Հարց
Ի՞նչ է հոգևոր աճը:
Պատասխան
Հոգևոր աճը Քրիստոսին ավելի ու ավելի նմանվելու ընթացքն է։ Երբ մենք հավատում ենք Տեր Հիսուսին, Սուրբ Հոգին սկսում է մեզ Նրան նմանեցնելու ընթացքը՝ Նրա պատկերին կերպարանակից դարձնելը։ Հոգևոր աճը, թերևս, լավագույնս նկարագրվում է Բ Պետրոս 1․3-8 հատվածում, որը մեզ սովորեցնում է, որ Աստծո զորությունը մեզ շնորհել է ամեն բան, ինչի կարիքն ունենք աստվածապաշտ կյանքով ապրելու համար, որն էլ հենց հոգևոր աճի նպատակն է։ Ուշադրություն դարձրեք, որ այն ամենն, ինչի կարիքը մենք զգում ենք, մեր կյանք է գալիս շնորհիվ «Հիսուս Քրիստոսի մասին գիտության», որն էլ հենց Աստծուց բարիք ստանալու բանալին է։ Հիսուս Քրիստոսի մասին գիտությունը բխում է Նրա Խոսքից, որը մեզ տրված է հոգևոր շինության ու աճի համար։
Գաղատացիս 5․19-23 հատվածում մենք երկու թվարկման ենք հանդիպում։ 19-21 խոսքերում թվարկվում են «մարմնի գործերը»։ Մարմնի գործերը մեր ինքնության մասն են կազմել նախքան Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունելը։ Մարմնի գործերը գործողություններ են, որոնք մենք պետք է խոստովանենք և որոնցից պետք է ապաշխարենք ու Աստծո օգնությամբ հաղթահարենք դրանք։ Հոգևոր աճին զուգընթաց ավելի ու ավելի քիչ «մարմնի գործեր» կմնան մեր կյանքում։ Երկրորդ թվարկումը «Հոգու պտուղն է» (22-23 խոսքեր)։ Այս որակները պետք է բնութագրեն մեր կյանքը Հիսուսի Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունելուց հետո։ Հոգևոր աճը նույնացվում է հավատացյալի կյանքում Հոգու պտղի ավելի ու ավելի ակնհայտ դրսևորումների հետ։
Երբ մարդու կյանքում տեղի է ունենում փրկության փոխակերպումը, ապա սկսում է հոգևոր աճի ընթացքը։ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ (Հովհաննես 14․16-17)։ Մենք նոր արարածներ ենք դառնում Քրիստոսի մեջ (Բ Կորնթացիս 5․17)։ Հին, մեղավոր բնույթը սկսում է իր տեղի զիջել նոր, քրիստոսանման բնույթին (Հռոմեացիս 6-7 գգ․)։ Հոգևոր աճը ողջ կյանքի տևողությամբ գործընթաց է, որը կապ ունի Աստծո Խոսքի ուսումնասիրության և մեր կյանքերում դրա կիրառության (Բ Տիմոթեոս 3․16-17), ինչպես նաև Սուրբ Հոգու մեջ ընթանալու հետ (Գաղատացիս 5․16-26)։ Հոգևոր աճի մեր փափագին զուգահեռ մենք պետք է աղոթենք և Աստծուց իմաստություն խնդրենք, որպեսզի հասկանանք, թե մեր կյանքի ո՞ր ոլորտում է Աստված կամենում, որպեսզի մենք աճենք։ Մենք կարող ենք խնդրել, որպեսզի Աստված ավելացնի մեր հավատն ու Նրա մասին մեր գիտելիքը։ Աստված ուզո՛ւմ է, որպեսզի մենք հոգևորապես աճենք, և տվել է մեզ այն ամենն, ինչն անհրաժեշտ է այդ հոգևոր աճն ունենալու համար։ Սուրբ Հոգու օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել մեր կյանքում առկա մեղքը և հաստատուն կերպով ավելի ու ավելի նմանվել մեր Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին։
English
Ի՞նչ է հոգևոր աճը: