settings icon
share icon
Հարց

Արդյոք Աստված այսօ՞ր էլ տեսիլքներ է տալիս իր ժողովրդին։

Պատասխան


Կարո՞ղ է Աստված այսօր էլ մարդկանց տեսիլքներ տալ։ Այո՛։ Արդյոք Աստված մարդկանց մեր օրերում տալի՞ս է տեսիլքներ։ Հնարավոր է։ Պե՞տք է արդյոք մենք ակնկալենք, որ տեսիլքները մեր փորձառության մեջ պետք է ունենան պարբերաբար դրսևրումներ։ Ո՛չ։ Ինչպես Աստվածաշնունչն է ասում, Աստված շատ անգամ բազմաթիվ տեսիլքներով է մարդկանց հետ խոսել։ Նման փորձառության օրինակներ են Հակոբի որդի Հովսեփը, Մարիամի ամուսին Հովսեփը, Սողոմոնը, Եսայիան, Եզեկիելը, Դանիելը, Պետրոսն ու Պողոսը։ Հովել մարգարեն կանխասել էր տեսիլքների առատություն, որը հաստատվեց Պետրոս առաքյալի կողմից Գործք 2-րդ գլխում։ Կարևոր է նշել, որ տեսիլքի և երազի միջև տարբերությունը նրանում է, որ տեսիլքը տրվում է, երբ մարդն արթուն է, իսկ երազը՝ երբ քնած է։

Աստվածաշնչի շատ հատվածներում Աստված խոսում է տեսիլքների և երազների միջոցով։ Այնպիսի վայրերում, որտեղ Աստվածաշունչն ու Ավետարանի ուղերձը հասանելի չեն կամ հասանելի են դժվարությամբ, Աստված մարդկանց Իր ուղերձը փոխանցում է ուղղակիորեն տեսիլքների և երազների միջոցով։ Սա բացարձակապես համահունչ է Աստվածաշնչի այն մոտեցմանը, որ տեսիլքներն ու երազներն Աստծո կողմից հաճախ էին կիրառվում քրիստոնեության վաղ ժամանակաշրջանում Իր ճշմարտությունները մարդկանց փոխանցելու համար։ Եթե Աստված կամենում է Իր ուղերձը մարդուն փոխանցել, ապա կարող է ցանկացած միջոց կիրառել և դա անել միսիոներների ու հրեշտակների, կամ էլ երազի ու տեսիլքի միջոցով։ Իհարկե, Աստված կարող է նաև տեսիլքներ տալ այն վայրերում, որտեղ Ավետարանն ու Աստվածաշունչը հասանելի են շատերին։ Աստծուն ոչ ոք չի կարող սահամանափակել։

Միևնույն ժամանակ, մենք պետք է զգուշավորություն ցուցաբերենք տեսիլքների և տեսիլքները մեկնաբանելու հարցում։ Պետք է հիշենք, որ Աստվածաշունչն ավարտուն ամբողջություն է և մեզ փոխանցում է այն ամենն, ինչը կարիք ունենք իմանալու։ Կարևոր է հիշել, որ Աստծուց տրված տեսիլքը երբեք չի կարող հակասել Նրա Խոսքի մեջ հայտնված ճշմարտությանը։ Տեսիլքները երբեք իրենց հեղինակությամբ չպետք է համահավասար կամ ավելին լինեն Աստծո Խոսքից։ Քրիստոնեական հավատի ու փորձառության գերագույն հեղինակությունը Աստվածաշունչն է։ Եթե տեսիլք եք ստացել և զգացողություն ունեք, որ այն կարող է Աստծուց լինել, ապա նախ պետք է համոզվեք, որ Ձեր տեսիլքը չի հակասում Աստվածաշնչին։ Աղոթքով խնդրեք Աստծուն, որպեսզի հայտնի Ձեզ, թե Նա ինչպիսի՞ արձագանք է Ձեզնից ակնկալում այդ տեսիլքին (Հակոբոս 1․5)։ Աստված մարդուն չի տա տեսիլք, իսկ հետո նրանից գաղտնի պահի դրա իմաստը։ Աստվածաշնչում նկարագրվում է այն փաստը, որ երբ մարդն Աստծուց խնդրել է հայտնել իրեն տրված տեսիլքի իմաստը, Աստված հոգացել է, որպեսզի վերջինս հստակ հասկանա այն (Դանիել 8․15-17)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք Աստված այսօ՞ր էլ տեսիլքներ է տալիս իր ժողովրդին։ Պե՞տք է արդյոք հավատացյալներն ակնկալեն, որ տեսիլքները պետք է իրենց քրիստոնեական փորձառության մաս կազմեն»։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries