Հարց
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը դաջվածքների մասին:
Պատասխան
Այսօր, առավել քան երբևէ, դաջվածքները տարածված ու մոդայիկ են աշխարհի տարբեր վայրերում։ Վերջին տարիներին դաջվածք ունեցող մարդկանց թիվն աշխարհով մեկ աննախադեպ աճ է գրանցել։ Դաջվածքներն այլևս միայն քրեական աշխարհի ներկայացուցիչների և ապստամբ բնավորության տեր մարդկանց մենաշնորհը չեն։ Դաջվածքների ընդվզում ներկայացնող պատմականորեն ձևավորված իմաստը սկսում է փոփոխությունների ենթարկվել։
Նոր Կտակարանը ոչ մի անդրադարձ չունի Քրիստոսին հավատացող մարդկանց դաջվածքներ ունենալու կամ չունենալու հարցին։ Հետևաբար, մենք չենք կարող ասել, որ դաջվածք ունենալը մեղք է։ Քանի որ Նոր Կտակարանը լռում է այս հարցի վերաբերյալ, ապա այս թեման ընկնում է «լռության սահմանահատվածի» մեջ, և հավատացյալները պետք է այս հարցում հետևեն իրենց համոզմունքներին ու խղճին՝ հարգելով մյուսներին, ովքեր այլ համոզումքների կրողներ են։
Ահա, որոշ ընդհանուր աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կարելի է կիրառել նաև դաջվածքների հարցում։
◦ Երեխաները պետք պատվեն իրենց ծնողներին (Եփեսացիս 6․1–2)։ Ծնողների հետ հակամարտության արդյունքում դաջվածք ունենալու ցանկությունը աստվածաշնչյան հիմնավորում չի կարող ունենալ։ Ապստամբության ու անհնազանդության պտուղ հանդիսացող դաջվածքները հավասարազոր են մեղքին։
◦ «Արտաքին պճնանքը» այնքան կարևոր չէ, որքան «ներքին էությունը», և չպետք է լինի քրիստոնյայի կենտրոնացումը (Ա Պետրոս 3․3–4)։ Այն մարդն, ով դաջված է անում իր մարմնի վրա մյուսների ուշադրությունը գրավելու և հիացմունքին արժանանալու համար, դարձել է ունայն ու մեղավոր եսակենտրոնության գերի։
◦ Աստված տեսնում է մարդու սիրտը, և ցանկացած բան անելու մեր շարժառիթը պետք է լինի Աստծուն փառավորելը (Ա Կորնթացիս 10․31)։ Դաջվածք անելու այնպիսի շարժառիթներ, ինչպիսիք են «մարդկանց մեջ առանձնանալը», «ընդունելի լինելը» և այլն, չեն կարող արտացոլել Աստծո փառքը։ Դաջվածքն, ինքնին, կարող է մեղք չհամարվել, սակայն այն ունենալու շարժառիթը կարող է մեղք լինել։
◦ Մեր մարմինները, նման մեր հոգիներին, փրկագնվել են և Աստծուն են պատկանում։ Հավատացյալի մարմինը Սուրբ Հոգու տաճար է (Ա Կորնթացիս 6․19–20)։ Որքանո՞վ մենք իրավունք ունենք փոփոխություններ անելու այդ տաճարի մեջ։ Կա՞ արդյոք մի սահման, որը մենք իրավունք չունենք խախտելու։ Որտե՞ղ է այն սահմանը, երբ մարդու մարմնի վրա դաջվածք անելը դադարում է արվեստ լինելուց և դառնում մեղքի հասցրած վնաս այդ մարմնին։ Այս հարցը պետք է դառնա անհատի անկեղծ աղոթքի ու մտորումների առարկա։
◦ Մենք Քրիստոսի դեսպաններն ենք, որոնք պետք է Աստծո ուղերձը փոխանցեն աշխարհին (Բ Կորնթացիս 5․20)։ Ինչպիսի՞ ուղերձ է կրում դաջվածքը, և արդյոք այդ ուղերձը նպաստո՞ւմ է Քրիստոսին վկայելու մեր առաքելության իրագործմանը, թե՞ խանգարում դրան։
◦ Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է (Հռոմեացիս 14․23)։ Այսպիսով, դաջվածքի մասին խորհող մարդը պետք համոզվածություն ունենա, որ դա Աստծո կամքն է իր կյանքում։
Անշուշտ, չենք կարող դաջվածքների մասին այս քննարկումը թողնել առանց դաջվածքների մասին հինկտակարանյան օրենքի արգելքներին անդրադառնալու։ «Ձեր մարմնի վրա կրվածքներ չանեք մահացած մեկի համար և ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք․ Ես եմ Տերը» (Ղևտացիս 19․28)։ Այս հատվածում դաջվածքների արգելքի պատճառը չի բացատրվում, սակայն հավանական է, որ դաջվածք անելը հեթանոսական գործողություն էր, որը կապ ուներ կռապաշտական երկրպագության և սնահավատությունների հետ։ Հավանաբար, սուտ աստվածների անունները կամ որևէ խորհրդանիշ մարմնի վրա դաջելը սուտ աստվածներին մեծարելու տարածված կերպ էր հեթանոսական միջավայրում։ Աստված Իր զավակներից նրանցից տարբերվելու պահանջ էր դրել։ Նա այս խոսքի մեջ հիշեցնում է․ «Ես եմ Տերը»։ Իսրայելացիներն Աստծուն էին պատկանում։ Նրանք Տիրոջ ժողովուրդն էին և չպետք է նման դաջվածքների կրեին իրենց մարմնինների վրա։ Թեև Նոր Ուխտի հավատացյալները Մովսեսի օրենքի տակ չեն, մենք այս պատվերից կարող ենք հետևյալ սկզբունքը սովորել․ եթե քրիստոնյան որոշում է դաջվածք անել, այն երբեք չպետք է լինի սնահավատությունից դրդված կամ աշխարհի մոտեցումներն ընդունելու հիքի վրա։ Ամփոփենք՝ ասելով, որ դաջվածք անելն, ինքնին, մեղք չէ։ Սակայն նման որոշում կայացնելը պետք է քրիստոնեական ազատության դրսևորում լինի, որն առաջնորդվում է աստվածաշնչյան սկզբուքներով և արմատացած է սիրո մեջ։
English
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը դաջվածքների մասին: