settings icon
share icon
Հարց

Ինչպիսի՞ն է քրիստոնյաների մոտեցումն ինքնասպանությանը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչն ինքնասպանության մասին:

Պատասխան


Աստվածաշունչը վեց մարդու է նշում, ովքեր ինքնասպանություն են գործել՝ Աբիմելեքը (Դատավորաց 9․54), Սավուղը (Ա Թագավորաց 31․4), Սավուղի կապարճակիրը (Ա Թագավորաց 31․4-6), Աքիթոփելը (Բ Թագավորաց 17․23), Զամրին (Գ Թագավորաց 16․18) և Հուդան (Մատթեոս 27․5)։ Նրանցից հինգը չար ու մեղավոր մարդիկ են եղել (իսկ Սավուղի կապարճակրի մասին բավականաչափ տեղեկություն չի տրվում, որպեսզի որևէ կարծիք կազմենք նրա բնույթի մասին)։ Ոմանք կարծում են, թե Սամսոնը նույնպես ինքնասպանություն գործեց (Դատավորաց 16․26-31), սակայն Սամսոնի նպատակը փղշտացիներին, այլ ոչ թե իրեն սպանելն էր։ Աստվածաշունչը ինքնասպանությունը դիտում է որպես մարդասպանությանը հավասար մեղք։ Աստված միակն է, ով որոշում է, թե երբ և ինչպես է մարդն հեռանալու այս կյանքից։

Ըստ Աստվածաշնչի, ինքնասպանությունը չէ, որ որոշում է մարդու դրախտ գնալու հարցը։ Երբ չփրկված մարդն է ինքնասպանություն գործում, նա պարզապես «արագացնում» է իր ընթացքը դեպի դժոխք։ Սակայն այդ մարդն, այսպես թե այնպես, դժոխք էր գնալու, քանի որ մերժել էր Քրիստոսի առաջարկած փրկությունը, այլ ոչ թե ինքնասպանության պատճառով։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը քրիստոնյաների ինքնասպանության մասին։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ այն պահին, երբ մենք անկեղծորեն հավատում ենք Քրիստոսին, մեզ համար հավիտենական կյանքն ապահովված է (Հովհաննես 3․16)։ Ըստ Աստվածաշնչի, քրիստոնյան կարող է առանց որևէ կասկածների վստահ լինել հավիտենական կյանքի պարգևն ընդունելու մեջ (Ա Հովհաննես 5․13)։ Ոչինչ չի կարող նրան բաժանել Քրիստոսի սիրուց (Հռոմեացիս 8․38-39)։ Եթե ոչ մի «արարված բան» չի կարող քրիստոնյային բաժանել Աստծու սիրուց, ապա անգամ ինքնասպանություն գործող քրիստոնյան, ով նույնպես «արարված» է, չի կարող իրեն բաժանել Աստծո սիրուց։ Հիսուս մահացել է մեր բոլոր մեղքերի համար, և եթե իրական քրիստոնյան հոգևոր հարձակումների ու թուլության ժամանակ ինքնասպանություն է գործում, դա մնում է այնպիսի մեղք, որը ծածկված է Քրիստոսի արյան շնորհիվ։

Այնուամենայնիվ, ինքնասպանությունը Աստծո դեմ գործած ծանր մեղք է։ Ինչպես նշեցինք, ըստ Աստվածաշնչի, ինքնասպանությունը մարդասպանություն է։ Այն միշտ սխալ է։ Լուրջ կասկածներ են առաջ գալիս այն մարդու հավատի անկեղծության առումով, ով պնդում է, թե քրիստոնյա հավատացյալ է և, այնուամենայնիվ, ինքնասպանություն է գործում։ Չկա մի այնպիսի իրավիճակ, որը կարդարացնի հավատացյալ քրիստոնյայի ինքնասպանությունը։ Քրիստոնյաները պետք է իրենց կյանքն Աստծո համար ապրեն, և նրանց այս կյանքից հեռանալու ժամանակը որոշողն Աստված պետք է լինի՝ միա՛յն Աստված։ Թեև այս խոսքը (Ա Կորնթացիս 3․15) չի առնչվում ինքնասպանության հետ, սակայն այն, հավանաբար, լավ նկարագիր է այն բանի, թե ինչ է տեղի ունենում, երբ քրիստոնյան, այնուամենայնիվ, ինքնասպանություն է գործում․ «Ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես կրակի միջով է անցել»։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչպիսի՞ն է քրիստոնյաների մոտեցումն ինքնասպանությանը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչն ինքնասպանության մասին:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries