Հարց
Ինչպե՞ս կարող եմ հաղթել մեղքին իմ քրիստոնեական կյանքում:
Պատասխան
Աստվածաշունչը մի քանի միջոցներ է առաջարկում որպես օգնություն մեղքի դեմ պայքարում հաղթելու համար։ Մեր կյանքի ընթացքում մենք երբեք մեղքի հանդեպ կատարյալ հաղթանակի վիճակին չենք կարող հասնել (Ա Հովհաննես 1․8), սակայն դա պետք է շարունակի մնալ մեր նպատակը։ Աստծո օգնությամբ և Նրա Խոսքի սկզբունքներին հետևելու արդյունքում մենք ավելի ու ավելի շատ հաղթանակներ կարող ենք տանել մեղքի հանդեպ և, գնալով, ավելի նմանվել Քրիստոսին։
Աստվածաշնչի նշած առաջին օգնությունը մեղքին հաղթելու մեր ջանքերի հարցում Սուրբ Հոգին է։ Աստված մեզ Իր Սուրբ Հոգին է տվել, որպեսզի մենք կարողանանք ապրել քրիստոնեական հաղթական կյանքով։ Գաղատացիս 5․16-25 հատվածում Աստված հակադրում է մարմնի գործերն ու Հոգու պտուղը։ Այս հատվածում մեզ պատվիրվում է Հոգով ընթանալ։ Բոլոր հավատացյալներն արդեն իսկ ընդունել են Սուրբ Հոգուն, սակայն այս խոսքն ուսուցանում է Հոգու մեջ քայլելու մասին, ինչը ենթադրում է մեր կյանքի հանդեպ վերահսկողությունը Նրան հանձնելը։ Սա նշանակում է մեր կյանքերում հարատևորեն հետևելը ոչ թե մարմնի ազդակներին, այլ Սուրբ Հոգու մղմանը հետևելու որոշում կայացնելը։
Այն փոփոխությունը, որը Սուրբ Հոգին կարող է բերել մեր կյանքերի մեջ, երևում է Պետրոսի կյանքում ով Սուրբ Հոգով լցվելուց առաջ երեք անգամ ուրացավ Քրիստոսին, իսկ լցվելուց հետո ասաց, որ պատրաստ է մինչ ի մահ Քրիստոսին հետևել։ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգով լցվելուց հետո Նա բացահայտ ու համարձակ կերպով քարոզում էր հրեաներին։
Մենք քայլում ենք Հոգու մեջ, երբ ձգտում ենք չմարել Հոգու մղումները (ինչպես ասված է Ա Թեսաղոնիկեցիս 5․19 խոսքում) և փոխարենը փափագում ենք Հոգով լցվելուն (Եփեսացիս 5․18-21)։ Ինչպե՞ս է մարդը լցվում Սուրբ Հոգով։ Նախ, դա Աստծո ընտրության հարցն է, ինչպես որ նկարագրվում է նաև Հին Կտակարանում։ Նա ընտրում է անհատների, որոնց նպատակը Աստծո ծրագրած գործն իրագործելն է, և լցնում է նրանց Իր Հոգով (Ծննդոց 41․38, Ելից 31․3, Թվոց 24․2, Ա Թագավորաց 10․10)։ Եփեսացիս 5․18-21 և Կողոսացիս 3․16 հատվածներից պարզ է դառնում, որ Աստված Իր Հոգով լցնելու համար ընտրում է այն մարդկանց, ովքեր իրենք իրենց լցնում են Աստծո Խոսքով։ Սա մեզ առաջնորդում է դեպի երկրորդ օգնությունը։
Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, մեզ սովորեցնում է, որ Աստված Իր Խոսքը տվել է, որպեսզի մեզ զորացնի ամեն բարի գործ կատարելու համար (Բ Տիմոթեոս 3․16-17)։ Այն ուսուցանում է մեզ, թե ինչպես ապրել և ինչին հավատալ, մեզ օգնում է հասկանալ ու տեսնել սխալ ճանապարհի մեր ընտրությունը, օգնում է վերադառնալ ճիշտ ուղու վրա և մնալ դրանում։ Եբրայեցիս 4․12 խոսքն ասում է, որ Աստծո Խոսքը կենդանի է և զորավոր՝ ունակ ներթափանցելու մեր սրտերի մեջ ու այնտեղից արմատախիլ անելու մեր սրտի ու վարքագծի ամենախորը մեղքերը։ Սաղմոս 119-ում սաղմոսերգուն մանրամասնորեն նկարագրում է կյանքեր փոխող այդ զորության ներգործությունը։ Հեսուն խոսել է թշնամիներին հաղթելու հաջողության գաղտինքի մասին, որը Աստծո Խոսքը չմոռանալու և գիշեր ու ցերեկ դրա շուրջ խորհելու, ինպես դրան հնազանդվելու մեջ էր։ Նա հնազանդվում էր Աստծուն անգամ այն ժամանակ, երբ Աստծո հրահանգները բացարձակապես իմաստալի չէին ռազմական տեսնակյունից, և դա Ավետյաց երկրի համար մղվող ճակատամարտերում հաղթելու նրա գաղտնիքն էր։
Աստվածաշունչը մի օգնություն է, որը մենք հաճախ ըստ արժանվույն չենք գնահատում։ Մենք այն մեզ հետ եկեղեցի ենք տանում կամ կարդում ենք մեր ամենօրյա ընթերցանությունը, սակայն չենք ձգտում մտապահել այն, խորհել դրա խոսքերի շուրջ կամ կիրառել մեր կյանքերում։ Մենք չենք խոստովանում այն մեղքերը, որոնք Աստվածաշունչն է բացահայտում, կամ չենք մեծարում Աստծուն այն պարգևների համար, որոնք Աստվածաշունչն է բացահայտում մեր մեջ։ Երբ խոսքը վերաբերում է Աստվածաշնչին, մենք կա՛մ անորեքսիայի, կա՛մ բուլիմիայի ախտանիշեր ենք դրսևորում։ Կա՛մ Աստծո Խոսքից ուտելով՝ հոգևոր սնունդ ընդունում ենք միայն այնքան, որ գոնե կենդանի մնանք (սակայն երբեք չեն ընդունում այն քանակությամբ, որ լինենք առողջ ու ծաղկուն քրիստոնյաներ), կա՛մ շատ հաճախ ենք այն կարդում, սակայն երբեք բավականաչափ չեն խորհում մեր ընթերցածի շուրջ, որպեսզի այն հոգևոր սնունդ դառնա մեզ համար։
Եթե մինչ օրս Դուք սովորություն չեք զարգացրել Աստվածաշնչի ամենօրյա ուսումնասիրության և մտապահման հարցում, ապա խորհուրդ ենք տալիս սկսել դա։ Ոմանց համար օգտակար կլինի օրագրի մեջ գրառումներ անելը։ Սովորություն դարձրեք Ձեր ձեռքից ցած չդնել Աստվածաշունչը, քանի դեռ գրի չեք առել մի միտք, որը վերցրել եք այդ օրվա ընթերցանությունից։ Ոմանք գրի են առնում Աստծուն ուղղված իրենց աղոթքները՝ խնդրելով Տիրոջը, որպեսզի Նա օգնի իրենց փոխվելու կյանքի այն ոլորտներում, որոնց մասին Աստված խոսել է իրենց սրտին։ Աստվածաշունչը մի գործիք է, որը Սուրբ Հոգին օգտագործում է մեր կյանքերում (Եփեսացիս 6․17)։ Այն Աստծո սպառազինության կարևոր և հիմնական բաղադրիչներից է, որն Աստված տվել է մեզ հոգևոր պատերազմ մղելու համար (Եփեսացիս 6․12-18)։
Երրորդ կարևոր օգնությունը մեղքի դեմ մեր պատերազմի մեջ աղոթքն է։ Կրկին, սա մի միջոց է, որի մասին քրիստոնյաները շատ են խոսում, սակայն քիչ կիրառում։ Մենք ունենում ենք աղոթքաժողովներ, աղոթքի համար առանձնացված ժամանակ և այլն, սակայն չենք կիրառում աղոթքն այնպես, ինչպես դա անում էր վաղ շրջանի եկեղեցին (Գործք 3․1, 4․31, 6․4, 13․1-3)։ Պողոս առաքյալը պարբերաբար նշում է, թե ինչպես էր աղոթում այն մարդկանց համար, որոնց ծառայում էր։ Աստված հիասքանչ խոստումներ է տվել աղոթքի առումով (Մատթեոս 7․7-11, Ղուկաս 18․1-8, Հովհաննես 6․23-27, Ա Հովհաննես 5․14-15), և Պողոս առաքյալը աղոթքը ներառում է հոգևոր պատերազմի մասին իր ուղերձի մեջ (Եփեսացիս 6․18)։
Որքանո՞վ է կարևոր աղոթքը մեր կյանքում մեղքի հանդեպ հաղթանակ տանելու հարցում։ Եկե՛ք անդրադառնանք Գեթսեմանի պարտեզում Պետրոսին ուղղված Քրիստոսի խոսքերին, երբ Պետրոսը դեռ չէր ուրացել Նրան։ Երբ Հիսուս աղոթում էր, Պետրոսը քնած էր։ Տերը արթնացնում է նրան ու ասում․ «Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մատթեոս 26․41)։ Պետրոսի նմանությամբ մենք նույնպես ուզում ենք անել այն, ինչը ճիշտ է, սակայն չենք գտնում անհրաժետ ուժն ու զորությունը։ Մենք հնազանդության կարիք ունենք փնտրելու, թակելու և խնդրելու Աստծո հորդորներին, և Նա կտա այն ողջ զորությունը, որն անհրաժեշտ է մեզ (Մատթեոս 7․7)։ Աղոթքը կախարդական բանաձև չէ։ Այն մեր սեփական սահամանափակումներն ու Աստծո անսահման զորությունը գիտակցելն է և օգնության խնդրանքով Նրան դիմելը, որպեսզի Տերը զորացնի մեզ անելու այն ամենն, ինչ Նա է կամենում, որ անենք (Ա Հովհաննես 5․14-15)։
Մեղքի դեմ պատերզմում Աստծո տրամադրած օգնության չորրորդ դրսևորումը եկեղեցին է՝ մյուս հավատացյալների հետ հաղորդակցությունը։ Երբ Հիսուս ուղարկում էր Իր աշակերտներին, Նա նրանց երկու-երկու ուղարկեց (Մատթեոս 10․1)։ Գործք Առաքելոց գրքում միսիոներները միայնակ չէին ճամփորդում, այլ երկուական կամ ավելի անդամ ունեցող խմբերով։ Հիսուս մեզ հրահանգում է չթողնել միասին ժողովվելը, այլ այդ ժամանակն օգտագործել միմյանց սիրո և բարի գործերի մեջ քաջալերելու համար (Եբրայեցիս 10․24)։ Նա մեզ հորդորում է, որպեսզի մեկս մյուսին խոստովանենք մեր հանցանքները (Հակոբոս 5․16)։ Հին Կտակարանի իմաստության գրականության մեջ կարդում ենք, որ ինչպես երկաթն է երկաթով սրվում, այնպես մարդը մարդու երեսն է փայլեցնում (Առակաց 27․17)։ Միաբանության մեջ զորություն կա (Ժողովող 4․11-12)։
Բազմաթիվ քրիստոնյաներ վկայում են, որ համառ մեղքերի դեմ պայքարում մեծագույն օգնություն է ունենալ այնպիսի մեկին, ում կարող եք հաշվետու լինել։ Մեծագույն օրհնություն կարող է լինել այնպիսի մեկին Ձեր կողքին ունենալն, ով կխոսի Ձեզ հետ, կաղոթքի Ձեզ հետ միասին, կքաջալերի և անգամ կհանդիմանի Ձեզ։ Գայթակղությունը բոլորին է այցելում (Ա Կորնթացիս 10․13)։ Նման մարդու կամ, գուցե, մի քանի հոգու առկայությունը, որոնց ինքներդ Ձեզ հաշվետու կդարձնեք, կարող է քաջալերանքի ու մոտիվացիայի անհրաժեշտ չափաբաժինն ապահովել անգամ ամենահամառ մեղքերին հաղթելու համար անհրաժեշտ զորության հարցում։
Երբեմն մեղքի դեմ հաղթանակն արագ է տեղի ունենում։ Իսկ երբեմն էլ դրա համար երկար ժամանակ է պահանջվում։ Աստված խոստացել է, որ եթե մենք օգտվենք Նրա ընձեռած օգնություններից, ապա Նա ավելի ու ավելի մեծ փոփոխություններ կիրագործի մեր կյանքում։ Մենք կարող ենք հարատևել մեղքի դեմ մեր պայքարների մեջ, քանի որ գիտենք, որ Աստված հավատարիմ է և պահում է Իր խոստումները։
English
Ինչպե՞ս կարող եմ հաղթել մեղքին իմ քրիստոնեական կյանքում: