստերի հանդեպ հավատն է, որի շնորհիվ մենք կարող ենք փրկվել։ Եթե գիտակցում եք Ձեր մեղավոր լինելն ու Հիսուս Քրիստոսի միջոցով փրկության կարիքը, ապա սա է մեղավորի աղոթքը, որով կարող եք աղոթել․ «Տեր Աստվա՛ծ, ես գիտեմ, որ մեղավոր մարդ եմ։ Գիտեմ, որ արժանի եմ իմ մեղքերի հետևանքները կրելու։ Սակայն վստահում եմ Հիսուս Քրիստոսին որպես իմ Փրկչի։ Ես հավատում եմ, որ Նրա մահը և հարությունը ինձ համար ներում են հոգացել։ Ես վստահում եմ Տեր Հիսուսին և միայն Նրան եմ ընդունում որպես իմ Տեր ու Փրկիչ։ Շնորհակալ եմ, Տե՛ր, ինձ փրկելու և ներելու համար։ Ամեն»։
Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։
English
Ի՞նչ է մեղավորի աղոթքը: